Փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառման իրավակարգավորման դեմ բողոքողները շատանում են. արդեն միացել է 907 փաստաբան

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում փաստաբանները:

16.01.2018թ. ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպված քննարկման ժամանակ փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել՝ պահանջելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից Նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը բացառել:

Նշենք, որ երեկվա դրությամբ հայտարարությանը միացող փաստաբանների թիվը ավելացել է 299-ով:  18.01.2018թ. ժամը 14:00-ի դրությամբ միացել են 907 փաստաբան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը գրություն է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ փաստաբանների պալատի խորհրդի նախագահի և անդամների հետ հանդիպում կազմակերպելու համար: Փաստաբանների պալատի խորհրդի անդամները ցանկանում են քննարկման առարկա դարձնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառելու իրավակարգավորման հետ կապված հարցը: