ԻՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ 2018-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն ՀՀ հարկային նոր օրենսգրքի մի շարք կարգավորումներ, որոնց արդյունքում Հայաստանում տարվող հաշվապահական հաշվառումը էապես կփոխվի:

Այսպիսով` նոր օրենսգրքով եկամտային հարկի դրույքաչափերը էական փոփոխության կենթարկվեն: Ներկայումս մինչեւ 120 հազար դրամի աշխատավարձից գանձվում է 24.4 տոկոս եկամտային հարկ, իսկ 120 հազարից մինչեւ 2 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում եկամտային հարկը հաշվարկվում է հետեւյալ կերպ` 29 հազար 280 դրամին գումարվում է 120 հազար դրամը գերազանցող գումարի 26 տոկոս: 2 միլիոն դրամ եւ ավել աշխատավարձից ներկայումս գանձվող եկամտային հարկն էլ հետեւյալ կերպ է հաշվարկվում` 518 հազար 80 դրամին գումարվում է 2 միլիոնը գերազանցող գումարի 36 տոկոսը:
Հունվարի 1-ից սկսած եկամտային հարկի նոր դրույքաչափերը լինելու են. մինչեւ 150 հազար դրամի դեպքում` 23 տոկոս, 150 հազարից մինչեւ 2 միլիոն դրամի դեպքում 34 հազար 500 դրամին գումարվում է 150 հազար դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը: 2 միլիոնից ավել աշխատավարձի դեպքում 552 հազար 500 դրամին գումարվում է 2 միլիոնը գերազանցող գումարի 36 տոկոսը:
Այսինքն` փոքր աշխատավարձերի դեպքում եկամտային հարկը նվազելու է, իսկ բարձր աշխատավարձերի դեպքում` էապես ավելանալու: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում օրինական ձեւակերպված վճարվող աշխատավարձերի մեծ մասը բաժին է հասնում 150-ից 250 հազար դրամի միջակայքում, ուստի ակնհայտ է, որ այս փոփոխության նպատակը եկամտային հարկից պետբյուջե գանձվող գումարներն ավելացնելն է: Այս փոփոխության արդյունքում գործատուները ձեռնպահ կմնան իրենց աշխատակիցներին օրինական բարձր աշխատավարձ վճարելուց: Այսինքն` հատկապես բարձր աշխատավարձ վճարող գործատուների դեպքում մեծ վտանգ կա, որ նորարարությունը կնպաստի ստվերի ավելացմանը: Մյուս կողմից էլ` Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կարող են ասել, որ փոքր աշխատավարձերի դեպքում էլ առկա ստվերը կնվազի: Այլ կերպ ասած` մի դեպքում ստվերը կավելանա, մյուս դեպքում կնվազի, ուստի ժամանակը ցույց կտա` այս ամենի արդյունքում Հայաստանի տնտեսությունը կշահի՞, թե՞ կտուժի:
Հաջորդ առանցքային փոփոխությունը հարկ վճարողի միասնական հաշիվ ներդնելու նորամուծությունն է: Ներկայումս տնտեսվարողները հարկերը տարբեր գանձապետական հաշվեհամարների են վճարում: Եկող տարվա հունվարի 1-ից տնտեսվարողի վճարած հարկերը կուտակվելու են նրա հատուկ հաշվեհամարին եւ ըստ հարկային պարտավորությունների` այդտեղից գանձվելու է անհրաժեշտ գումարը: Եթե անգամ տնտեսվարողը իր պարտավորություններից ավել գումար վճարի, այն կմնա հաշվեհամարին, եւ նա այն կարող է օգտագործել հաջորդ ամսվա հարկերը վճարելիս: Այս նորամուծությամբ գերավճարների ներկա համակարգը փաստացի կվերացվի, որովհետեւ այն այլեւս անհնար կլինի կիրառել: Ինչպես արդեն նշեցինք` պարտավորություններից ավել վճարված հարկերը մնում են հարկատուի հաշվեհամարին: Ավելին` տնտեսվարողը կարող է պահանջել վերադարձնել իր հաշվեհամարին եղած ավել գումարը, ինչը ներկայումս միայն տեսականորեն է հնարավոր, գործնականում անհնար է պետբյուջե փոխանցված գումարը ետ ստանալ:
Հաջորդ առանցքային փոփոխությունը վերաբերում է հարկերը ուշացնելու, սխալ հաշվետվություն ներկայացնելու համար գործող տույժ-տուգանքների դրույքաչափերին եւ դրանց կիրառման ձեւերին: Մասնավորապես ներկայումս չվճարված հարկային պարտավորության համար որպես տույժ տնտեսվարողը պարտավոր է վճարել պարտք մնացած գումարի օրական 0,15 տոկոսը: Հունվարի 1-ից այդ դրույքաչափը նվազեցվում է մինչեւ օրական 0,075 տոկոս, այսինքն` նախորդի կեսը: Փոխարենը հետհաշվարկի ժամկետի տեւողությունը կրկնակի երկարացվում է մինչեւ 730 օրի: Այսինքն` տույժերի հաշվիչը մի կողմից մեղմացվում է, մյուս կողմից էլ այն կարելի է ավելի երկար ժամկետով կիրառել:
Տույժերի հետ կապված հաջորդ փոփոխությունը վերաբերում է հարկերը թաքցնելու դեպքում կիրառվող տույժերին: Ներկայումս եթե բացահայտվում է, որ տնտեսվարողը հարկ է թաքցրել, ապա նա պարտավոր է վճարել այդ պարտքը եւ դրա 100 տոկոսի չափով գումար: Հունվարի 1-ից տնտեսվարողից որպես տույժ կգանձվի թաքցված հարկի 50 տոկոսի չափով գումար: Ավելին` եթե տնտեսվարողը ինքն է ուղղում իր սխալը, այսինքն` նախորդ հաշվետու ժամանակաշրջանում թաքցված հարկային պարտավորությունը ներառում է հաջորդ ժամկետի հաշվետվությունում, ապա նա տույժերից ազատվում է: Ներկայումս եթե անգամ տնտեսվարողը միտումնավոր չի հարկը թաքցրել, ապա սխալն ուղղելու դեպքում նա մեծ տույժ-տուգանքների է ենթարկվում: Ուստի հարկատուները խուսափում են սեփական սխալներն ուղղելուց:
Ինչեւէ, հատկապես փոքր եւ միջին ձեռներեցների համար հարկային նոր օրենսդրության բացասական կողմերից մեկն այն է, որ առանց փաստաթղթային հիմքի ապրանքներ իրացնելը գնալով դառնալու է անհնար եւ վտանգավոր: Այլ կերպ ասած` ՀՀ իշխանությունները, չկարողանալով կամ չցանկանալով խոշոր տնտեսվարողներին ստիպել, որ իրենց շրջանառությունը չթաքցնեն, փոքրերին պարտադրում են առանց ձեռքբերման հիմք ունեցող ապրանք չիրացնել: Ենթադրվում է, որ փոքր եւ միջին ձեռներեցները այսպիսով աստիճանաբար կհրաժարվեն խոշոր ընկերությունների` առանց փաստաթղթի ապրանքներն իրացնել, եւ տերերը ստիպված կլինեն իրենց իրական շրջանառությունը ցույց տալ: Ժամանակը ցույց կտա` այս մոտեցման արդյունքում փոքր եւ միջին ձեռներեցները կվերանա՞ն, թե՞ խոշորներն, ի վերջո, ստվերից դուրս կգան:
Ի դեպ, հարկային նոր օրենսգրքի ամենաքննադատված փոփոխություններից մեկը՝ ավելացված արժեքի հարկի շեմի նվազեցում նախատեսող դրույթը, դեռեւս ուժի մեջ չի մտնի: Ինչպես հայտնի է` ներկայումս ԱԱՀ-ով հարկվում են տարեկան 115 միլիոն դրամից ավել շրջանառություն ունեցող տնտեսվարողները: 2019 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ԱԱՀ հարկումը սկսել տարեկան 58 միլիոն դրամից ավել շրջանառության դեպքում: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունը մասնավոր զրույցներում չի բացառում, որ հնարավոր է` այդ մոտեցումը վերանայվի, եւ ԱԱՀ անցման շեմը չիջեցվի: Բայց, դե, նման բան կարող է տեղի ունենալ, եթե ՀՀ իշխանությունները համոզվեն, որ շեմի նվազեցման հետ կապված դժգոհության մեծ ալիք կբարձրանա:
Ինչեւէ, եկող տարվանից Հայաստանի հարկահավաքության քաղաքականությունն էապես կփոխվի, արդյո՞ք դրա արդյունքում տնտեսությունը կշահի, թե կտուժի, ցույց կտա ժամանակը: Ներկայումս բոլոր կանխատեսումները զուտ տեսական բնույթ են կրում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ամենաշատը քննվող քրեական գործերը զինվորականներին առնչվող դատավարություններն են: Օրեր են լինում, երբ մարզի դատարաններում ընթացող բոլոր դատավարությունները զինվորականներին առնչվող քրեական գործեր են: Դրանց մեծ մասին առնչվող տեղեկությունները «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում փակ են, որպես հրապարակման ոչ ենթակա գործեր:
Տավուշի մարզի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ սոցիալապես անապահով բնակիչներից շատերն ինչ-որ աշխատանք ունենալու մղումով որոշում են պայմանագրային զինծառայող դառնալ: Այսինքն` նրանք պատկերացում չունենալով պրոֆեսիոնալ զինվորականի մասնագիտության մասին` դառնում են պայմանագրային զինծառայող, հետագայում ինչ-որ հանցանք թույլ տալու արդյունքում հայտնվում մեղադրյալի աթոռին:
Սպաները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեցին, որ պարզապես աշխատանք ունենալու մղումով պայմանագրային զինծառայող դարձածներից շատերը՝ զինվորական գործի բարդություններին ծանոթանալուց հետո, հաճախակի փորձում են ժամկետից շուտ խզել պայմանագիրը եւ այդ նպատակով դիմումներ են գրում: Սակայն այդ դիմումները, որպես կանոն, մերժվում են, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պահանջում է փոխհատուցել նրանց զինվորական պատրաստվածության համար կատարված ծախսերը:

 

 

ՌՈՒՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԼՈՒՍԱՁՈՐՈՒՄ
Մոտ 20 օր առաջ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղում ձերբակալվել են Հայաստանում ծառայող երկու դասալիք ռուս զինծառայողներ: Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանն ասաց, որ դասալիք զինծառայողներից մեկը Սվերդլովսկի, մյուսը Ռոստովի բնակիչներ են: Նա ասաց, որ երկու զինծառայողները գիշերել են Լուսաձորի վարչական տարածքում, միջպետական ավտոճանապարհի մոտ գտնվող նախկին ճաշարանի տարածքում, որը ցախերով, տերեւներով որպես կացարան են սարքել: Նրանք բարձրացել են Լուսաձորի անտառ, այնտեղ ծանոթացել լուսաձորցի 2 անասնապահների հետ, նրանց հետ ճաշել, նրանց ներկայացել որպես ռուս զբոսաշրջիկներ: Լուսաձորցի երկու ընտանիքներ 2 օր նրանց հրավիրել են իրենց տուն եւ հյուրասիրել: Վ. Սարդարյանն ասաց, որ դասալիք զինծառայողների ձեռքին քարտեզ է եղել, նրանք 2 անգամ փորձել են Նոյեմբերյանի տարածաշրջանով հեռանալ Հայաստանից, սակայն չի հաջողվել: Նրանք ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվել են Լուսաձորում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՊԱՐՏՔԻ ՀԵՏ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԱՀՈՒՍՏՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԱՃԵԼ
Դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի պետական միջազգային պահուստները կազմել են 2 միլիարդ 174 միլիոն 400 հազար դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Կենտրոնական բանկից տեղեկացավ նաեւ, որ նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի միջազգային պահուստները ավելացել են 55 միլիոն 600 հազար դոլարով: Հիշեցնենք, որ նույն նոյեմբերի ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 115 միլիոն դոլարով: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ պետական պարտքի մի մասն ուղղվել է միջազգային պահուստների համալրմանը: Այլ կերպ ասած` նոյեմբերին ստացված վարկային միջոցները անհրաժեշտից ավել են եղել, եւ Հայաստանի կառավարությունը դրանց մի մասը ներդրել է միջազգային պահուստներ համալրելու համար, որպեսզի մեկ կամ երկու ամիս անց այդ միջոցները ուղղի պետական բյուջեի կարիքները հոգալու համար: Սա նույնն է, թե մարդը բանկից վարկ վերցնի, բայց դրա մի մասի կարիքը չունենա եւ ցածր տոկոսով, որպես ավանդ, դնի բանկում՝ հաջորդ ամիս այն ծախսելու համար: Բնականաբար, արդյունքում տվյալ անձը տուժում է, բայց ողջ խնդիրն այն է, որ վարկը նրան մեծ դժվարությամբ է հաջողվել ստանալ, եւ նա չի կարող դրա մի մասից հրաժարվել, այնուհետեւ մեկ ամիս անց կրկին բանկից գումար խնդրել: Նա պարտադրված է գումարը վերցնել եւ բանկի տոկոսները վճարել՝ համոզված լինելու համար, որ հաջորդ ամիս ինքը խնդիրներ չի ունենա: ՀՀ կառավարությունը ներկայումս գտնվում է նույն վերը նկարագրված վիճակում:




Լրահոս