Եթե Ալավերդիի քրեական հեղինակությունը շուտ ձերբակալվեր… երկու «կլանների» վենդետայի շարունակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում էր՝ Վերնիսաժի վերջին կրակոցների դեպքը բացահայտված է, հանցագործները բացահայտված են, մնում էր հարևան Վրաստանից տեղափոխվեն Հայաստան, սակայն արի ու տես, որ հանցագործությունների կծիկը նոր է քանդվում:

Կատարվածն ավելին էր, քան պարզ վենդետան։ Դեպքերը հայտնի են, քննված, դատաքննված, բայց, չգիտես ինչու, հանցագործությունների շղթան չի ընդհատվում։

Նախ հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը և 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, մյուսը՝ վիրավորվել։ Սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու մասին:

Կրակոցների արդյունքում սպանվել էր Լոռու մարզի բնակիչ Գագիկ Մոսինյանը, իսկ ահա Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Հայտնի դարձավ, որ հնչած կրակոցները Ալավերդի քաղաքում գործող երկու հանցավոր խմբավորման միջեւ տարիներ շարունակ առկա կռվի հետեւանքն են:

Եվ այսօր հայտնի դարձջավ, որ կրակոցների գործով տուժող ճանաչված Վահագն Աբգարյանը ձերբակալվել է հանցավոր խումբ ստեղծելու կասկածանքով: Նա նաև կասկածվում է Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու մեջ:

Ինչն է հետաքրքիր. այն, որ Կամո Փիրուզյանը սպանվել է 2017 թվականի հունիսին: Արդյոք տեղի կունենային վերնիսաժյան դեպքերը, եթե Աբգարյանը Փիրուզյանի սպանությունից հետո ձերբակալվեր… ի՞նչ է սա, եթե ոչ անպատժելիություն:

Ո՞վ է Վահագն Աբգարյանը

Վահագն Աբգարյանը բավականին երկար տարիներ բացակայել է Հայաստանից։ Լավատեղյակներն ասում են, որ Ուկրաինայում զբաղվել է հանքարդյունաբերությամբ եւ հայրենիք վերադարձել է որպես մեծ հարստության տեր։ Վերադառնալուց հետո Երեւանում էր բնակվում, բայց ընտանիքը՝ կինը, երեխան, ծնողները, ապրում էին Ալավերդիում։ Նա գնել է քաղաքի հյուրանոցի մի մասը, կարգի բերել եւ բարձրակարգ հյուրանոց դարձրել։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Վահագն Աբգարյանի հետևից իսկական որս են հայտարարել օրենքով գողերը։ Տրվում է Արման Կալուժսկու անունը։

Առաջին կրակոցները

2017 թվականի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում հնչել են կրակոցներ, որի արդյունքում ստացված հրազենային վնասվածքներից մահացել է քաղաքացի Կամո Փիրուզյանը (ծնված 1978թ):

ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կ.Փիրուզյանի սպանությունը կատարվել է նույն քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանի պատվերով։

Ձերբակալվել է ևս երկու անձ, որոնցից մեկը՝ սպանությունը կազմակերպելուն օժանդակելու և հանցավոր համագործակցությանն անդամակցելու, իսկ մյուսը՝ հանցավոր համագործակցությանն անդամակցելու կասկածանքով:

Իսկ սպանությունը կատարելու մեղադրանքով կալանավորվել էր՝ Ալավերդի քաղաքի բնակիչը՝ ծնված 1991թ.:

Քրեականների բախումները

Բանն այն է, որ Ալավերդիում գործում է թշնամի երկու հանցավոր խմբավորում, մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու միաժամանակ թշնամի Վահագն Աբգարյանը: 2015-ի սեպտեմբերին՝ Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, հիմնական թեկնածուները մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին:

Հաղթեց մարզպետի թեկնածուն, որից հետո «ռազբորկաներից» մեկի ժամանակ Տարոնի տղաներից Վարդան Փիրուզյանը Վահագնի խմբի երկու տղաներին՝ Էդվարդ Պողոսյանին եւ Վարդան Ավագյանին, սպանեց: Վահագնի խմբի անդամ Վալերի Դավթյանն էլ սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին: Եւ ահա վերոնշյալ օրը կրակեցին Վահագնի ուղղությամբ, բայց սպանվեց թիկնապահը:

Կալանավորներից Ռաֆիկ Խաչատրյանը հայտնել էր, թե ինքը Վահագն Աբգարյանի հետ խնդիր չի ունեցել, այլ Բլբուլյանն ու Կարադավիդովն են նրա նկատմամբ թշմամանք ունեցել իրենց մտերիմների սպանության համար, իսկ ինքը ընդամենը դեպքի օրը եղել է տղաների հետ՝ որպես վարորդ:

Հ.Գ. Վահագն Աբգարյանը իրավապահներին խոստովանել է, որ ինքն է սպանության պատվիրատուն: Ցավոք, վենդետան չկանխելու հետևանքով սպանվեց ևս մի քաղաքացի:




Լրահոս