Դատապարտյալի տնային կալանքը կվերահսկեն` նրա ոտքի վրա ամրացնելով էլեկտրոնային սարքավորում

Այսօր  «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում քննարկում էր կազմակերպվել «Պրոբացիայի ծառայության առաջին տարվա գործունեության արդյունքները, խնդիրները և հեռանկարները» թեմայով: Քննարկման ժամանակ ամփոփվեց  2017 թվականի արդյունքները, ինչպես նաև այն խնդիրները, որոնց բախվում է ծառայությունը այս փուլում, զարգացման հեռանկարները:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  ի տարբերություն նախորդ տարիների, ծառայությունում նոր կարգավորումներ են ամրագրվել: Հստակեցրել են այն աշխատանքների ցանկը, որոնք անձը պետք է կատարի, եթե դատապարտվել է հանրային աշխատանքների կամ եթե տուգանքը փոխարինվել է հանրային աշխատանքներով.

«Դրանք պետք է լինեն այն աշխատանքները որով անձը «փոխհատուցելու է» համայնքին և համայնքը, որտեղ նա հանցագործություն է կատարել, տեսնի, որ անձը ուղղվել է, վերասոցիալականացվում է, կատարում է հենց համայնքի աշխատանքները: Դրանք մաքրման, համապատասխան սանիտարական աշխատանքներ են համայնքներում, արձանների, մշակութային օբյեկտների պահպանության աջակցություն, համայնքներում համապատասխան կանաչապատման աշխատանքներ»,- ընդգծեց փոխնախարարը:

Քրմոյանն անդրադարձավ նաև անձի էլեկտրոնային հսկողության խնդրին: Նրա խոսքով՝ նախորդ տարի իրականացրել են փորձարարական պիլոտային ծրագիր: Պրոբացիայի ծառայությունը պետք է էլեկտրոնային հսկողություն իրականացնի, թե՛ որպես այլընտրանքային խափանման միջոց, թե՛ որպես պատժի հետ զուգորդված միջամտություն. «Մենք ունենք համապատասխան հանձնարարականներ և փորձում ենք էլեկտրոնային հսկողությունը փորձարկենք, որպեսզի հետագայում նոր Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումով ավելի քիչ կիրառենք կալանքը որպես խափանման միջոց: Պրոբացիայի ծառայողն անձի ոտքի վրա կամրացնի համապատասխան էլեկտրոնային սարքավորում և օրինակ կվերահսկի տնային կալանքի իրականացումը»: