Վեոլիա ջուրն աշխատում է. տոնը տոն դարձավ

Մինչ ժողովուրդը Վայք քաղաքում զբաղված էր Սուրբ Ծննդյան տոնի պատրաստություններով՝ Վեոլիա Ջրի «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Վայք» տեղամասի աշխատակիցները լուծում էին Ջերմուկի խճուղու մի շարք շենքերի ջրի խնդիրը:

Այն ծագել էր թիվ 51 շենքում, ավելի ճիշտ՝ մուտքագծում, վթարի արդյունքում: Սակայն լուծումը պահանջեց զգալի ջանքեր: Նախ շահագործումից հանվեց տվյալ բնակելին սնուցող 100 մետրանոց վթարային խողովակաշարը, որը սկիզբ էր առնում նույն խճուղու թիվ 34 շենքի հարակից տարածքով անցնող ջրագծից: Իսկ թիվ 51-ի նոր միացումն ապահովվեց դրա հարեւանությամբ անցնող մեկ այլ, ավելի խոշոր տրամագծով խողովակից. այն հատվածում, որտեղից սնվում էր նաև թիվ 23 շենքը: Դրա համար լրացուցիչ տրվեց 5 մետրանոց պոլիէթիլենե միացում, կառուցվեց դիտահոր՝ երկու փականներով, համապատասխանաբար թիվ 51 ու 23 շենքերի համար:

Այնուհետեւ մասնագետներն անցան տարածքի հաջորդ բնակելիներին: Նոր խողովակներ, նոր դիտահոր, նոր փականներ, նորից մուտքագծեր ու միացումներ… Ընդհանուր առմամբ, «Վայքի» ուժերով վերջին օրերին շահագործումից այստեղ հանվեց 226 գծամետր քայքայված մետաղական խողովակ, որը բերեց վայրկյանում մոտ 7 լիտր ջրի տնտեսման, փոխարինվեցին թիվ 23, 51 եւ 53 շենքերի մուտքագծերն ու հագեցվեցին փականային համակարգով:

Մի խոսքով, ամեն ինչ արվեց տեղը տեղին ու ճիշտ ժամանակին: Կենարար հեղուկն անարգել հոսեց դեպի ծորակներ՝ որպես ջրմուղագործների նվերը բնակիչներին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն