Վիգեն Սարգսյանի մոտ գոյություն ունի հանրության հետ շփման պրոբլեմ. քաղաքագետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր հյուրն է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարոն Մեհրաբյան, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վերջերս անընդհատ սկանդալների մեջ է հայտնվում: Ո՞րն է դրա պատճառը, ինչի՞ հետ եք դա կապում:

– Նա ունի հանրության հետ շփման խնդիրներ: Նման խնդիրներ կան, և դրանք մնում են դեռևս չլուծված: Դրա հետևանքով էլ ծագում են այդ անախորժությունները:

– Իսկ ինչո՞ւ նա արեց դրամահավաքի այդ առաջարկությունը: Համարժե՞ք էր այն եղած իրավիճակին: Ի վերջո, կարող էր և նման բան չանել:

– Հանգանակություն հայտարարելը վատ բան չէ ինքնին: Սակայն տեսանք, որ այն ուղեկցվեց անհաջող հասարակական արձագանքով, որը ստվեր գցեց տվյալ նախաձեռնության վրա:

– Մեր ժողովո՞ւրդն է չարացած: Դա՞ է պատճառը:

– Դե, իհարկե, դա էլ կա: Բայց, իհարկե, միայն դա չէ պատճառը:

– Իսկ գուցե դրանով նախարարը ցանկանում էր իր նախաձեռնած Ազգ–բանակ հայեցակարգին բովանդակությո՞ւն տալ, այսպես ասած:

– Չեմ կարող բացառել, որ գուցե և նման շարժառիթ էլ կար նրա կողմից արված այդ քայլում:

– Իսկ որպես հրապարակային գործչի՝ նախարարի այդ հայտը ողջունո՞ւմ եք, թե ոչ: Նկատի ունեմ ֆեյսբուքյան նրա գործունեությունը:

– Ես կարծում եմ, որ ընդհանրապես պետական պաշտոնյաները չպետք է խորշեն հանրության հետ շփումներից: Այդ թվում՝ նաև ֆեյսբուքի միջոցով:

Այնպես որ, նորմալ է, երբ նա շփվում է ֆեյսբուքով: Բայց թե այդ շփման արդյունքում ի՞նչ ստացվեց, հարցը դա է: Փաստն այն է, որ այդքան էլ լավ չստացվեց»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում