Սիրահարված էի ինձնից 5 տարով մեծ աղջկա, բայց տարածությունը բաժանեց մեզ․ Անդրե Սիմոնյան

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայտնիների անձնական կյանքի` քչերին հայտնի կամ անհայտ դրվագներին: Վերջիններս հանդես են գալիս անկեղծ խոստովանություններով, հայտնում են սիրո մասին իրենց պատկերացումները: Այս անգամ մեր զրուցակիցը «The beautified project» ռոք խմբի հիմնադիր եւ մեներգիչ Անդրե Սիմոնյանն է:

Նա պատմեց, որ առաջին անգամ սիրահարվել է բավական հասուն տարիքում` 24 տարեկանում. «Սիրահարվել էի քրոջս ընկերուհիներից մեկին, որն ինձնից մեծ էր հինգ տարով: Այդ ժամանակ մենք ապրում էինք Լոնդոնում: Մեկ տարի իրար հետ ընկերություն արեցինք, հետո նա որոշեց տեղափոխվել Միացյալ Նահանգներ` մոր եւ եղբոր մոտ, իսկ ես որոշեցի գալ Հայաստան: Այսինքն` զգացինք, որ հետագայում անհնար էր` միասին լինեինք: Կարելի է ասել` տարածությունը բաժանեց մեզ: Թեեւ, բացի այդ` նա մեր տարիքային տարբերության հետ կապված եւս մտավախություններ ուներ»:

Ամեն դեպքում, Անդրեի խոսքով, իրենք լավ ընկերներ են մնացել: Հիմա նրա նախկին ընտրյալն ամուսնացել է. «Ես ինչ ընկերուհի որ ունեցել եմ, հետը լավ հարաբերություններ եմ պահել, այնպես եմ արել, որ եթե փողոցում հանդիպենք, գլուխներս չթեքենք»,-ասաց երգիչը:

Նրա համոզմամբ` առաջին սերն իսկապես չի մոռացվում, բայց ոչ թե տվյալ անձնավորությունը, այլ նրա հետ քո ապրած զգացմունքներն են, որ մնում են հիշողությանդ եւ սրտիդ մեջ: Ըստ Անդրեի` դա նման է առաջին անգամ պաղպաղակ ուտելուն կամ որեւէ երկիր տեսնելուն. «Ամեն դեպքում, ես ոչնչի համար չեմ ափսոսում, երգերիցս մեկում ասում եմ, որ եթե կյանքը նորից ապրեի, նույն «սխալները» կկրկնեի, քանի որ դրանք մարդու էության բաղկացուցիչ մասն են կազմում»: Մեր զրուցակիցը խոստովանեց, որ իր առաջին սիրուց բաժանվելու արդյունքում բազմաթիվ գեղեցիկ երգեր են ծնվել. «Նա շատ մեծ դեր ունեցավ, որպեսզի էմոցիաներս դատարկեմ երգերիս մեջ»,-եզրափակեց Անդրեն:

Աննա Բաբաջանյան