Ես այլ տիպի հարաբերությունները չեմ բերում անձնական դաշտ. Հերմինե Նաղդալյանը` ԵԽԽՎ-ն լքելու և Արփինե Հովհաննիսյանի հետ հակասությունների մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը ի սկզբանե տեղյակ է եղել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմում ժամանակավոր է գտնվելու: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հերմինե Նաղդալյանն ընդգծեց, որ ի սկզբանե իմացել է, որ ԵԽԽՎ-ում ժամանակավոր է լինելու, ինչին զուգահեռ նշանակվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար: «Այս խորհրդարանի մեկնարկի ժամանակ մեր պայմանավորվածությունը խորհրդարանի ղեկավարության և ՀՀ Նախագահի հետ եղել է այսպես՝ քանի որ նոր պատվիրակություն է ձևավորվել ու դրանում կան նոր մարդիկ, անհրաժեշտ է, որ փորձառուները մի փոքր ավելի երկար աշխատեն: Սա նախատեսված է նաև ԵԽԽՎ կանոնակարգով:

Յուրաքանչյուր երկիր, որտեղ նոր խորհրդարան է ձևավորվում, հին պատվիրակությունը կամ դրա որոշ անդամներ 6 ամսով հնարավորություն և իրավունք ունեն շարունակել իրենց աշխատանքը», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նաղդալյանը:

Անդրադառալով իր և ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի միջև եղած տարաձայնությունների մասին մամուլում շրջանառվող լուրերին՝ Նաղդալյանն ընդգծեց, որ ինքը գալիս է խորհրդարան աշխատանքի և անձնական հարաբերություններն աշխատավայր չի տեղափոխում: «Որևէ մեկի հետ հակասություն չունեմ: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր այլ տիպի հարաբերությունները բերում են անձնական դաշտ կամ նախասիրություններով առաջնորդվում: Ես այստեղ գալիս եմ աշխատանքի և աշխատում եմ: Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրին պիտի գնահատել աշխատանքի որակով», – եզրափակեց Հերմինե Նաղդալյանը:

Ազգային ժողովի խորհրդի՝ հունվարի 12-ին կայացած նիստում որոշում է կայացվել, որ Հերմինե Նաղդալյանին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմում կփոխարինի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: