2017-ին Արցախում ամուսնությունների թիվն աճել է

2017 թվականին Արցախում գրանցվել է 961 ամուսնություն՝ նախորդ տարվա 934-ի փոխարեն:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից` հավելելով, որ ամուսնացող տղամարդկանց միջին տարիքը կազմում է 28, իսկ կանանցը՝ 23:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2017 թվականին Արցախում կատարվել է թվով 227 ամուսնալուծության ակտային գրանցում՝ նախորդ տարվա 168-ի փոխարեն: Ամուսնալուծվողների միջին տարիքը կազմում է 33: Ամուսնալուծության գրանցման համար ավելի հաճախ դիմում են կանայք: Ամուսնալուծվող քաղաքացիներից 153 զույգ ունի անչափահաս երեխա:

2017 թվականին ԱՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել է օտարերկրյա քաղաքացիների ամուսնության գրանցման թույլտվության թվով 23 նյութ: