Սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 681 հիվանդ. ինչ իրավիճակ է հիվանդանոցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նվազել են սուր շնչառական վարակներով ամբուլատոր պոկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը և շտապ օգնության կանչերը: Իրավիճակը կայունանում է: Այսօրվա տվյալով` հանրապետության ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 681 հիվանդ: Վիրուսային ծագմամբ թոքաբորբերով հոսպիտալացված հիվանդներն ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Երևանում ու մարզերում սուր շնչառական վարակներով բժշկական հաստատություններ հիմնականում դիմում են երեխաների հարցով: Հաշվի առնելով այդ, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, հանրապետության մանկական հաստատություններում, որպես կանխարգելիչ միջոցառում, կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր»՝ գրիպանման երևույթներով հիվանդ երեխաների մուտքը բացառելու և սուր շնչառական վարակներով իրավիճակի հետագա բարդություններից խուսափելու համար:
Միջոցառումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարաների մասնագետների ներգրավմամբ:

Գրիպից և սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.
– հնարավորինս նվազեցնել շփումը, հատկապես՝ երեխաների, գրիպանման երևույթներով հիվանդների հետ,
– գրիպանման երևույթների առկայության դեպքում մի հաճախեք աշխատանքի, երեխաներին մի թույլատրեք հաճախելու մանկական հաստատություններ,
– հիվանդ լինելու դեպքում մի զբաղվեք ինքնաբուժմամբ և դիմեք բժշկական օգնության,
– օգտագործեք շատ հեղուկներ,
– հաճախակի օդափոխեք փակ տարածքները,
– հաճախ լվացեք ձեռքերը:




Լրահոս