Հարցերն ավարտվեցի՞ն. կարևորագույն փուլում խորհրդարանն անելիք չունի՞. խմբագրական

Այս տարվա ԱԺ առաջին նստաշրջանը սպասվածից կարճ տեւեց. խորհրդարանն արդեն նիստերի երկրորդ օրը սպառել էր օրակարգը եւ պարապուրդի մատնվել, իսկ երեկ ընդհանրապես նիստ չեղավ: Ու քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքը սահմանում է. «Հերթական նիստերն ավարտվում են օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո», ամեն ինչ «արագի մեջ» ավարտվեց:
Նկատենք, որ քաղաքական առումով կատարվածը, մեղմ ասած, անհասկանալի է:

Պարզվում է` խորհրդարանը քննարկելու նախագծեր չունի մի ժամանակահատվածում, որն օրենսդիր մարմնի համար ամենածանրաբեռնվածն ու աշխատատարը պետք է լիներ: Ի վերջո, Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի է, եւ դեռեւս բազմաթիվ օրենքներ պետք է համապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը: Սա ինքներդ եք հասկանում` ինչ ահռելի աշխատանք է ենթադրում: Սահմանադրական փոփոխություններից հետո երկրում արմատապես փոխվել է պետական կառավարման համակարգը, հետեւաբար հարկավոր է վերջին քսան տարվա ընթացքում ընդունված օրենքները համապատասխանեցնել նոր իրողություններին:

Հետո` Սերժ Սարգսյանն օրերս ԱԺ խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այս ԱԺ-ի իրականացրած աշխատանքին, ընդգծել էր, թե «չպետք է բավարարվել արվածով»:

Բայց ԱԺ-ն բավարարվել է, որովհետեւ անհիշելի ժամանակներից օրինագծեր հեղինակելու նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել կառավարությունը` ԱԺ-ին վերածելով դակիչ մարմնի: Ու հիմա կառավարությունն է ուղղորդում ԱԺ-ի աշխատանքները` սահմանելով, թե որքան ծանրաբեռնված պետք է այն աշխատի: Պատահական չէ, որ այժմ ԱԺ օրակարգում ընդգրկված 51 նախագծերից միայն 9-ի հեղինակն են պատգամավորները, մնացած 42-ը ներկայացրել է կառավարությունը:

Իսկ օրակարգում դեռեւս չընդգրկված 71 նախագծերից ԱԺ պատգամավորների ներկայացրածը 23-ն է: Էլ չենք խոսում այն մասին, որ կարեւորագույն նախագծերը կառավարությունն ԱԺ է բերել արտահերթ նիստերով, մինչդեռ, պարզվում է, հարկ եղած ժամանակ ԱԺ-ն նաեւ ազատ ժամանակ ունի, որպեսզի հերթական նիստերում կարեւոր հարցերը քննարկի: Հիշում եք` հափշտապ ընդունվեցին Հարկային օրենսգիրքը, Զինապարտության մասին օրենքի աղմկահարույց փոփոխությունները, երբ սահմանափակվեց տարկետման իրավունքը, Դատական օրենսգիրքը, ՍԴ մասին օրենքը եւ այլն: Այս ամենը հայաստանյան ներկա քաղաքական համակարգի պարագայում միանգամայն նորմալ է. պատգամավորներն իրենք էլ առանձնապես չեն դժգոհում կառավարության կցորդի կարգավիճակից: Միայն ընդդիմադիր խմբակցություններից են այս թեմայով բողոքում, այն էլ նրանց թիվը բավարար չէ` ձայնը լսելի դարձնելու համար: