Քրեականների գործով պաշտոնյաներ կհարցաքննվեն. ինչպիսին կլինի վենդետայի շարունակությունը

2017 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանում` Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների գործը նոր թափ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` հունվարի 18-ին ձերբակալված քրեական հեղինակութուն, ալավերդցի Վահագն Աբգարյանի գործով ՀՀ իրավապահները մի շարք պաշտոնատար անձանց կկանչեն հարցաքննության:

Քրեական տարրերի բախումը

Ինչպես հայտնի է` Ալավերդի քաղաքում գործում է թշնամի երկու հանցավոր խմբավորում: Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը` նրա հեռավոր ազգական ու միաժամանակ թշնամի Վահագն Աբգարյանը: 2015-ի սեպտեմբերին` Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, հիմնական թեկնածուները մարզպետ Արթուր Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը` Արթուր Աբգարյանն էին: Հաղթեց մարզպետի թեկնածուն, որից հետո` «ռազբորկաներից» մեկի ժամանակ, Տարոնի տղաներից Վարդան Փիրուզյանը Վահագնի խմբի երկու տղաներին` Էդվարդ Պողոսյանին եւ Վարդան Ավագյանին, սպանեց:

Նոր սպանություն

Դեպքերը նոր թափ ստացան. 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում Վահագնի խմբի անդամ Վալերի Դավթյանը սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին:

Դեպքի առթիվ 2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական գործ հարուցվեց` սպանության եւ ապօրինի զենք պահելու հատկանիշներով:

2017թ. սեպտեմբերի 15-ին քննչական կոմիտեն քրեական գործի նախաքննությունն ավարտել էր, սակայն Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարել՝ նկատի ունենալով, որ նախաքննության մարմնի կողմից թերի քննություն է եղել:

Վենդետայի շարունակությունը

Լոռու մարզի դատախազի տեղեկալի այս որոշումը պատահական չէր, քանի որ տարիներ շարունակ Ալավերդի քաղաքում միմյանց դեմ գործող երկու կրիմինալ անձանց թիմակիցները մի նոր կինո էին սարքել Երեւանի Վերնիսաժի տարածքում: 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Հանրապետության փողոցում` «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը եւ Ռաֆիկ Խաչատրյանը կրակոցներ էին արձակել Վահագն Աբգարյանի եւ նրան թիմակիցների ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվեց Գագիկ Մոսինյանը:

Այս դեպքից հետո իրավապահները հետախուզում հայտարարեցին սպանությունը կատարողների նկատմամբ, որից հետո Կոտայքի մարզում հայտնաբերվեց Ռաֆայել Խաչատրյանը, իսկ մյուս հետախուզվողներին 2017 թվականի հոկտեմբերին գտան Վրաստանի Հանրապետությունում, բայց մինչ օրս այդպես էլ չեն տեղափոխվել Հայաստան:

Գրել էինք, որ սպանություն կատարող անձինք Վրաստանի իշխանությունների հետ սերտ կապերն ունեն, ուստի նրանց տեղափոխելու գործընթացը ՀՀ իրավապահների համար բարդացել է:

Նկատենք, որ Ալավերդի քաղաքում 2 տարի շարունակ տեւած կրիմինալ բախումների հետեւանքով 3 մարդ է սպանվել, բայց եթե իրավապահ համակարգը «քնից վաղ արթնանար», գործի անցներ, այսքան զոհեր չէին լինի:

Սպանություններից ամիսներ անց

Այսպիսով` 2018 թվականի հունվարի 18-ին ՀՀ իրավապահները ձերբակալեցին քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու փաստի առթիվ: ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության կատարած մեծածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է Վահագն Աբգարյանի կողմից ստեղծված եւ ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ ու Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով: Ասել է, թե սպանությունից 7 ամիս անց նոր ՀՀ իրավապահ համակարգը կարողացավ բուն սպանության գործը բացահայտել կամ, այսպես ասած, համարձակություն ցուցաբերել եւ պատասխանատվության կանչել Աբգարյանին, սակայն այս դեպքում` եւս ուշացած:

ԱԱԾ գաղտնալսումները

«Ժողովուրդ» օրաթերթին Վահագն Աբգարյանի ձերբակալությունից աղմկալի մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես ԱԱԾ-ն, ինչպես նաեւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունը խիստ վերահսկողություն են իրականացրել քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի նկատմամբ, բնականաբար, գաղտնալսել նրան: Այդ ընթացքում բացահայտել են, որ նա սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի կրակոցներից հետո սկսել է հանցավոր խմբավորում ստեղծել՝ վրեժխնդիր լինելով իր մտերիմ ընկերոջ սպանության համար: Այդ գործողությունների ընթացքում հայտնի է դարձել, որ նրա թիրախում է եղել իր ազգական, քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը:

Այսպիսով` 4-րդ վենդետան կանխելու համար` ձերբակալվել է Վահագն Աբգարյանը: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` հունվարի 18-ին, երբ իրավապահները «Գինետուն» հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել Վահագնին ու նրա թիմակիցներին, հյուրանոցային համալիրի սենյակում հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք, տրոտիլ եւ այլ նման նյութեր:

Պաշտոնյաներ կհարցաքննվեն

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պատմության ամենաուշագրավ հանգամանքը այն է, որ այս ամիսների ընթացքում Վահագն Աբգարյանը կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետո: Ուստի իրավապահները գործի հանգամանքներից ելնելով` որոշ պաշտոնատար անձանց պետք է կանչեն հարցաքննության՝ պարզելու, թե ինչ կապ ունեն նրանք Աբգարյանի հանցավոր քայլերի հետ:

Լոռու մարզպետը կհարցաքննվի՞

Ինչպես հայտնի է` Վահագն Աբգարյանը եղել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի թիմակիցը, եւ այս աղմկահարուց դեպքերից հետո նրանք մի քանի անգամ խոսել են միմյանց հետ: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Լոռու մարզպետի հետ:

-Պարո՛ն Նալբանդյան, Դուք վերջին շրջանում խոսե՞լ եք Վահագն Աբգարյանի հետ, տեղյա՞կ եք եղել նրա պլանների մասին:

-Ուղղակի, չգիտեմ` ծիծաղե՞մ, թե՞ զարմանամ:

-Լավ կլինի պատասխանեք:

– Ես այդ մարդու հետ որեւէ առնչություն չունեմ, ինչո՞ւ ինձ պետք է զանգի, խոսի:

-2015 թվականից Ձեր թիմակիցն է եղել:

-Շատ կներեք, մենք 5000 թիմակից ենք ունեցել, եւ Ալավերդին փոքր քաղաք է, բոլորը իրար ճանաչում են, հիմա բոլորը պարտադիր իրար պետք է զանգեն ու կարծիք հայտնե՞ն:

-Այսինքն` չե՞ք խոսել նրա հետ, կապ չե՞ք ունեցել:

-Հիմա 21-րդ դարն է, ցանկացած պահի, ցանկացած հեռախոս կարող են գաղտնալսել եւ դեռ նախորդ օրերի հեռոխոսային խոսակցությունները վերծանել, դրա մեջ որեւէ խնդիր չկա :

-Այսինքն՝ Դուք վախենալու բան չունե՞ք:

– Ընդհանրապես վախենալու բան չունեմ, ես որեւէ առնչություն չունեմ:

Քնար Մանուկյան