Արցախում հիմնական գնաճը արձանագրվել է նավթամթերքի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից 71 անուն առաջնահերթ սպառման ապրանքատեսակների շուկայում կատարված ուսումնասիրության՝ գնաճ հիմնականում չի արձանագրվել կամ որոշ ապրանքատեսակների մասով այն գրանցվել է մինչև 2 տոկոսի շրջանակում։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հունվարի 17-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով գնաճի վերաբերյալ հարցին՝ ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ հիմնական թանկացումն արցախյան շուկայում արձանագրվել է նավթամթերքի մասով, սակայն կարևոր է նշել, որ Արցախի կառավարությունը սեղմված բնական գազի ակցիզային հարկի մեծության ավելացում չի կատարել, ինչի արդյունքում Արցախում գործող ավտոգազալցակայանների սակագների բարձրացում չի եղել։ Դրա շնորհիվ՝ թանկացում չի արձանագրվել նաև տրանսպորտային ծառայությունների սակագներում։

Պետնախարարի խոսքով՝ բացի նշվածից, Արցախի իշխանությունները տարիներ ի վեր գնաճի հնարավոր բացասական ազդեցության դեմ պայքարելու տարբեր գործիքներ են կիրառում, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորման, հարկային մեղմ քաղաքականության և սոցիալական այլ ծրագրերի իրականացման միջոցով։

Տնտեսական աճի բարձր ցուցանիշներով պայմանավորված՝ աշխատավարձերի և թոշակների հնարավոր բարձրացման հարցի վերաբերյալ Ա. Հարությունյանը նշել է, որ խնդիրը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների օրակարգում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախը ՀՀ-ի հետ գտնվում է նույն հարկաբյուջետային դաշտում՝ հնարավոր չէ առանձին վերանայումներ կատարել։

«Եթե Հայաստանի Հանրապետությունում թոշակների և աշխատավարձերի բարձրացումներ չեն կատարվում, մենք չենք կարող միայն Արցախում նման քայլի գնալ։ Սակայն տնտեսական աճի բարձր տեմպերը մեզ հնարավորություն են տալիս պետական բյուջեով իրականացնել սոցիալական լրացուցիչ ծրագրեր, որոնք նպատակ ունեն մեղմելու մեր քաղաքացիների սոցիալական բեռը»,- ընդգծել է պետնախարարը։




Լրահոս