Մասիսի քաղաքապետը՝ արտոնյա՞լ

«Հանրային ծառայության» մասին ՀՀ օրենքով բարձրաստիճան պաշտոնատար անձինք նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագրեր: Սակայն մեր օրերում կան պաշտոնյաներ, որոնք դեռեւս հայտարարագիր չեն ներկայացրել: Այդ պաշտոնյաների թվին է պատկանում ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, որն այդ պաշտոնը ստանձնել է դեռեւս 2016 թվականին: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետից հետաքրքրվեց հայտարարագիր չներկայացնելու պատճառների մասին: Հարցին ի պատասխան` Դավիթ Համբարձումյանը խոստացավ` նշելով. «Անպայման կներկայացնեմ առաջիկայում. թաքցնելու ոչինչ չկա»:

Տեղեկացնենք, որ Մասիսի քաղաքապետը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ օրենսդրությամբ բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից այդ հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար առաջին փուլով նախատեսել է նախազգուշացում, ապա` տուգանք: