Սերժ Սարգսյանի մոտ խոսել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման մարտահրավերների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով հիմնված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը հանդիպման սկզբում անցած ութ տարիների իրականացված աշխատանքի համար նախ շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին եւ բոլոր այն անձանց, ովքեր շահագրգռված են ոլորտի զարգացմամբ, ապա հետաքրքրվել, թե մրցանակի շնորհման անցած այդ տարիների արդյունքներից ելնելով՝ որքանով է այն ծառայել նպատակին, արդյոք մրցանակաբաշխությունն ավելի հանրայնացնելու խնդիր կա, ինչ են մտածում կազմակերպիչները ապագայում մրցանակն ավելի արդյունավետ եւ օգտակար դարձնելու, երկրի ճանաչելիությունը նաեւ այդ միջոցով բարձրացնելու, ՏՏ ոլորտի նկատմամբ հատկապես երիտասարդության շրջանում հետաքրքրությունը շարունակաբար մեծացնելու եւ տնտեսության շարժիչ ուժերից մեկը համարվող՝ գերակա ուղղություն հայտարարված ՏՏ ոլորտի զարգացմանն ավելի մեծ տեմպ հաղորդելու ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ հասել են մրցանակաբաշխության հիմքում դրված հիմնական նպատակներին. անցած ութ տարիներին Հայաստան են այցելել ՏՏ ոլորտի զարգացման գործում աշխարհում բացառիկ ներդրում ունեցած եւ մեծ հեղինակություն վայելող ութ մրցանակակիրներ, ովքեր ընտրվել են մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի կողմից: Հայաստանում ոլորտի մասնագետների եւ երիտասարդների հետ նրանց հանդիպումները մեծ ոգեւորություն են առաջացրել: Կազմակերպիչների հավաստմամբ, նպատակներից մեկը մրցանակաբաշխության միջոցով Հայաստանի ճանաչելիությունը աշխարհում՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն, մեծացնելն էր: Այդ ուղղությամբ, ըստ հանդիպման մասնակիցների, ջանքերն ավելի արդյունավետ դարձնելու խնդիր կա, որի նպատակով այժմ աշխատանքներ են իրականացվում:

Մրցանակաբաշխության կազմակերպիչները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան այցելած մրցանակակիրները երկրից հեռացել են մեծ տպավորություններով, նրանցից ոմանք՝ կրկին վերադառնալու ցանկությամբ, իսկ երեքը շարունակել են համագործակցությունը եւ գործնական քայլերով ամրապնդել Հայաստանի հետ կապը: Մասնավորապես, «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան մեծ գումար է նվիրաբերել Հայաստանի ամերիկյան համալսարանին, «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին համագործակցության հուշագիր է ստորագրել Հայ-ռուսական համալսարանի հետ՝ մագիստրատուրայի նոր ծրագիր բացելու եւ լաբորատորիայի հետ համալսարանի համագործակցությունը զարգացնելու նպատակով, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն այցի տպավորությունների ներքո գիրք է հրատարակել՝ «Հայաստանը՝ որպես նորարարական երկիր» վերնագրով:

Հանդիպմանը մասնակիցները խոսել են նաեւ ՏՏ ոլորտի զարգացման վերջին տարիների հիմնական միտումների, մարտահրավերների եւ ոլորտի ներուժի մասին, առաջարկություններ ներկայացրել հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ:




Լրահոս