«Թող մինուս լինի, որ մենք նորմալ գնանք դեպի օրացուցային գարուն». եղանակային այս պայմանները ինչ վտանգներ են ներկայացնում

Հայաստանում այս տարվա տաք ձմեռը եւ եղանակային չոր պայմանները խիստ մտահոգություն են առաջացրել ոչ միայն մասնագետների, այլեւ Արարատյան դաշտավայրի գյուղացիների մոտ: Բանն այն է, որ տեղումների բացակայության հետեւանքով ՀՀ-ում ջրամբարները այդպես էլ չեն լցվել, իսկ չլցվելու արդյունքում գյուղացիները ոռոգման սեզոնին կանգնելու են լուրջ խնդրի առաջ:

Ըստ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի` Հայաստանի 11 խոշոր ջրամբարներում քիչ ջուր է կուտակված. մոտ 200 մլն խ/մ` 280 մլն խ/մ-ի դիմաց: Ջրպետկոմի մասնագետների տվյալներով` վերջին տարիներին նման տարբերություն չի գրանցվել: Նրանք հույս ունեն, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում ձյան տեսքով տեղումների դեպքում ոռոգման կայունությունը կապահովվի: Բայց ըստ որոշ մասնագետների` 80 մլն խ/մ-ի դեֆիցիտը հնարավոր է առատ անձրեւների շնորհիվ մեղմել: Իսկ ջրային տնտեսության պետական կոմիտեն դեռ չի շտապում կանխատեսումներ անել, քանի որ առջեւում մի քանի ամիս կա:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շտապեց տեղեկացնել, որ այս պահի դրությամբ եղանակային չոր պայմանները վնաս չեն հասցրել գյուղատնտեսության ոլորտին: «Այս պահի դրությամբ օգուտից բացի վնաս չունենք: Բայց լավ կլինի, որ ջերմաստիճանը նվազի, բողբոջները պետք է չբացվեն, քանի որ մեր օրացուցային գարունը շատ հեռու է: Թող մի քիչ ջերմաստիճանը իջնի, իհարկե, սառնամանիք չլինի, բայց մինուս լինի, որ մենք նորմալ գնանք դեպի օրացուցային գարուն: Հետագայում ուշ գարնանային ցրտահարությունները կարող են ռիսկային լինել: Մեզ պետք է, որ նորմալ ձմեռ ունենանք»,- բացատրեց մասնագետը:

Ապա անկեղծացավ` նշելով, որ մտահոգություն կա ոռոգման ջրի մասով: Գյուղատնտեսության նախարարության մասնագետներին եւս մտահոգում է ջրամբարների չլցվելը: «Բայց այս պահի դրությամբ վաղ է խոսելը, որովհետեւ դիմացը բավականին ժամանակ կա: Այսինքն` հանրապետությունում մի քանի օր անընդմեջ տեղումների դեպքում արդեն այս հարցը դուրս կգա օրակարգից: Ճիշտ է` մտահոգություն կա, բայց դեռ ժամանակ ունենք, չէ՞ որ բնություն է… հնարավոր է` 3-4 օր շարունակ ձյուն գա: Ժամանակ ունենք ջրամբարները լցվելու հետ կապված»,- նկատեց փոխնախարարը: Նա մեզ հետ զրույցում հիշեց, որ 2015 թվականին տաք ձմեռ ենք ունեցել: Ապա հուսադրեց` նշելով, որ այդ տարին գյուղատնտեսական առումով շատ բերքառատ է եղել:

ՀՀ Արմավիրի մարզի Հովտամեջի գյուղացիները խիստ անհանգստացած են, քանի որ չգիտեն` հողագործության եռուն շրջանում հնարավոր է` մնան առանց ջրի: Հովտամեջցիների նման մտահոգված են նաեւ շենիկցիները, Մայիսյան, Մրգաշատ գյուղերի բնակիչները:
Հովտամեջի գյուղապետ Արմեն Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կանխատեսեց, որ այս տարի ոռոգման ջրի հետ կապված խնդիր լինելու է: «Ես չգիտեմ, թե որքանով են հիմա ջրամբարները լցված, կհասցնեն արդյո՞ք դրանք լցվել, բայց այն, որ արտեզյան հորերի մեջ ջուր չկա, դա հաստատ է: Չէ՞ որ մարդիկ իրենց հողերը արտեզյան հորերով են ջրում: Ամբողջ խնդիրը դա է: Այսօր կարեւոր չէ կարտոֆիլի սերմը հողի մեջ գցելը, լավ, ծառը էտեցինք, հետո՞, եթե չես կարող այն ջրել, ի՞նչ: Եթե այսպես չորային սկսվեց տարին, գյուղացու համար լավ չէ»,- տխուր ձայնով նկատեց գյուղապետը:

Բայց ջրպետկոմից շտապում են փոխանցել, որ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում դեֆիցիտը այլընտրանքային ջրաղբյուրների հաշվին լրացնելու ուղղությամբ:

Հիշենք, որ անցած տարի գյուղացու համար ոռոգման ջրի առումով եւս բարեհաջող չէր: Արմավիր եւ Արարատ մարզերի հարյուրավոր գյուղացիներ բողոքի ակցիաներ անցկացրին, անգամ ճանապարհներ փակեցին` պահանջելով լուծել իրենց ոռոգման ջրի հարցը: Իսկ պատկան կառույցը` ջրային տնտեսության պետական կոմիտեն, միայն բավարարվում էր` հայտարարելով, որ երաշտի տարի է: Ինչ երաշխիք, որ այս տարի եւս այս գերատեսչությունը ամեն ինչ կգցի բնության, եղանակային պայմանների վրա եւ մատը մատին չի խփի:

Սյունէ Համբարձումյան