Ի՞նչ պահանջ է Արցախը դնելու ՀՀ նախագահի թեկնածուի առջեւ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմեն Սարգսյանը, ում թեկնածությունը ՀՀԿ-ն առաջարկել է ՀՀ նախագահի պաշտոնում, երեկ հայտարարել է, թե վերջնական համաձայնությունը կտա, կամ որ նույնն է, կասի «հա» հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների հետ հանդիպումից հետո: Նա նաեւ ասել է, թե կուզեր հանդիպել Արցախի ղեկավարությանը եւս: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանից փորձեց պարզել, թե որքանո՞վ է Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընկալելի Արցախի համար:

«Եթե ՀՀ քաղաքացիների համար ընդունելի է, ապա մեզ համար էլ է ընդունելի»,- ասել է նա: Իսկ ի՞նչ պահանջ է Արցախը դնելու ՀՀ նախագահի թեկնածուի առջեւ. հետաքրքրվեցինք Արցախի ԱԺ փոխխոսնակից: Նրա խոսքերով` Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ առաջինը Արցախի միջազգային ճանաչման հարցին հետամուտ լինելու խնդիրն են բարձրացնելու: «Այսօր այդ հարցն է առօրեական, եւ կքննարկվի այդ հարցը ավելի ակտիվացնելու տեսանկյունից եւ Արմեն Սարգսյանի փորձը, հնարավորություններն օգտագործելու տեսանկյունից»,- նշել է Արցախի խորհրդարանի փոխխոսնակը»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: