Բենզինի գնի շուրջ ՏՄՊՊՀ-ի հեքիաթը. թվերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում գրել էինք, որ Վրաստանում բենզինը ավելի էժան գնով է վաճառվում, քան մեր հանրապետությունում: Մենք Վրաստանից ստացած թվային տվյալներ էինք ներկայացրել: Բայց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը արձագանքել է մեր հրապարակմանը՝ հայտնելով Վրաստանի Մրցակցային գործակալության կողմից Վրաստանի տարածքում գործող բենզալցակայաններում կատարվող մշտադիտարկումների արդյունքները: Ըստ այդմ, երեկ Վրաստանում վաճառվող 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի միջին գինը կազմում է 435 դրամ:

Ըստ ՏՄՊՊՀ-ի` հունվարի 15-ին կատարված վերջին դիտանցումների պատկերը հետեւյալն է` «Wissol» ընկերության բենզալցակայաններում սահմանված է 2.30 լարի գին, որը կազմում է 436.7 դրամ, «Rompetrol»-ի բենզալցակայններում 2.34 լարի` 444.3 դրամ: «Gulf»-ի դեպքում սահմանված է 2.29 լարի գին` 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի համար, որը համապատասխանում է 434.8 դրամի, «Sokar» ընկերության կողմից վաճառվող բենզինի արժեքը Վրաստանում 2.27 լարի է` 431 դրամ, եւ «Lukoil»-ի բենզալցակայաններում 1 լիտր բենզին արժեքը 2.23 լարի է` 423.4 դրամ:

«Ժողովուրդ»-ը նույնպես վրացական մեր աղբյուրներից հետաքրքրվեց բենզինի գների մասին: Պատկերը հետեւյալն է`«Frego» ընկերությունը երեկվա դրությամբ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը առաջարկել է 416 դրամով, պրեմիումը`435: «Senta» ընկերությունը ռեգուլյար տեսակի բենզինը վաճառել է 393 դրամով, իսկ պրեմիումը`408: «EXA» ընկերությունը ռեգուլյար տեսակի բենզինը վաճառել է 383 դրամով, պրեմիումը` 414: «Portal» ընկերությունը ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը երեկվա դրությամբ վաճառել է 397 դրամով, պրեմիումը` 414: Իսկ ինչպես հայտնի է` ներքին շուկայում ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 440 դրամով, պրեմիումը`460:

Բայց չնայած սրան` Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, բենզինի գինը օրվա մեջ մի քանի անգամ կարող է փոփոխվել. այսօր այն կարող է մի գին ունենալ, վաղը` մեկ այլ, մյուս օրը` ուրիշ, որովհետեւ այնտեղ մրցակցություն կա: Հենց այս կարեւոր հանգամանքն է` Վրաստանում շուկան է սահմանում տվյալ ապրանքատեսակի գինը: Եւ մի բան էլ` Վրաստանում բենզինի վաճառքով զբաղվող ընկերությունները շահագրգռված են մեկ լիտր ավել վաճառելու հարցում, բայց մեզ մոտ դա չկա, որովհետեւ ոլորտը մոնոպոլացված է: Մեզ մոտ ընկերությունները եթե գին են որոշում, ապա պետք է բոլորը այդ գնի շրջանակներում վաճառեն: Այսինքն` ներքին մրցակցության արդյունքում Վրաստանում բենզինի եւ, ընդհանրապես, ապրանքների գների փոփոխությունները շատ ավելի արագ են տեղի ունենում, քան մեզ մոտ:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով` շատ կարեւոր է ներքին մրցակցային վիճակը. «Իսկ Վրաստանում ներքին մրցակցային վիճակը շատ ավելի լավ է, քան մեզ մոտ: Այդ պայմաններում վրացական վառելիքի շուկան շատ ավելի դինամիկ է եւ շատ արագ կարողանում է ներքին մրցակցության արդյունքում փոփոխություններ իրականացնել, որից բնականաբար օգտվում է քաղաքացին»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս