Տավուշի դպրոցներում հաստիքներ կկրճատվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում անկումային տրամադրություն է: Դա կապված է հաստիքների կրճատման հետ: Տարեմուտին` 2017թ. դեկտեմբերի 27-ին, Տավուշի մարզխորհրդի նիստում, որին մասնակցում էին մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը հայտարարեց ֆինանսների նախարարության եւ կրթության եւ գիտության նախարարության համատեղ նամակի մասին, որով դպրոցների տնօրեններին առաջարկվել է դպրոցների ոչ մանկավարժական հաստիքների թիվը համապատասխանեցնել երկու նախարարությունների կողմից ներկայացված սահմանաքանակին: Այսպես` մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցներում պետք է լինի ոչ մանկավարժական առավելագույնը 7.5, 100-300 աշակերտ ունեցող դպրոցներում` 9.5, իսկ 300-ից ավել աշակերտ ունեցող դպրոցներում` 13 հաստիք: Ոչ մանկավարժական հաստիքների մեջ մտնում են տնօրենի, փոխտնօրենի, հաշվապահի, պահակի, հավաքարարի հաստիքները:

Հաստիքների կրճատումը նշանակում է, որ կրճատվել են պետական բյուջեից հանրակրթական դպրոցներին հատկացվող ֆինանսական միջոցները: Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում դասարանների դասղեկության համար ուսուցիչները ստանում են ամսական 6 հազար դրամ: Դպրոցներ կլինե՞ն, որտեղ դասղեկության համար այլեւս ուսուցիչներին գումար չեն վճարի կամ քիչ կվճարեն: Այդ մասին հարց տվեցի մարզպետարանի վարչության պետ Կարեն Նազարյանին: Նա հայտնեց, որ դասղեկության, մեթոդական միավորումների համար վճարվող գումարները աշխատավարձ չեն, այլ հավելավճարներ, դրանք վճարվում են, եթե տվյալ դպրոցը դրա համար բավարար ֆինանսական միջոցներ ունի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս