Ինչո՞ւ «Չորս տարբերակ» խումբը տարիներ շարունակ չի կատարում իր խոստումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորս տարբերակ» փոփ խումբը, որը վերջին տարիներին պասիվացրել է իր գործունեությունը, չնայած անդամների խոստումներին եւ հավաստիացումներին` այդպես էլ չի վերադառնում շոու-բիզնես։ Դեռեւս 2016-ի աշնանը խմբի անդամ Քնարիկ Զաքարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ «Չորս տարբերակը» տեւական դադարից հետո վերսկսելու է իր գործունեությունը։
Անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, սակայն խումբն այդպես էլ չի երեւում ասպարեզում։

Խմբի անդամ Նարինե Մկրտումյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ պատճառը վերադառնալու համար ստիմուլ չունենալն է. «Այս պահին, օրինակ, ֆինանսական խնդիրներ չունենք, պարզապես պետք է կազմակերպվենք։ Բայց եթե մի բան ես անում, պետք է դրա պատասխանը ստանաս, իսկ այդ պատասխանը տարիների ընթացքում ոչ մի կերպ չենք ստանում։ Ես չեմ սիրում այն երգերը, որոնք կատարում եմ, օրինակ, ռեստորաններում։ Իսկ ասպարեզում ներկայանալու համար հաճախ ներկայացնում ենք երգեր, որոնք չեն ընդունվում, ասում են՝ մարդկանց ճաշակը փոխվել է, բայց այդ ճաշակին համարժեք երգեր էլ մենք չենք ուզում կատարել։ Եվ այդպես` տեղաշարժ չի գրանցվում»,-ասաց նա՝ հավելելով, որ խումբը շոու-բիզնես չի վերադառնում նաեւ այն պատճառով, որ անդամներից ամեն մեկն իր խնդիրները, անձնական կյանքը, ընտանիքն ունի, եւ այդ հանգամանքը դժվարացնում է խմբի ինքնակազմակերպման գործընթացը։

Նարինեն հիշեցրեց, որ վերջերս թողարկվեց խմբի՝ Հարութ Փամբուկչյանի համերգին կատարած երգի տեսանյութը։ Ստեղծագործությունը կոչվում է «Աղջիկ ջան, նազ ունես»։

«Վերջին շրջանում կոորպորատիվներից շատ հրավերներ ենք ստանում, կարծում եմ՝ գաղտնիքն այն է, որ կատարեցինք 6/8 չափի երգ։ Անկեղծ ասած՝ բավականաչափ գումարներ ենք աշխատում դրա հաշվին»,-խոստովանեց Նարինեն։

Նա նաեւ հավելեց, որ հավանաբար գարնանը խումբը կթողարկի տեսահոլովակ. «Հուսով ենք՝ այս անգամ ոչինչ չի խանգարի դրան»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Անի Անտոնյան




Լրահոս