ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՄ-Ն ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Թագավորության եւ Եվրոպական միության հարաբերությունները նախորդ շաբաթ հետաքրքիր ընթացք ստացան: Ի հեճուկս ամիսներ տեւած անպտուղ բանակցությունների` ՄԹ վարչապետ Թերեզա Մեյն ու ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հաջողեցին «էական առաջընթաց» արձանագրել իրենց հանդիպման ժամանակ: Դրանով, փաստորեն, նոր շունչ հաղորդվեց Բրեքզիթի գործընթացի նորմալ իրականացմանը, թեեւ համաձայնությունը կարելի է որակել վերջին վայրկյանի իրադարձություն:

Երեք ամիս տեւած ՄԹ-ԵՄ բանակցային գործընթացը, ըստ էության, փակուղի էր մտել: ՄԹ-ը եւ ԵՄ-ն չէին կարողանում համաձայնության գալ որեւէ առարկայական հարցում, իսկ իրավիճակն ավելի էր սրվում երկու աշխարհաքաղաքական միավորների ներսում տիրող դրության պատճառով: Եվրոպական միությունը պատրաստ չէր ներելու ՄԹ-ի ֆինանսական պարտավորությունները, ինչի համար էլ խաղարկում էր առեւտրային հարաբերությունների հարցը: Խնդիրն այն է, որ եթե ՄԹ-ն լքում է միությունն առանց պայմանագրի, ապա այդ դեպքում ԵՄ-ի շուկան ինքնըստինքյան փակվում է բրիտանական արտադրողների ու ծառայություններ մատուցողների համար: Դրա հետ մեկտեղ խնդիրներ են ծագում Իռլանդիայի հետ սահմանի երկայնքով, քանզի անցակետեր պետք է կառուցվեն, սահմանային մշտական հսկողություն իրականացվի եւ այլն: Լուրջ է նաեւ քաղաքացիների բնակվելու ու աշխատելու իրավունքի հարցը, որին բախվում են միլիոնավոր բրիտանացիներ: Այս երեք ոլորտներում կարգավորումներ մտցնելու հարցում շահագրգռված են երկու կողմերն էլ, քանզի Իռլանդիայի հետ սահմանի հսկողությունը գերկարեւոր է ԵՄ-ի, իսկ առեւտրի արտոնյալ պայմանագիրը` ՄԹ-ի համար:
Նման իրավիճակում, սակայն, բաձրանում էր ԵՄ-ի առջեւ ՄԹ-ի ֆինանսական պարտավորությունների կատարման հարցը, ինչին կտրականապես դեմ են ՄԹ կառավարության առանցքային ներկայացուցիչները: ԵՄ գրեթե բոլոր պաշտոնյաները հայտարարել էին, որ քանի դեռ թագավորությունը չի ընդունել պարտքերը մարելու համաձայնագիրը, մնացած հարցերի շուրջ քննարկումներ չէին կարող լինել: Դրանից էլ ոգեւորված` ՄԹ արտաքին գործերի քարտուղար Բորիս Ջոնսոնը կոպտորեն էր արտահայտվել ԵՄ-ի հասցեին` ակնարկելով, որ ՄԹ-ը չի համաձայնելու 60 միլիարդ եվրո վճարելու պայմանին: Իրավիճակը ավելի լրջացավ, երբ պարզ դարձավ, որ ՄԹ կառավարության կազմում իրական ազդեցությունը ԵՄ-ից առանց պայմանագրի դուրս եկողների ձեռքում է` վարչապետի թուլացած դիրքերի ֆոնին: Մեյը կորցրել է իրական մեծամասնությունը խորհրդարանում եւ հազիվ թե կարողանա կոշտ Բրեքզիթի գնալ, բայց եւ նույն պահին լրջորեն դիմադրել այդ քաղաքականությունը քարոզողներին: Այդ թվում է նաեւ ԱԳ քարտուղար Ջոնսոնը, որի հրապարակային հոդվածը եւ գաղտնի նամակը վարչապետին ավելի հակասական իրադրություն էին ստեղծել` հիմք տալով հոռետեսական կանխատեսումների համար: Հիմա Մեյի խնդիրն է խորհրդարանում ստանալ անհրաժեշտ թվով պատգամավորների համաձայնությունը իր գործողություններին, որոնց շուրջ համաձայնություն կայացավ Բրյուսելում:
Այսպես` նախորդ շաբաթ Մեյը ուղեւորվեց Բրյուսել, որտեղ ԵՄ հանձնաժողովի նախագահ Յունկերի հետ մի շարք պայմանավորվածությունների եկան: Բանակցությունների ավարտին Յունկերը հայտարարեց, որ այս փուլի համար բանակցությունները էական առաջընթաց են արձանագրել` հնարավորություն տալով անցնել հաջորդ շրջանին: Սակայն համընդհանուր բավարարվածությունը կարծես չի կիսում ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, որը բանակցային առաջընթացը պայմանավորել է բացառապես ՄԹ վարչապետի անձնական հաջողությամբ` նկատելով, որ ծանր քննարկումները դեռ առջեւում են: Ըստ Տուսկի` Բրեքզիթի հանրաքվեից անցել է մեկ ու կես տարի, եւ այդ երկար ժամանակահատվածը պարզապես անհամարժեք է բանակցություններում գրանցված առաջընթացին: Նա զգուշացրել է, որ մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել վերջնական համաձայնության գալու համար, ուստի պետք է շտապել: Թե՚ Միացյալ Թագավորության, թե՚ ԵՄ-ի պաշտոնյաները արդեն իսկ խոսել են փոխզիջման կարեւորության մասին` նկատելով, որ բանակցությունները իսկապես երկուստեք ծանր են եղել, որտեղ հաղթել է ողջամտությունը:
Իրավիճակը հուշում է, որ ՄԹ-ը համաձայնել է ֆինանսական պարտավորությունների կատարմանը եւ պատրաստակամություն հայտնել ԵՄ-ին վճարելու 60 միլիարդ եվրո: Ենթադրվում է, որ Մեյը այլ տարբերակ չի ունեցել` զգուշանալով կոշտ քաղաքականությունից: Միաժամանակ ԵՄ-ն էլ իր հերթին է զիջման գնացել` Իռլանդիայի հետ սահմանի հսկողության հարցում մեղմ վերաբերմունք դրսեւորելով: Փաստորեն, գործ ունենք իրական փոխզիջման հետ, որը հաճախ չի պատահում, օրինակ` մեզ նման երկրների դեպքում: Ինչպիսի փոխկապակցվածություն այսօր կա ՄԹ-ի ու ԵՄ-ի միջեւ, այդպիսի մի կախվածություն ունի Հայաստանը Ռուսաստանից: Սակայն Հայաստանի պաշտոնյաները միշտ չէ, որ կարողանում են զիջումներ պոկել ռուսական կողմից:
Դա հատկապես դրսեւորվում է քաղաքական հարցերում, երբ Հայաստանն ակամայից վերածվում է գերտերությունների միջեւ մրցակցության առարկայի: Հայկական կողմի՝ իր շահերը պաշտպանել չկարողանալու հիմնական պատճառը Հայաստանի իշխանությունների եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցն է: Ամեն անգամ, երբ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ տարաձայնություններ են ի հայտ գալիս, եւ հայկական կողմին՝ պետության շահը առաջ մղելու համար անհրաժեշտ է համառություն դրսեւորել, ՀՀ ղեկավարություն նահանջում է` նախընտրելով անձնական շահը: Նույնիսկ Ռուսաստանի համար ոչ սկզբունքային հարցերում, որտեղ, թվում է, հայկական կողմը կարող էր հարաբերականորեն ազատ ու անկաշկանդ գործել, կրկին նույն դրությունն է: Սա արդեն իշխանության փիլիսոփայության ու բնույթի խնդիր է, որտեղ միշտ գերակայում է անձնական շահը եւ վախը ռուսական ցարից: Ի վերջո, Սերժ Սարգսյանն ինքն է տարիներ առաջ խոստովանել, որ ՌԴ նախագահի հետ խոսելն իր համար շատ դժվար է:

Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ՄԵՐ ՕՐԵՐԻ ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ

ՀՀ կառավարությունը պատրաստվում է հաստատել Արմավիրի մարզպետարանի` Չեխիայի դեսպանատան կողմից «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացների եւ բնակչության շրջանում քարոզչության անցկացման ծրագրի նախահաշիվը: Դասընթացները կազմակերպել է ՀՀ Արմավիրի մարզպետարանը: Այդ նպատակով մարզպետարանը պայմանագիր էր կնքել Չեխիայի Հանրապետության դեսպանատան հետ, ըստ որի` Չեխիան այդ դասընթացների համար 4 մլն 300 հազար դրամ կամ մոտ 9 հազար դոլար է նվիրաբերել: Այդ գումարով մարզպետարանը բնակչության համար քարոզչական նյութեր է պատրաստել եւ տարածել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությանը ներկայացվող նախահաշվում այս տարվա ընդհանուր ծախսը կազմում է 4 մլն 89 հազար 500 դրամ, որից քարոզչական դասընթացների, հանդիպումների, կազմակերպիչների ներքին գործուղումների համար ծախսվել է 619 հազար 500 դրամ, տեղեկատվական ծառայությունների` գունավոր բուկլետների տպագրման համար` 800 հազար դրամ: Իսկ 2 մլն 670 հազար դրամը ծախսվել է 6 հատ համակարգիչ եւ 3 հատ բազմաֆունկցիոնալ տպիչներ գնելու համար, որոնք որպես մրցանակ տրամադրվել են դպրոցներին, որոնք «Աղբի տեսակավորում» մրցույթի արդյունքներով առաջին երեք տեղերն են զբաղեցրել:
«Ժողովուրդ»-ը Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից հետաքրքրվեց, թե ինչ մասնակցություն ունի նա աղբի տեսակավորման դասընթացների կազմակերպման հետ: Ի պատասխան` նա ասաց. «Երբ հրահանգը կգա, մենք կմասնակցենք դասընթացներին, առայժմ հրահանգ չկա: Ծրագիրը վաղուցվա է, բայց կոպիտ ասած` մենք մինչեւ այսօր չգիտենք` դրա դասընթացները կլինեն, թե ոչ: Մարզպետարանից հետաքրքրվեք»:
Իսկ ահա մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարճ պատասխանեց՝ նշելով, որ դասընթացներն իրականացվել են, դպրոցների միջեւ մրցույթը տեղի է ունեցել, եւ առաջին երեք տեղերի նվեր համակարգիչները ստացել են:
Մի խոսքով, կարեւորը կողքից եկած գումար լինի, իսկ ծրագիր կազմելը տեխնիկական հարց է: Ուշագրավ է` Հայաստանի իշխանությունները մի քանի լումա դրամաշնորհ «կպցնելու» համար ինչերի են պատրաստ: 4 միլիոն դրամով «Փնթի Սեթը» անգիր կանեն, իսկ, օրինակ, 4 միլիոն դոլարի համար ի՞նչի են պատրաստ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Դեկտեմբերի 10-ին` ժամը 13-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Անկախության փողոցում՝ Ազատամարտիկների հրապարակի մոտ, 21-ամյա Արսեն Կիրակոսյանը վրաերթի է ենթարկել 51-ամյա Սվետլանա Բեգլարյանին: Վերջինիս տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ մեկ ժամ անց մահացել է: Սվետլանա Բեգլարյանը Իջեւանի երաժշտական դպրոցի նախկին տնօրենն էր: Արսեն Կիրակոսյանը Իջեւանի բժշկական կենտրոնում հետազոտության է ենթարկվել՝ պարզելու համար, թե արդյոք նա վրաերթի պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղել, եւ ստացվել է բացասական պատասխան: Երիտասարդը Գեղարքունիքի մարզի բնակիչ է, ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մեղադրանքը որպես պատիժ նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում:

 

 

ՉՍՏԱՑՎԱԾ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞…
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Ե.Ղ.-ի դատավարությունը: Նրան մեղադրվում է այն բանի համար, որ 2017թ. մայիսի 10-ին, հյուրընկալված լինելով Իջեւան քաղաքի բնակիչ ծանոթ կնոջ վագոն-տնակ, տան տիրուհու կամքին հակառակ` փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Սակայն այդ պահին ներս է մտել կնոջ որդին եւ կանխել բռնության շարունակությունը: Միջադեպի արդյունքում տղամարդը, որը երկրորդ խմբի հաշմանդամ է, ձերբակալվել է: Հետագայում նա բնակության վայրից չհեռանալու ստորագրությամբ ազատ է արձակվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով (Բռնաբարության փորձ): ՀՀ ՔՕ այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է 3-ից 6 տարվա ազատազրկում: Տղամարդը աշխատել է Իջեւանի աղբահանությամբ զբաղվող հիմնարկում՝ որպես բանվոր: Իսկ նրա «զոհը» 62-ամյա կին է եղել, որը որպես հավաքարար է աշխատում եւ 8 երեխաների մայր է: Ի դեպ, երեխաների հայրերը տարբեր են: Ինչեւէ, հաշվի առնելով այն փաստը, որ տղամարդը չի կալանավորվել, կարելի է ենթադրել, որ նա պայմանական պատժի կենթարկվի, այսինքն` չի ազատազրկվի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս