ՊԱՏՄՈՒՄ Է ՍՊԱՆՎԱԾԻ ՀԱՅՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա դեկտեմբերի 6-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ սպանված Արտակ Գալստյանի հայրը՝ Էդիկ Գալստյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ որդուն սպանել է իր աներորդու տղան՝ Կարենը: Ըստ սպանվածի հոր` դեպքից օրեր առաջ միջնորդներ են խառնվել, որ երկու ազգականների միջեւ ծագած հակասությունը փորձեն հարթել, սակայն մինչ նրանք կփորձեին իրենց ջանքերը կյանքի կոչել, սպանությունն արդեն իսկ տեղի է ունեցել:

Ինչպես հայտնի է` վերը նշված օրը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ ավտոմեքենայի մեջ սպանվել էր Արտակ Գալստյանը: Սպանությունից անմիջապես հետո լուրեր տարածվեցին այն մասին, որ Արտակ Գալստյանին սպանել է իր քեռու տղան՝ Կարենը, որը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի բնակիչ է եւ տեղացիների շրջանում առավել հայտնի է Ջոնիկ անունով:
Հետագայում ՀՀ քննչական կոմիտեն եւս հայտարարեց, որ Արտակ Գալստյանի ուղղությամբ կրակած անձի ինքնությունը հայտնի է: Սակայն իրավապահները ենթադրյալ հանցագործություն կատարած անձի անունը չհրապարակեցին, եւ մինչ օրս այդ տվյալը գաղտնի է պահվում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էդիկ Գալստյանը պատմեց որդու սպանության պատճառների մանրամասները:
«Մոտ 5 տարի առաջ որդիս տարածք ուներ, ծախեց, ու նրա ձեռքում գումար կար: Կարենը, որը աներձագիս տղան է, իմացել էր, որ որդուս ձեռքը գումար կա, ու եկել, տղայիցս` Արտակից, 25 հազար դոլար գումար էր վերցրել, թե Արտակ, ինձ փող տուր, դեղատուն եմ ուզում սարքել, սարքեմ, դեղատունը կդնեմ բանկ ու փողդ կվերադարձնեմ: Մի խոսքով, դեղատունը սարքեց, պրծավ ու որոշ ժամանակ անց տղայիս գումար էր պետք: Որդիս Կարենին ասում է, որ գումարը կամաց-կամաց տուր, քանի որ ինձ պետք է: Կարենը մանր-մանր տալիս էր, ու պարտք էր մնացել 13 հազար դոլար»,- պատմեց սպանվածի հայրը: Շարունակելով նա ասաց, որ երբ Արտակ Գալստյանն իր քեռու տղայից պահանջում է պարտքի մնացորդը՝ 13 հազար դոլարը, դրանից հետո նրանց հարաբերությունները սկսում են սրվել: «Կարեն, փողը երբ ես տալիս, թե հեսա-հեսա: Անընդհատ քնացնում է ու փշերի մեջ: Ու հանկարծ մի օր էլ Կարենն իր ծանոթ տղերքի միջոցով փոխանցում է, թե Արտակին ասեք` էդ փողը չեմ տալու, քեզ քցելու եմ: Որդիս գնում է ու ասում է, թե դու ով էս, որ այդ փողը չտաս: Տղեքի ասելով` այդտեղ որդիս չափալախում է Ջոնիկին: Մի խոսքով, այդ խոսակցությունները գնալով սրվում են ու սրվում»,- պատմեց Էդիկ Գալստյանը:
Ըստ նրա` իրավիճակն ավելի է բարդանում, երբ Կարենի դեղատնից գողություն է տեղի ունենում, եւ նա մերձավորների շրջանում հայտարարում է, թե այդ գողության ետեւում կանգնած է Արտակ Գալստյանը: Շարունակելով ներկայացնել մինչ սպանությունը տեղի ունեցած իրադարձությունների զարգացումները` սպանվածի հայրը պատմեց. «Իմ որդին կյանքի տղա էր ու երբ իմանում է, որ իրեն մեղադրում են գողության մեջ, մի օր հարբած գնում, մտնում է դեղատուն, ոչ մի բանի ձեռք չի տալիս, դեղատան սեղանին 200 դրամ է գցում ու ձեռքերը ցույց է տալիս տեսախցիկներին, ի նշան, որ ինքն է եւ ոչինչ հետը չի տանում ու դուս է գալիս: Տղես այդ քայլով ուզում էր ցույց տալ, որ ինքը այդ մարդը չի: Անցնում է ժամանակ, ու Կարենի դեղատանը կրկին գողություն է տեղի ունենում, ինչը ես համարում եմ շոու: Կրկին ասում են, թե սա Արտակի ձեռի գործն է: Բայց Արտակը այդ տղան չէր: Որդուս սպանությունց 15 օր առաջ կրկին գողերը մտնում են Ջոնիկին պատկանող ԱՊՊԱ գործակալություն, վարսավիրանոց ու ամեն ինչ մաքրում, տանում են: Նա կրկին հայտարարում է, որ Արտակի գործն է եղել: Բայց ոչ մի ապացույց չունեն: Ոչինչ, իրական անողներին կգտնեն, ու ամեն ինչ կբացահատվի, որ իմ որդին այդ գողությունների հետ կապ չի ունեցել: Մի խոսքով, այս ամենը այնքան է խորանում, որ միջնորդներ են խառնվում, որպեսզի Կարենը եւ Արտակը հանդիպեն, զրուցեն եւ հաշտության եզրեր գտնեն, բայց դա տեղի չունեցավ»:
Էդիկ Գալստյանի խոսքերով` դեպքի օրը որդուն Մուշ անունով մեկն է զանգահարում եւ կանչում հանդիպման: «Արտակի կողքին մայրն է եղել, ու մոր ներկայությամբ Արտակը ասում է, թե Մուշ ջան, հեսա կգամ: Մենք Մուշ անունով ընկեր չենք ճանաչում, մեռանք հարց ու փորձ անելով, թե ով է Արտակի ընկեր Մուշը, այդպես էլ չգտանք: Մուշ անունով մարդ չկա, որդիս միտումնավոր մոր մոտ Կարեն անունը չի տվել, որ մայրը չիմանա: Եթե մայրը իմանար Կարենն է, չէր թողնի` դուրս գա: Օդանավակայանի տեսագրություններում երեւացել է, թե ինչպես է Կարենը մեքենան թողնում օդանավակայանում, տոմս առնում ու գնում Հայաստանից: Ես համոզված եմ, որ ինքն է խփել իմ որդուն, ինքը խփեց, թռավ»,- եզրափակելով ասաց Էդիկ Գալստյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի` իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ, խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին: Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաեւ Հայաստանի Հանրապետության իրավապահ եւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու եւ այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձեւավորելու ուղղակի կոչեր:
Արդյունքում, որոշվել է քրեական գործ հարուցել, որի շրջանակներում Ռոբերտ Քուրքյանին ներգրավել են որպես մեղադրյալ՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի եւ ահաբեկչության նախապատրաստության մեղադրանքով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում:
Ըստ տարածված լուրերի` «Սասնա ծռեր» խմբավորման անդամները, ինչպես նաեւ Ժիրայր Սէֆիլյանը, մշտապես աջակցություն են ստացել ԱՄՆ-ից, ուստի չի բացառվում, որ ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին կամ հայերի որոշակի խմբերին զսպելու նպատակ է հետապնդում ԱԱԾ-ի այս քայլը: Ուշագրավն այն է, որ Ռոբերտ Քուրքյանը, անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, ասել է, որ, ինչպես միշտ, ԱԱԾ-ն խեղաթյուրում է: «Ազգային անվտանգություն չկա, կա Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության անվտանգությունն ապահովող ծառայություն»,- հայտարարել է ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, որ այս քայլը զգուշացում է նաեւ մյուս քաղաքացիներին, որ արտահայտվելուց առաջ մտածեն, թե ինչ են խոսում: «Ընդհանուր առմամբ մենք պետք է մտածենք, թե ինչ երկրում ենք ապրում: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ քնից արթնացած մարդը ցանկանում է սրանցից ազատվել, եւ ինչ ասի, նորմալ է ընդունվում ազգաբնակչության կողմից: Դուք տեսել եք, թե ինչ երթեր էին մարդիկ կազմակերպում արտասահմանում` ի պաշտպանություն «Սասնա ծռերի»: Հիմա էլ, խնդրեմ, ահաբեկչական միտումներ ունի մեր հայրենակիցը, որը ԱՄՆ քաղացի է, վաղը` ավստրալիական քաղաքացին, մյուս օրն` Անգլիայից մեկը: Բայց այս ամենից ազատվելու մեկ տարբերակ կա. ապրել նորմալ երկրում, ունենալ իշխանության նորմալ ղեկավար, եւ ոչ մեկի մտքով չի անցնի նման խմբավորում ստեղծել»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳԼԽԻՎԱՅՐ ՇՐՋՎԵԼ Է
Երեկ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Դեռեւս անհայտ պայմաններում Մեղրիի տարածաշրջանի Լիճքի պղնձի հանքավայրում «Բելազ» մակնիշի ավտոմեքենայի` գլխիվայր շրջվելու հետեւանքով քաղաքացի է մահացել, որը Քաջարան քաղաքի բնակիչ, 64-ամյա Վաչիկ Սարգսյանն է եղել: Նա աշխատում էր նշված հանքավայրում:

 

 

ՔՍԱՆ ՐՈՊԵ
Կառավարությունը փոփոխություն եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ` անազատության մեջ գտնվող անձանց կապն ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ պահպանելու համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու նպատակով: «Արդյունքում կպահպանվեն միջազգային բազմաթիվ փաստաթղթերի պահանջները: Նախատեսվում է օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել, ինչպես նաեւ այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատեւ տեսակցությունից, տրամադրել ամսվա ընթացքում երկու անգամ մինչեւ քսան րոպե տեւողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն»,- ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

 

 

ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Գյումրի քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով: Գյումրիում տեղի ունեցած միջադեպի փաստով հաղորդում է ստացվել, որ Գյումրիի ԲԿ են տեղափոխել Մուշ-2 թաղամասի բնակչուհի, ՌԴ քաղաքացի, 24-ամյա Քրիստինա Գոբեչկինային: Վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել ամուսնու` ՌԴ քաղաքացի, 25-ամյա Պավել Պետուխովի կողմից, տանը վիճաբանության ժամանակ հրելու, արդյունքում վայր ընկնելու, գլուխը հատակին հարվածելու հետեւանքով: Նշենք, որ Պ. Պետուխովը ծառայում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայում, կոչումով եֆրեյտոր է:

 

 

ՉԻ ԱՇԽԱՏԻ
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի երթուղային ավտոբուսը, որի մեջ ուղեւորների ներկայությամբ գազ է վառվել, պատկանում է «ԲԻԼ Տրանս» ՍՊԸ-ին, որի տնօրեն Էմին Մարգարյանը նշել է թե երթուղային ավտոբուսում վարորդն առավոտյան է գազ վառել այն տաքացնելու նպատակով: «Ես քաղաքում չեմ, ինձ այդ մասին ասել են, անմիջապես զանգել եմ վարորդին, ինձ բացատրել է, որ առավոտյան ժամը 7-ին ավտոբուսի դռները սառած են եղել, չեն փակվել, եւ գազը միացրել է դռները տաքացնելու նպատակով: Նա այդ պահին ավտոբուսը կանգնեցրել է եւ նոր է գազը միացրել, իսկ ոմանք լուսանկարել եւ տարածել են այն»,-ասել է տնօրենը: Տնօրենի խոսքով` վարորդը, որն այդպիսի բան է արել, այլեւս չի աշխատի իրենց ընկերությունում որպես վարորդ:




Լրահոս