ՎԱՐՉԱՊԵՏԱՑՈՒՆԵՐԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն ակտիվորեն սկսել են 2018թ. ապրիլից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար ակտիվ քարոզարշավը: Միայն թե այդ քարոզարշավը մեկ յուրահատկություն ունի. հանդիպումներ անցկացվում են ոչ թե բնակչության, այլ իշխանական շրջանակների, պետական կառույցների ներկայացուցիչների հետ: Այս տրամաբանության շրջանակներում էր շաբաթ օրը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մոտ Սերժ Սարգսյանի ելույթը, որ քաղաքագետները գնահատեցին որպես հաջորդ վարչապետի, պետության հաջորդ առաջին դեմքի ելույթ: Երեկ հաջորդեց Կարեն Կարապետյանի պատասխան քայլը. նա այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն:

Ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Կարեն Կարապետյանն իրենց նախընտրական քարոզարշավը սկսել էին շատ վաղուց: Ս. Սարգսյանն ԱԺ ընտրություններից անմիջապես հետո խորհրդարանի անդրանիկ նիստում խոսեց Հայաստանի զարգացման տեսլականի մասին` այդ ուղերձում մինչեւ 2040 թվականի համար հնչեցնելով տնտեսական կոնկրետ ցուցանիշներ: Սա շատերը գնահատեցին ոչ միայն 2018թ. ապրիլից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հայտ, այլեւ մինչեւ 2040 թվականն իշխանության մնալու մասին հստակ ուղերձ: Արդեն սեպտեմբերից «նախընտրական քարոզարշավը» միանգամայն այլ տեմպեր ստացավ. Սերժ Սարգսյանը հերթով սկսեց այցելել նախ եւ առաջ ուժային կառույցներ՝ ոստիկանություն, ՊՆ, ՀՔԾ, քննչական կոմիտե, գլխավոր դատախազություն: Այնտեղ ելույթներ ունեցավ` նախանշելով առաջիկա տարիներին աշխատանքի հիմնական ուղղությունները: Պարզ է` երբ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, իրավապահ համակարգը ենթարկվելու է անձամբ վարչապետին: Եվ, ընդհանրապես, կառավարության ղեկավարն է լինելու երկրի անվտանգության հիմնական պատասխանատուն, այնպես որ, այդ առումով հենց ուժային կառույցներ Սերժ Սարգսյանի այցերն իրենց մեջ որոշակի ուղերձ էին պարունակում:
Ս. Սարգսյանը մասնակցեց նաեւ «Հայաստանի ներդրողների հիմնադրամի» նախատեսած առաջիկա տասը տարիներին 1 մլրդ դոլար ներդրումների ծրագրի շնորհանդեսին, չնայած տնտեսության հիմնական պատասխանատուն, նաեւ այդ ակումբի նախաձեռնողը Կարեն Կարապետյանն էր: Եւ վերջապես, համայնքապետերի հետ վերջին հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը նույն տրամաբանության շրջանակներում էր, հստակ շեշտադրումներով, որ «…Եվ խնդրում եմ, որեւէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որեւէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում»: Ընդամենը չորս ամսից նախագահական լիազորությունները վայր դնող անձնավորությունը, համաձայնեք, հազիվ թե նման ելույթ ունենար:
Բայց հետաքրքիր են նաեւ Կարեն Կարապետյանի քայլերը: Այս ընթացքում նա փորձել է գործել կուլիսների հետեւում` հիմնականում գործարար շրջանակների հետ հարաբերվելիս իր ուղերձները ներկայացնելով, նաեւ փորձելով օժանդակություն ստանալ ՌԴ-ից: Միաժամանակ նա մի քանի անգամ PR նպատակով կազմակերպված հարցազրույցներում հայտարարել է 2018թ. ապրիլից վարչապետի պաշտոնը ստանձնելու պատրաստակամության, նաեւ այդ ժամանակ նոր Սահմանադրությամբ նախատեսված պահանջներին վերջապես համապատասխանելու մասին: Բայց Սերժ Սարգսյանի վերջին քայլերից հետո Կարեն Կարապետյանն ինքն էլ որոշել է ավելի սուր քարոզարշավ անցկացնել: Գործող վարչապետը, որ պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում իրեն դրսեւորել է որպես տնտեսության պատասխանատու` ակնհայտորեն հեռու պահելով մյուս ոլորտներից, այդ թվում ուժային կառույցների հետ առնչվելուց, այցելել է ՊՆ, անգամ մասնակցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստին` քննարկելով գիտահետազոտական եւ փորձարարական ստրուկտորական աշխատանքների 2018 թ. ծրագիրը: Ս. Սարգսյանի ելույթին անմիջապես հաջորդած այս քայլը, թերեւս, պատահական չէր: Ավելի վաղ էլ Կարապետյանն ընդունել էր Զինապարտության մասին օրենքի դեմ բողոքի ցույց անցկացնող ուսանողներին եւ փորձել որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել:
Ակնհայտ է, որ որքան մոտենա 2018թ. ապրիլը, Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մրցավազքը, սակայն, ավելի ակտիվ եւ սուր բնույթ կկրի: Ի վերջո, սեղանին առաջիկա հինգ, միգուցե նաեւ՝ քսանհինգ տարիներին իշխանություն ունենալու հարցն է, հանուն որի կողմերը կարծես պատրաստ են ամեն ինչի: Մնում է սպասել եւ հետեւել այդ զարգացումներին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԸՆԴԴԵՄ ԵԿԵՂԵՑՈՒ
Հայաստանյաց Առաքելական եկեղեցու շուրջ լուրջ սկանդալ է հասունացել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 1-ին Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչ Արմեն Սուբնշանյանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով վճարել իր ամենամյա արձակուրդները չօգտագործելու համար նախատեսված գումարը: Այս գործը մակագրվել է դատավոր Արթուր Թամրազյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Ֆրունզիկ Դանիելյանն ասաց, որ իր պաշտպանյալը 2015 թվականից մինչեւ 2016թ հուլիսը աշխատել է Եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչ եւ ընդամենը օգտվել է մեկ արձակուրդից, իսկ մնացած բոլոր տարիներին չի օգտվել արձակուրդից: 2016 թվականին գնացել է Ռուսաստան, հետ է վերադարձել եւ հիմա պահանջում է իր չօգտագործված արձակուրդի համար նախատեսված գումարը, որը կազմում է մոտ 300 հազար դրամ: Հետաքրքիր է, որ այս հարցը հնարավոր չի եղել կարգավորել բանակցությունների միջոցով, եւ եկեղեցու դեմ դատական հայց ներկայացնելու կարիք է առաջացել:

 

 

 

ԲԱԼԱՍԱՆՅԱՆ vs ՂՈՒԿԱՍՅԱՆ
Եթե ինչ-որ բան են ասել, հավանաբար թունավոր հղիություն է. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանի որակումներին` այսպես արձագանքեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը: «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, ես այդ ազգանունին չեմ ցանկանում անդրադառնալ: Ամոթ է, ամբողջ քաղաքն ուրիշ բան է ասում, իրենք՝ ուրիշ», – նշեց նա: Հիշեցնենք, որ Ղուկասյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում կոշտ քննադատության էր ենթարկել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին` նրան մեղադրելով անգործության մեջ: Ի պատասխան` նրա խոսնակ Սոնա Առաքելյանը նշել էր, թե Ղուկասյանին բուժման են ուղարկել Երեւան, բայց սխալմամբ մտել է ԱԺ:

 

 

 

ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ենթակայության «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն կմասնավորեցվի: Բայց մինչ այդ կառավարությունը ընկերությանը կհատկացնի 14 մլն 406 հազար 600 դրամ: Ինչպես հայտնի է` ընկերությունը հիմնականում իրականացնում է բարձրաստիճան եւ պետական պաշտոնյա հյուրերի ուղղորդված ընդունելություն եւ միջոցառումների անցկացում: Այն տարիներ շարունակ աշխատել է վնասով. 2014 թվականին վնասի մեծությունը կազմել է 38 մլն 541 հազար դրամ, 2015-ին` 30 մլն 833 հազար դրամ, 2016-ին` 176 մլն 479 հազար դրամ: Միայն այս տարվա ընթացքում կրճատվել է 12 աշխատող: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչեւ մասնավորեցվելը ընկերությունը կստանա եւս 14 մլն 406 հազար 600 դրամ, որից կմարվեն պարտքերը: Ընդ որում, միայն աշխատավարձի պարտքը կազմում է ավելի քան 8 մլն դրամ:

 

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑ ՉԿԱ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հերքել է շրջանառվող տեղեկությունները, որ իրենց խմբակցության եւ «Ելք»-ի միջեւ քննարկումներ են ընթանում` վարչապետի մեկ միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ: Ըստ նրա` «Ծառուկյան» դաշինքում դեռեւս ոչ մի քննարկում չի եղել հաջորդ տարի ապրիլին վարչապետի թեկնածու առաջադրելու շուրջ: «Նմանատիպ որեւէ բանակցություն, գործընթաց չկա»,-ասել է նա: Հարցին` բյուջեի եւ այլ հարցերի շուրջ վերջին շրջանում վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության դեմ քննադատությունը չի՞ ենթադրում, որ խմբակցությունը դեմ է նրա թեկնածությանը վարչապետի պաշտոնում, պատգամավորը պատասխանել է, որ իրենց քննադատությունները բխել են հասարակությանը հուզող խնդիրներից:

 

 

 

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ ՉԻ ՈՒԶՈՒՄ
«Հայկական վերածնունդ» կուսակցությունից հերքում են, որ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, հնարավոր է, դառնա Սահմանադրական դատարանի նախագահ: «Չնայած այն հանգամանքին, որ ընդամենը օրեր առաջ առիթ ունեցել եմ պաշտոնապես հերքել այն տեղեկատվությունը, թե իբր ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դառնալու է Սահմանադրական դատարանի նախագահ, սակայն որոշ լրատվամիջոցներ կրկին շրջանառության մեջ են դրել այս կեղծ լուրը: Այնուամենայնիվ, ստիպված եմ կրկին անգամ պաշտոնապես հայտարարել, որ վերը նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարությամբ հանդես է եկել ՀՎԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը:
 

 

ԴԵՖԻՑԻՏՈՎ ՏԱՐԻ
ՀՀ ԱԺ-ում երեկ քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը նշել է, որ նշված վարկային համաձայնագիրը բյուջետային աջակցության վարկ է հանդիսանում: Այս վարկի ստացումը հնարավորություն կտա սահուն կերպով անցկացնել 2017թ. եւ ունենալ ֆինանսական կայունության ապահովում: «Վարկի գումարը 40 հազար ԱՄՆ դոլար է, վարկը տրվում է 15 տարով, որից 3 տարին` արտոնյալ»,-նշել է նա: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվել է, թե կա՞ հստակ ծրագիր, որն իրականացվելու է այդ գումարով: Ի պատասխան` Ա. Հայրապետյանն ասել է. «Կոնկրետ վարկային ծրագիրը ծախսային նպատակադրում չունի, հենց դրանով բյուջետային աջակցության վարկը տարբերվում է այլ տեսակի վարկերից: Քանի որ մեր բյուջետային տարին լինելու է դեֆիցիտով, այդ վարկը փակելու է եկամուտների եւ ծախսերի տարբերությունը»:

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ՊՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Կառավարության ղեկավարը նախ դիտել է ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված փակ ցուցադրությունը, ծանոթացել Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին: Այնուհետեւ Կ. Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը:




Լրահոս