Մերն ուրիշ է. Սարգսյանը կհուշի Թրամփին աննկատ մնալու ու սարսափի բանաձեվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարին ԱՄՆ-ում փակվեց հարկային օրենսդրության վերանայմամբ, որոշակի հարկատեսակների կրճատմամբ ու հարկային բեռի թեթեւացմամբ: Դա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ԱՄՆ Հանրապետական կուսակցության համար կարելի է անվանել լուրջ հաջողություն` հաշվի առնելով դրանից քաղաքական կապիտալ ստանալու հնարավորությունները: Սակայն Թրամփը չկարողացավ ձերբազատվել իր թիկունքում ռուսական հետքի շուրջ ընթացող հետաքննության ծանր շնչառությունից, որը օրերս հետաքրքիր զարգացումներ ունեցավ:

Տարվա վերջին Թրամփը պաշտոնից հեռացրեց իր հատուկ խորհրդական Սթիվ Բեննոնին, որը աջ ծայրահեղականության ակտիվ քարոզիչներից մեկն է եւ համարվում էր Թրամփի մտերիմը: Բեննոնը թեպետ վերադարձավ իր հին աշխատանքին` համակարգելու աջ ծայրահեղականության հայտնի պարբերականներից մեկի աշխատանքները, սակայն պահպանեց իր ներկայությունը Թրամփի շուրջ հյուսվող սկանդալներում: Բեննոնի գաղափարները, մտքերն ու կարծիքը օգտագործելով` Մայք Վուլֆը Թրամփի մասին մի գիրք հրատարակեց, որը բացահայտում էր նախագահի վարչակազմի ներսում տիրող քաոսը: Թեեւ Թրամփն ու նրա իրավաբանները ամեն ջանք գործադրեցին` արգելելու համար գրքի լույս ընծայումը, սակայն դրանք ապարդյուն անցան: Գրքի ընթերցումը ցույց տվեց, թե ինչպիսի թափթփվածություն է տիրում Թրամփի վարչակազմում` այդ ամենը համեմված արդեն նախկին գլխավոր խորհրդականի կծու գնահատականներով:

Մամուլի համակ ուշադրությունը, այդպիսով, կենտրոնացավ Բեննոնի վրա, որը դավաճանություն էր համարել Թրամփի որդու հարաբերությունները ռուսական հատուկ շրջանակների հետ: Թեպետ Թրամփի ճնշումների արդյունքում Բեննոնը ներողություն խնդրեց իր արտահայտությունների համար եւ հրաժարվեց հավելյալ հրապարակային մեկնաբանություններից, բայց ԱՄՆ Կոնգրեսն ու հատուկ դատախազը խայծը կուլ չտվեցին: Շաբաթվա սկզբին Բեննոնը ստիպված եղավ հարցաքննվել ռուսական հետքի քննությամբ զբաղվող ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի առաջ: Դատականչվելով Կոնգրես` Բեննոնը Թրամփի վարչակազմի հերթական ներկայացուցիչն է, որը ստիպված է պարզաբանումներ տալ, թե ինչ կապեր են եղել նախագահի նախընտրական քարոզչական շտաբի ու ռուսական կառավարող շրջանակների միջեւ: Սակայն, ի տարբերություն մյուս պաշտոնյաների, Բեննոնի հարցաքննությունը հետաքրքիր զարգացում է ունեցել:

Նա, որպես գործադիր իշխանության` արդեն նախկին ներկայացուցիչ, ակտիվորեն գործակցել է Սպիտակ տան ու Թրամփի իրավաբանների հետ: Իսկ կոնգրեսականների հարցերին կա՛մ խուսափողական պատասխաններ է տվել, կա՛մ էլ հայտարարել, որ չի կարող պատասխանել կոնկրետ հարցերին` հաշվի առնելով նախագահական արտոնությունը: Խնդիրն այն է, որ նախորդ հարցաքննվողները նույնպես քանիցս հիմնվել են այլոց հարցերին չպատասխանելու նախագահական արտոնության վրա, որը ԱՄՆ նախագահին վերապահված է Սահմանադրությամբ:

Ըստ այդ արտոնության` նախագահը կարող է ընթացիկ քաղաքական իրավիճակում հրաժարվել Կոնգրեսի հարցերին պատասխանելուց` պետական գաղտնիքներ չմատնելու համար հասարակությունից, ու Կոնգրեսից թաքցնել որոշակի տեղեկություններ: Ոչ ոք նախագահին չի կարող պարտադրել հարցաքննվել կամ պատասխանել հարցերին, որոնք կվնասեն պետական անվտանգությունը: Եվ ահա Թրամփի վարչակազմի հարցաքննվող պաշտոնյաները, միմյանց հերթ չտալով, հիմնվում են այս սահմանադրական նորմի վրա` պնդելով, որ չեն կարող պատասխանել հարցերի, որոնք վերաբերում են նախագահի հետ իրենց զրույցներին: Այսինքն` քանի որ հարցերին պատասխանելով` անուղղակիորեն կխախտեն նախագահի` հարցերին չպատասխանելու սահմանադրական արտոնությունը, այդ պատճառով հրաժարվում են խոսել կոնկրետ թեմաների շուրջ:

Սակայն Բեննոնի պարագայում այդ իրավունքից օգտվելն այնքան հաճախ է տեղի ունեցել, որ առաջացրել է կոնգրեսականների զայրույթը: Բեննոնը հրաժարվել խոսել թե՛ թեկնածու Թրամփի քարոզարշավի, թե՛ իշխանության ստանձնման շրջանի գործընթացների, թե՛ Թրամփի նախագահության ժամանակահատվածի կոնկրետ իրադարձությունների մասին: Հանձնաժողովի դեմոկրատ անդամներից մեկն անգամ չի թաքցրել իր բարկությունը լրատվականների հետ զրույցում` նշելով, թե ինքն առաջին անգամ է տեսնում, որ նախագահին վերաբերող սահմանադրական նորմը կիրառվի ընտրյալ, բայց պաշտոնը չստանձնած նախագահի կամ էլ նույնիսկ նախագահի պաշտոնը չզբաղեցնող երկու անձանց խոսակցությունների բացահայտման առթիվ:

Անգամ Կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչներն էին վրդովված Բեննոնի հարցաքննությունից ու դրա շուրջ Սպիտակ տան հյուսած սարդոստայնից: Փորձելով ամեն կերպ զսպել Բեննոնին, որը, անկասկած, շատ բան գիտի Թրամփի թիմի գործունեության մասին, Սպիտակ տունը կարծես հաշվի չի առել, որ հատուկ դատախազի հետ նույնը կրկնել չի ստացվի:

Հատուկ ռուսական հետքը քննող հանձնախումբը` Ռոբերտ Մյուլլերի ղեկավարությամբ, ազատ է իր գործունեության մեջ, եւ նրա հետ Բեննոնը ստիպված է լինելու անկեղծանալ: Արդեն իսկ հայտնի է, որ Մյուլլերը հարցաքննության է կանչել Բեննոնին` խոսելու համար այն բոլոր հարցերի մասին, որոնցից նախկին խորհրդականը Կոնգրեսում խուսափել էր: Այժմ Թրամփի իրավաբանական թիմը բավականին սահմանափակ լիազորություններ ունի` ազդելու համար գործընթացի վրա` կրկին հայացքը հառած հատուկ դատախազի ձեռնարկելիք քայլերին ու արդեն ավանդույթ դարձած հարցաքննություններին հաջորդող տեղեկատվական արտահոսքերին:

Մինչդեռ Հայաստանում դժվար է պատկերացնել, որ նախագահն ու նախագահական վարչակազմը դողալով սպասեն իրենց վերաբերող ինչ-որ հետաքննության: Անգամ նախորդ ամիս, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կամայականորեն ներել է հանցագործություններ կատարած համայնքապետերին ինչ-որ մարդկանց միջնորդություններով, որեւէ մի քննիչ չհանդգնեց ընթացք տալ այդ գործին: Իսկ անհնար է պատկերացնել, որ ԱՄՆ-ում նախագահը նման ելույթ ունենար, ու մի նոր հետաքննություն չբախեր նրա դուռը: Եթե ամբողջ աշխարհում զգուշանում են ԱՄՆ նախագահից, իսկ սեփական երկրում նրան ընդամենը ընդունում իբրեւ հավասարների մեջ առաջինը, ապա ամբողջ աշխարհում չեն էլ նկատում Հայաստանի առաջնորդին, իսկ երկրի ներսում սարսափում նրանից:

Ն. Հովսեփյան




Լրահոս