Անհավատալի և անտեսանելի պայքար. Պյոտոր Սվիտալսկու ուշագրավ բացահայտումը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին ուշագրավ բացահայտում է արել: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը, առանց սպասելու հաջորդ ընտրություններին, քաղաքական կոռուպցիայի դեմ ուղղված քայլեր է նախաձեռնել: Դեսպանը հավելել է, թե այդ օրենսդրական քայլերի ընդունումից եւ իրականացումից հետո ընտրությունները կդառնան ավելի մաքուր, արդար եւ ավելի լավը: Նա, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, այլ խորհուրդ է տվել դա հարցնել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից փորձեց ճշտել տեղեկությունը, սակայն, ապարդյուն:

Նշենք նաեւ, որ այս ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել ու շրջանառության մեջ է դրվել ՀՀ Ընտրական օրենսգրքի մի նախագիծ, որտեղ, սակայն, իրավական ամրագրումներ են ներկայացված վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Իսկ քաղաքական կոռուպցիայի՝ ընտրակաշառքի վերաբերյալ չկա որեւէ բառ: Չի բացառվում, այնուամենայնիվ, որ հիմա ԸՕ եւս մեկ նախագիծ է մշակվում, բայց քանի որ դեռ չի ավարտվել, շրջանառության մեջ չի դրվել:

Ամեն դեպքում, հիշեցնենք` քաղաքական կոռուպցիայի թեմային անդրադարձ կար նաեւ ԱԺ ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշման մեջ, որտեղ նշված է, թե քաղաքական կոռուպցիայի «արմատախիլ անելը պետական քաղաքականության եւ երկրի իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթություն պետք է լինի: Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում»: Միայն թե, զարմանալի է՝ ինչպե՞ս է իշխանությունը կտրելու այն ճյուղը, որի վրա նստած է ինքը. ի վերջո, այս իշխանությունը ձեւավորվել է քաղաքական կոռուպցիայի արդյունքում 10 հազարական դրամների շնորհիվ:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս