ՖՈՏՈ. Բենզինի շուկան և անտեղյակ պաշտոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի` այսօր հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է գրեթե հավասար գներով: Պաշտոնյայի խոսքերով` Հայաստանի եւ Վրաստանի գները համադրելի չեն, քանի որ տարբեր է ձեռքբերման եւ ներկրման աշխարհագրությունը: «Հայաստանը բենզինը ձեռք է բերում հիմնականում ՌԴ-ից, Ռումինիայից եւ Բուլղարիայից, իսկ Վրաստանը` Ադրբեջանից եւ Թուրքմենստանից: Մենք բենզինի տեղափոխումը իրականացնում ենք Վրաստանի տարածքով` երկաթուղային տրանսպորտի միջոցով, ինչն էական ազդեցություն ունի գնագոյացման վրա»,- երեկ հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահը:

Սակայն գնալով Արտակ Շաբոյանի հայտարարության հետքերով` «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այսօր Վրաստանում ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 2 լարիով, որը հայկական դրամի վերածելու դեպքում կկազմի 380 դրամ: Իսկ մեզ մոտ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 440 դրամով` 60 դրամով ավելի: Թեեւ Վրաստանում բենզինի գինը նախորդ ամիսների համեմատ փոքր-ինչ բարձրացել է, բայց միեւնույն է` այդքան թանկ չէ, որքան մեր հանրապետությունում:

Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի` Վրաստանում բենզինի գնի թանկացումը պայմանավորված է լարիի արժեզրկմամբ: «Այնտեղ պետք է ավելի ցածր լինի: Վրաստանում բենզինի գինը միշտ էլ մեր ներքին շուկայի համեմետ էժան է եղել: Եթե այնտեղ բենզինի գնի բարձրացման մասով դժգոհություն լինում է, ապա մարդիկ հասկանում են, որ երկու հանգամանք կարող է դրա պատճառը լինել` միջազգային շուկայում նավթի գների բարձրացումը եւ լարիի արժեզրկումը: Եթե մեկը փորձի բարձ գնով բենզին վաճառել, մյուսները չեն թողնի, որովհետեւ այնտեղ այլընտրանքի հնարավորություն կա, իսկ մեզ մոտ դա չունենք»,- բացատրեց տնտեսագետը:

Մեր զրուցակիցը նկատեց նաեւ, որ Վրաստանում բենզինի շուկան լրիվ ազատականացված է, մոնոպոլացված չէ: «Վրաստան մտնելիս ճանապահին կնկատեք, որ 4-5 ընկերության բենզալցակայան կա, եւ ամեն մեկը իր գնով տարբեր է:

Այսինքն` այնտեղ գինը ձեւավորվում է մրցակցության արդյունքում: Իսկ մեզ մոտ այդպիսի բան չկա: Մեզ մոտ առաջին նախապայմանն է, որ մենք ունենք միակ ներկրող` «Ռոսնեֆտ», եւ երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ չկա ու չի էլ լինելու: Եւ բացի դա` մանրածախ շուկայում վերավաճառում են երկու-երեք կազմակերպություն, որոնք էլ որեւէ հնարավորություն չունեն գների մեծ տարբերություն դնելու»,- նկատեց Վահագն Խաչատրյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս