«Առաջին դեմք»-ի քաղաքական հեքիաթային մեսիջները. ինչպե՞ս հավատալ նման իրականությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ դիտեցի ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի «Առաջին դեմք» կատակերգությունը, որի սցենարի հեղինակները «ԱրմՔոմեդի» հումորային հաղորդման հեղինակ-վարողներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանն են: Մի կողմ թողնելով ֆիլմի գեղարվեստական արժանիքները` ավելի հետաքրքիր է անդրադառնալ դրա քաղաքական մեսիջներին: Ֆիլմի մի մասը, ի դեպ, նկարահանվել է նախագահականում, քանի որ սյուժեն արժանացել է հավանության:

«Առաջին դեմք»-ում կարելի է հանդիպել եւ այնպիսի երեւույթների, որոնք անմիջական կապ ունեն եւ որ բացարձակապես ոչ մի աղերս չունեն մեր իրականության հետ: Այսպիսով` «բառադի» լրագրող, որպես բարմեն աշխատող Գրիգոր Աստվածատրյանը, որին մարմնավորում է Արամ MP3-ն, անընդմեջ դժգոհում է իրեն շրջապատող իրականությունից, սակայն ինքը գրեթե ոչինչ չի անում` այն փոխելու համար:

Փոխարենը նրա ընկերուհին` մանկաբույժ Լիլիթը, որը բնապահպան-ակտիվիստ է, իր ընկերների հետ պայքարում է Արմատաշենում գործարանի ընդլայնման դեմ: Գրիգորն էլ օգնում է ընկերուհուն ռեպորտաժ պատրաստել այդ մասին, բայց նա միաժամանակ վստահ է, որ եթե վերեւներից չուզեն, ոչինչ հնարավոր չի լինի փոխել: Եվ հանկարծ մի հրաշքով հայտնվում է առեղծվածային հերոսը` Լեւոն Հարությունյանի կերպարով: «Բաղրամյան 26» խորհրդանշական անունը կրող հրաշագործ-տաքսիստի հետ զրույցից հետո Գրիգորը զարթնում է` որպես երկրի առաջին դեմք` նախագահ: Իսկ զրույցի առանցքում հետեւյալ հիմնական հարցն է. «Գործարանի հարցը կարո՞ղ ես լուծել, եթե երկրի ղեկը քո ձեռքում լինի»: Պարզվում է` դա բավական բարդ գործ է: Բայց մինչ դրան անդրադառնալը, առանձնացնենք մի քանի դրվագ:

Ֆիլմում խոսքի ազատության մասին պատկերացումները բավական ուռճացված են, տեղ-տեղ` խեղաթյուրված: Բարձր պաշտոնյաներից մեկը` Վրեժ Արշավիրովիչը, որին մարմնավորել է Արա Դեղտրիկյանը, կողմ է գործարանի ընդլայնմանը, քանի որ ունի իր անձնական շահը: Նա հովանավորում է մի լրատվամիջոցի, որը կեղծ տեղեկություններ է տարածում գործարանի ընդլայնմանը դեմ նախագահի եւ նրա ընտրյալի մասին: Նախագահին հայտնում են, որ տարածվել է մի սուտ տեղեկություն, ըստ որի` նրա ընտրյալը փչացած լրտես է:

-Բա չենք կարող մենք էլ…

-Չէ, պարոն նախագահ, խոսքի ազատություն է:

Փաստացի զրպարտությունը, ամենաթողությունը ֆիլմում ներկայացվում է որպես խոսքի ազատություն: Այսինքն` լրագրողները դա համարում են խոսքի ազատության դրսեւորում, իսկ վերեւներում էլ այնքան հաշտ են դրա հետ… Այնինչ` օրինական մոտեցումն այն կլիներ, եթե զրպարտիչը պատասխանատվություն կրեր: Բացի այդ` եթե նույնիսկ սա համարենք խոսքի ազատության դրսեւորում, պետք է նկատել, որ մեր իրականությունում ամեն բան բոլորովին այլ է, որ մեր դեպքում անպայման կգտնվեին համապատասխան լծակներ, որոնց միջոցով կհրահրվեին «տեղեկատվական պատերազմներ»: Սա` ամենաքիչը, լավագույն դեպքում:

Իսկ այն, որ երկրի առաջին դեմքը սիրավեպ ունի, որի մասին չի թաքցնում, հակառակը` իր եւ սիրելիի համբույրի տեսարաններն ամենուր հայտնվում են ամսագրերի շապիկներին, եւս հայկական իրականության պարագայում ֆանտաստիկայի ժանրից է:

Կա մի դրվագ, որը մեր իրականության տիպիկ արտացոլումն է: Նախագահը հրահանգում է պատգամավորներին հեծանիվով գնալ գործի, եւ քաոսային իրավիճակ է ստեղծվում: Ցմփոր պատգամավորները, որոնք սովոր են իրենց նստատեղը բրաբուսներից չկտրել, ուղղակի շունչները փչում են:

Բայց սրանք ընդամենը շտրիխներ են: Ֆիլմի հիմնական մեխը կառուցված է հետեւյալ սյուժետային գծի վրա: Գրիգոր Աստվածատրյանը լրագրողական հետաքննություն է իրականացնում եւ պարզում է, որ Արմատաշենում ոչ մի փայտամշակման գործարան էլ չի հիմնվելու, փոխարենը ներդրողների թիրախում հանքերն են, որտեղ ծանր մետաղներ են մշակվելու: Այս ամենի թիկունքում կանգնած է բարձր պաշտոնյա Վրեժ Արշավիրովիչը: Հաջորդ պահին Գրիգորը վերադառնում է իր իրական կյանք, զարթնում է որպես լրագրող եւ իր պարտքն է համարում իր ունեցած տեղեկությունները հայտնել երկրի նախագահին: Եվ… հրաշք:

Նախագահը լսում է նրան, եւ հերիք չէ` նախաձեռնում է, որ արմատաշենցիները ստանան ադեկվատ բուժում, իսկ շրջանի էկոհամակարգն էլ վերականգնվի, նա նաեւ պատժում է բոլոր մեղավորներին, այդ թվում` բարձր պաշտոնյային: Իսկ հետաքննություն իրականացրած լրագրողն էլ պարգեւատրվում է նախագահի կողմից: Մի խոսքով` հայկական իրականության հետ որեւէ կապ չունեցող հրաշալի հեքիաթային լուծում: Մենք ունենք հարյուրավոր դեպքեր, երբ հետաքննող լրագրողները բացահայտել են այս կամ այն պաշտոնյայի խարդախությունները, իսկ վերջիններս ոչ միայն չեն պատժվել, այլեւ շարունակել են պաշտոնավարել: Մեր դեպքում գործարանը չի կարող չընդլայնվել, միայն որովհետեւ այնտեղ ծանր մետաղներ են մշակվում: Եվ մեր դեպքում չի կարող պաշտոնյան ինքնագլուխ խառնված լինել նման մութ գործերի մեջ, իսկ վերեւներում չիմանան այդ մասին: Իսկ քանի՞ անգամ է նախագահի կողմից հետաքննող լրագրող պարգեւատրվել, դա էլ ուրիշ թեմա է…

Հասկանալի է, որ «Առաջին դեմք»-ը ոչ թե փաստավավերագրական, այլ գեղարվեստական ֆիլմ է, եւ նաեւ պարտադիր չէ, որ այն ամբողջովին արտացոլի մեր իրականությունը, բայց այն հասարակական կարծիք ձեւավորելու ֆունկցիա է կատարում, իսկ հայ հանրությունը, ցավոք, վաղուց չի հավատում Գրիգորի այն ռոմանտիկ խոսքերին, թե «չկան խնդիրներ, որոնք լուծում չունենան, ուղղակի պետք է սիրես մասնագիտությունդ եւ հավատաս ուժերիդ»:

Անի Անտոնյան




Լրահոս