Արդեն կարող եք մոռանալ չափորոշիչները. Վազգեն Մանուկյանը` նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Սերժ Սարգսյանը տվեց ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի անունը: Նա ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն է: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը սահմանել էր ապագա նախագահի «չափանիշները»` ասելով, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի անձնավորություն, «ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները: Ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն, եւ որ ամենակարեւորն է, անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել»:

Փորձեցինք Հանրային խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանից պարզել` որքանով է Արմեն Սարգսյանը համապատասխանում նախագահի նշած չափանիշներին:

-Պարո՛ն Մանուկյան, քիչ առաջ հրապարակվեց նախագահի պաշտոնում ՀՀԿ թեկնածուի անունը` ի դեմս Արմեն Սարգսյանի: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:

-Ես գտնում եմ, որ շատ ճիշտ որոշում է ընդունվել: Կարծում եմ, որ այն օգտակար է նաեւ Հայաստանի համար: Ես Արմեն Սարգսյանին շատ դրական եմ վերաբերվում: Ինքը կարող մարդ է, օգտակար կլինի մեր ժողովրդին, մեր պետությանը:

-Արմեն Սարգսյանը համապատասխանո՞ւմ է այն չափանիշներին, որոնց մասին խոսել է Սերժ Սարգսյանը:

-Այդ չափանիշների մասին խոսելն արդեն անիմաստ է: Եթե արդեն որոշակի մարդու թեկնածությունը դրված է, արդեն կարող եք մոռանալ չափորոշիչները: Մենք նայում ենք, թե հիմա այս մարդն ինչ ճանապարհ է անցել, ինչ է ներկայացնում, եւ ես միայն դրական բան եմ տեսնում: Չափանիշներն արդեն կարևոր չեն: Ամեն մեկն իր անձնական կարծիքն ուներ չափորոշիչների մասին, այդ թվում նախագահն էլ կարող է իր անձնական կարծիքն ունենալ: Մենք արդեն պետք է եղած փաստի հետ հաշիվ նստենք: Ես գտնում եմ, որ դրական որոշում է եւ օգտակար:




Լրահոս