«Տաշի-տուշի, ուռա, ծափահարություններ… իմաստը ո՞րն է»

Նախկին քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը մարտի 1-ին բոլորին Ազատության հրապարակ գալու կոչ է անում: Ինչ եւ ում սպասել մարտի 1-ին Մուշեղ Սաղաթելյանի կողքին: Այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ստանալ հենց նախկին քաղբանտարկյալից:

-Պարո՛ն Սաղաթելյան, Դուք մարտի 1-ին բոլորին Ազատության հրապարակ գալու կոչ եք արել, ի՞նչ եք նախատեսել:

-Առայժմ բավարարվեք իմ տված հայտարարությամբ: Կա ծրագիր, մնացած դետալները կարեւոր չեն: Ես չեմ ասում ո՛չ զենք, ո՛չ դագանակ, ո՛չ կռիվ, ո՛չ էլ մարդ սպանել: Եկեք, գարնան առաջին օրն Ազատության հրապարակում կանգնեք, առանձին մարդիկ կլինեն, որ կզրուցեն, հասկանան՝ իշխանություններին ինչ առաջարկել, ինչ ասել:

-Դուք, այսպես ասած, թասիբի գցող հայտարարությամբ հանդես եկաք՝ եթե համարում եք Ձեզ լավ, դուխով, առնական տղամարդ, եկե՛ք Ազատության հրապարակ: Ի՞նչ է նշանակում Ձեր կոչը:

-Ով իրեն հայ է համարում, ՀՀ քաղաքացի, ով սիրում է իր երկիրը, ես այդ մարդկանց կոչ եմ արել, որ ես այսկերպ եմ մտածում, որ կարելի է փրկել կամ լավացնել վիճակը: Ես ռեալ ասում եմ՝ հայ մարդիկ, ովքեր գիտակից մարդիկ են, զգում են, որ այս երկիրը երկիր չէ, վատ են ապրում, ես կոչ եմ անում հավաքվել Ազատության հրապարակում, բայց ոչ թե կռիվ գնալու համար, այլ ամեն մեկդ Ձեր ցանկությունը հայտնեք՝ անկախ կուսակցական, քաղաքական եւ հասարակական շահերի:

-Այսինքն՝ Դուք ավելի շատ կոչ եք անում ժողովրդին, այլ ոչ թե քաղաքական ուժերի՞ն:

-Ես կոչ եմ անում ամբողջ հայ ժողովրդին: Հայաստանում պետականությունը խալխլվում է, հայերը փախնում են, հազար տեսակի խնդիրներ կան, ուզո՞ւմ եք դա շտկվի, ես առաջարկում եմ բանաձեւ՝ եկեք Օպերայի բակ, շատ ժամանակ կա` լսելու, գիտակցելու համար, բռունցքդ բարձրացրու վերեւ, ասա՝ ես այսպես եմ մտածում, տեղում մտքերը կծնվեն:

-«Ելք» դաշինքն էլ թանկացումների դեմ պայքարելու համար է ժողովրդին կոչ անում միանալ իրենց: Դուք, որպես «առնական տղամարդ», կմասնակցե՞ք երթին:

-Ես չեմ խափնվում նման բաների: Ի՞նչ է տալու: Ենթադրենք` լիքը լցվեցին, եկան ու արտահայտվեցին, որ ժողովուրդ, թանկացել է: Է, դուք Ազգային ժողովում չեք կարողանում կազմակերպել, միասին ինչ-որ հարց լուծեք, եթե եկաք, այդտեղ վիճեցիք, սրեցիք, տաշի-տուշի, ուռա, ծափահարություններ, գնացիք տուն… դրա իմաստը, արժեքը ո՞րն է: Էդքան չարչարվենք, ի՞նչ, ցույց տանք՝ Սե՛րժ, նայի՛ ինչքան մարդ կա կանգնած դիմացս, տեսեք` ինչ եմ անելու Ձեզ: Իրենք իրենց անելիքն Ազգային ժողովում չեն անում, հելել են փողոցը, որ մի հատ էլ պրավերկա անեն: Եթե գիտենամ, որ դրանից մի տոկոս փոփոխություն կլինի ի օգուտ ժողովրդի ու պետականության, կգամ: Բայց գիտեմ, որ դա ընդամենը քաղաքական խաղ է, էն էլ վատ խաղ: Այս թանկացումը չի կարող միավորող լինել, քանի որ չկա ո՛չ անձ, ո՛չ վստահելի քաղաքական-հասարակական միավոր:

-Ամեն տարի մարտի 1-ին ՀԱԿ-ն է ակցիա իրականացնում, հիմա Դուք իրե՞նց հետ եք, թե՞ առանձին: Ի՞նչ արձագանքներ կան:

-Եթե նման բան լիներ, ես իմ խոսքում կնշեի, որ այսինչ մարդկանց հետ եմ, կան մարդիկ, ում հետ անում եմ: Ես ընդամենը որպես հայ, մտահոգ մարդ, ուզում եմ օգտակար լինեմ մարդկանց, այդպիսի առաջարկ եմ անում: Տարբեր անհատներից բազմաթիվ զանգեր եղել են, որ մեկը ասում է՝ ով կգա որ, մեկն ասում է՝ ես եկա, ինչ պետք է ասեմ: Ես էլ պատասխանում եմ՝ դու Սերժից վատն ես, եթե ասում ես՝ ոչ ոք չի գա:

-Ումի՞ց եք զանգեր ստացել՝ քաղաքական անհատների՞ց:

-Ինձ համար աբսալյուտնի խնդիր չէ, որ քաղաքական ուժերը չմիանան: Ինձ հետ թող գա աշխարհի ամենավատ մարդն էլ, բռունցք բարձրացնի՝ ասի, ապրեք Դուք, ճիշտ եք անում: Ե՛վ քաղաքական անհատներից եմ զանգեր ստացել, ե՛ւ հարգված երիտասարդներից: Անուններ չեմ նշի, մի քանի օրից ավելի մանրամասներ կհայտնեմ:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը