2018թ.-ը բեկումնային տարի կլինի Արցախի տնտեսության համար. Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունվարի 17-ին հրավիրել է մամուլի ասուլիս՝ ամփոփելու 2017թ. գործունեության արդյունքները և ներկայացնելու ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը։

Ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային նախագիծ կմեկնարկի Մարտակերտում

Շնորհավորելով լրագրողներին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ՝ պետական նախարարը հակիրճ ամփոփել է անցած տարվա տնտեսական արդյունքները և համոզմունք հայտնել, որ 2018 թվականը լինելու է բեկումնային տնտեսական զարգացման առումով, քանի որ զգալի աճ է կանխատեսվում բոլոր հիմնական ոլորտներում։

«Մասնավորապես, հանքարդյունաբերությունում աճն արձանագրվելու է «Բեյզ մեթըլս» ընկերության արտադրողականության և արտադրանքի զգալի ծավալների ավելացման հաշվին։ Բացի դրանից, ծրագրեր կան նաև ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ՝ խոշոր նախագիծ է գործում շինարարական քարի արտադրության և արտահանման ուղղությամբ։ Իսկ ահա Սարսանգ-Մատաղիս հատվածում այս տարի մեկնարկելու է մի նախագիծ, որի շրջանակներում ավելի քան 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու տեղական և օտարերկրյա ընկերությունների կողմից։ Արդյունքում, կառուցվելու են ջրամբարներ, որոնք կշահագործվեն էլեկտրաէներգիայի արտադրության, ձկնաբուծության և զբոսաշրջության նպատակներով։ Հիդրոէներգետիկայի ոլորտում մի շարք այլ նախագծեր էլ են իրագործվելու տարբեր շրջաններում։ Գյուղատնտեսության բնագավառում ևս կարևոր ծրագրեր ենք նախատեսում, որոնք ընդգրկելու են ոռոգման համակարգերը, այգեգործությունը, հացահատիկի մշակումը, անասնապահությունը և մնացած հիմնական ճյուղերը։ Ըստ մեր ծրագրի՝ գյուղատնտեսության ինտենսիվ զարգացմանը զուգահեռ՝ տարիների ընթացքում պետք է իրացնենք նաև բոլոր չմշակվող հողատարածքները»,- նշել է պետնախարարը։

Առաջին արևային էլեկտրակայանը կկառուցվի օտարերկրյա ներդրումներով

Խոսելով Արցախում վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգետիկայի զարգացման մասին՝ Ա․ Հարությունյանը հիշատակել է Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում բնակելի տները ջրատաքացման նպատակով արևային մարտկոցներով կահավորելու փորձնական ծրագիրը։

«Բացի Շուշիի շրջանից, համանման ծրագիր է կյանքի կոչվելու նաև Ասկերանի շրջանում, որտեղ հանրային նշանակության շինություններն անցնելու են վերականգնվող էներգիայի սպառման։ Ինչպես գիտեք, այս ծրագրերն իրականացվելու են նախորդ տարվա հեռուստամարաթոնի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցներով»,- նշել է Հարությունյանը։

Պետական նախարարի տեղեկացմամբ՝ նախատեսված է նաև Ասկերանի շրջանի Իվանյան բնակավայրում 1 մՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցում, որը կյանքի է կոչվելու օտարերկրյա ներդրումային միջոցներով։ Ա. Հարությունյանը հավելել է, որ կառավարությունը տրամադիր է, հանրապետությունում կայացած և բարձր արդյունավետություն ունեցող ջրային էներգետիկային զուգահեռ, խթանելու նաև արևային էներգետիկայի հեռանկարային ուղղության աստիճանական զարգացումը։

Էական գնաճ չի արձանագրվել՝ բացի նավթամթերքի շուկայից

Անդրադառնալով վերջին շրջանում գրանցված գնաճը մեղմելու վերաբերյալ հարցին՝ Ա. Հարությունյանը պատասխանել է, որ համաձայն ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից 71 անուն առաջնահերթ սպառման ապրանքատեսակների շուկայում կատարված ուսումնասիրության՝ գնաճ հիմնականում չի արձանագրվել կամ որոշ ապրանքատեսակների մասով այն գրանցվել է մինչև 2 տոկոսի շրջանակում։ Պետական նախարարի խոսքով՝ գնաճը կարող է նաև դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա, քանի որ դա կարող է խթանել տեղական տնտեսվարողների կողմից գյուղատնտեսական ապրանքատեսակների արտադրության ծավալների մեծացումը։

«Հիմնական թանկացումն արցախյան շուկայում արձանագրվել է նավթամթերքի մասով, սակայն կարևոր է նշել, որ Արցախի կառավարությունը սեղմված բնական գազի ակցիզային հարկի մեծության ավելացում չի կատարել, ինչի արդյունքում Արցախում գործող ավտոգազալցակայանների սակագների բարձրացում չի եղել։ Դրա շնորհիվ՝ թանկացում չի արձանագրվել նաև տրանսպորտային ծառայությունների սակագներում»,- ասել է Ա. Հարությունյանը։

Պետնախարարի խոսքով՝ բացի նշվածից, Արցախի իշխանությունները տարիներ ի վեր գնաճի հնարավոր բացասական ազդեցության դեմ պայքարելու տարբեր գործիքներ են կիրառում, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորման, հարկային մեղմ քաղաքականության և սոցիալական այլ ծրագրերի իրականացման միջոցով։

Տնտեսական աճի բարձր ցուցանիշներով պայմանավորված՝ աշխատավարձերի և թոշակների հնարավոր բարձրացման հարցի վերաբերյալ պետնախարարը նշել է, որ խնդիրը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների օրակարգում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախը ՀՀ-ի հետ գտնվում է նույն հարկաբյուջետային դաշտում՝ հնարավոր չէ առանձին վերանայումներ կատարել։

«Եթե Հայաստանի Հանրապետությունում թոշակների և աշխատավարձերի բարձրացումներ չեն կատարվում, մենք չենք կարող միայն Արցախում նման քայլի գնալ։ Սակայն տնտեսական աճի բարձր տեմպերը մեզ հնարավորություն են տալիս պետական բյուջեով իրականացնել սոցիալական լրացուցիչ ծրագրեր, որոնք նպատակ ունեն մեղմելու մեր քաղաքացիների սոցիալական բեռը»,- ընդգծել է պետնախարարը։

Վերաբնակեցմանն ուղղվող պետական միջոցներն ավելացել են

Պատասխանելով վերաբնակեցման և վերաբնակեցված բնակավայրերի զարգացման մասին լրագրողների հարցերին՝ Արայիկ Հարությունյանը տեղեկություններ է ներկայացրել վերջին տարիներին Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում շարունակվող շինարարական աշխատանքների վերաբերյալ՝ հաղորդելով, որ այս տարի ավարտին կհասնի 50 նոր բնակելի տների կառուցումը։ Պետական նախարարն ընդգծել է նաև, որ շարունակվում են աշխատանքները Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի զարգացման ուղղությամբ՝ որպես տեղական նշանակության կենտրոն և աշխատաշուկա։

«Սահմանադրական փոփոխություններից հետո՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունն այս տարվա ընթացքում տնօրինելու է ավելի մեծ բյուջետային միջոցներ, որոնք, նախագահի հանձնարարությամբ, ուղղվելու են նաև վերաբնակեցված համայնքների զարգացմանը,- նշել է պետական նախարարը։- Իշխանաձորից զատ՝ շինարարական աշխատանքներ ենք իրականացնելու նաև Քաշաթաղի շրջանի Կովսական և Միջնավան քաղաքներում, զարգացման ծրագրեր ունենք Հադրութի շրջանի Արաքսավան և Առաջամուղ արաքսամերձ գյուղերում։ Առաջիկայում նախատեսվում է Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակարանային ֆոնդի մեծացում, ինչպես նաև՝ շրջանում նոր տնտեսական նախագծերի իրականացում մասնավոր ներդրումներով»։

Արցախյան շարժումը կյանքի է կոչել բոլորիս երազանքը՝ վերամիավորվելու Մայր Հայաստանի հետ

Անդրադառնալով Արցախյան շարժման 30-ամյա տարեդարձին՝ պետական նախարար Ա. Հարությունյանը ներկայացրել է իր անձնական հիշողություններն ու փորձառությունը՝ սկսած շարժման հանրահավաքային առօրյայից մինչև Արցախյան ազատագրական պատերազմ։

«Դժվար չէ ասել, թե ինչ տվեց ինձ Արցախյան շարժումը։ Դրա վերջնարդյունքում կյանքի կոչվեց իմ և, կարծում եմ, բոլոր արցախցիների երազանքը՝ վերամիավորվելու Մայր Հայաստանի հետ»,- ասել է Ա․ Հարությունյանը։




Լրահոս