ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՐԿԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՆՎԱԶԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում ներկայումս ակտիվորեն քննարկվում է հարկային բեռի թեթեւացման հարցը, որը այս պետության հասարակական-քաղաքական կյանքի կարեւորագույն բաղադրիչներից է: Առհասարակ ԱՄՆ-ում կա այսպիսի մի քարացած կանոն, որ երբ իշխանության են գալիս դեմոկրատները, հարկերը որոշակիորեն ավելանում են, մինչդեռ հանրապետականները դրանք պակասեցնում են: Եվ զարմանալի չէ, որ այդ հարցը նախընտրական շրջանի ամենասուր թեմաներից մեկն էր: Այժմ, երբ Սպիտակ տանը հաստատվել են հանրապետականները, ԱՄՆ-ում ակնկալվում է հարկային բեռի թեթեւացում, ինչի հետ կապված քաղաքական ուժերի միջեւ առկա տարաձայնությունները գնալով խորանում են:

Դեռեւս նախընտրական շրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր էապես նվազեցնել հարկային բեռը: Թրամփը պնդում էր, որ դա լինելու է աննախադեպ համալիր-ծրագիր իր մասշտաբներով եզակի Միացյալ Նահանգների պատմության մեջ: Եվ իր այդ գնահատականները ԱՄՆ նախագահը կրկնեց օրեր առաջ` պնդելով, որ այժմ Կոնգրեսում քվեարկվող հարկային նվազեցումների հարցը պատմական նշանակություն ունի, քանի որ նախկին որեւէ նախագահ նման մակարդակի նվազեցման չի գնացել: Սակայն վերլուծաբանները հերթական անգամ ի դերեւ հանեցին նախորդ նախագահների իրականացրած հարկային փոփոխությունների փաթեթները: Եվ պարզվեց, որ ամենից մեծ հարկային նվազեցումը արել է ոչ այլ ոք, քան նախկին նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման` ինչպես մի շարք դեպքերում անձամբ հանդես գալով նման օրինագծերով, այնպես էլ օրենքի ուժով ճանաչելով իր նախորդի` Ջորջ Բուշ Կրտսերի կրճատումները: Հարկային փոփոխությունների փաթեթների համապարփակ ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդելու, որ Թրամփի բարեփոխումները 1918 թվականից ցայսօր իրականացված ռեֆորմների շարքում զբաղեցնում են սոսկ 8-րդ հորիզոնականը:
Հարկային կրճատումների պատմականության հարցի հետ մեկտեղ շարունակվում է բանավեճը, թե ով կշահի այդ բարեփոխումների արդյուքնում: Անշուշտ, ժողովրդահաճության տեսանկյունից Դոնալդ Թրամփը շահեկան դիրքերում է: Ցանկացած իշխանության որոշում` կրճատել հարկային ծանրաբեռնվածությունը, ինքըստինքյան արժանանում է ժողովրդի բարեհաճությանը:
Ներկա իրավիճակում, երբ նախագահ Թրամփը լուրջ խնդիրներ ունի իր քաղաքականության տրամաբանությունը ամերիկացիներին բացատրելու հարցում, երբ նրա վարկանիշը, ըստ սոցիոլոգիական հարցումների, պատմական նվազագույնին է հասել, հարկային կրճատումները կարող են նրան որոշակի քաղաքական կապիտալ բերել: Հաշվի առնելով առարկայական ձեռքբերումների ստվարաքանակը` սա Թրամփը կարող է համարել իրական հաջողություն եւ փորձել այդ հենքի վրա կառուցել գալիք տարվա քաղաքական ծրագրերը:
Ավելին` հարկերի նվազեցումը հնարավոր է` զգալիորեն ավելացնի հանրապետականների հեղինակությունը, որոնք սենատորների վերջին ընտրություններում շարունակաբար պարտություններ են կրում: Ըստ էության, ԱՄՆ հանրապետական կուսակցությունը, հնարավոր է, ավելի շատ է շահագրգռված հարկերը կրճատելու հարցում, քան նախագահ Թրամփը: 2018թ. նոյեմբերին ԱՄՆ-ում սպասվում են Կոնգրեսի մասնակի ընտրություններ, որտեղ դեմոկրատների հաղթանակը այսօրվա պայմաններում լիովին իրական է թվում: Դա ոչ միայն կկանգնեցնի Թրամփի ու հանրապետականների քաղաքականությունը, այլեւ կարող է սպառնալ գործադիր իշխանության էական սահմանափակմամբ: Իսկ ռուսական հետքի հետաքննության խորացման պարագայում իրադարձությունները կարող են հասնել մինչեւ նախագահի պաշտոնանկությանը:
Այսուհանդերձ, ամերիկյան վերլուծաբանները մի փոքր թերհավատ են հանրապետականների հաջողությունների հարցում: Հաշվի առնելով հանգամանքը, որ հարկային փոփոխությունները նախաձեռնվել են շատ կարճ ժամանակահատվածում, դրանց արագ օգտակար գործողության գործակիցը շատ ցածր կլինի: Ամերիկացի ֆինանսիստները կարծում են, որ այս հարկային փոփոխությունները, ըստ էության, ապագայամետ չեն` սահմանափակվելով սոսկ իրավիճակային շահով: Ըստ այդմ, անորոշ է, թե ամերիկացիները գործնականում որքանով կզգան կատարված փոփոխությունների ազդեցությունն իրենց վրա, ինչն էլ կարող է ազդել քվեարկության արդյունքների վրա: Ամերիկյան վերլուծաբանները նկատում են, որ Հյուսիսային Կորեայի ճգնաժամն ու ռուսական հետքի շուրջ ընթացող հետաքննությունը ավելի մեծ հավակնություն ունեն որոշելու հանրապետականների ճակատագիրը, քան հարկային բարեփոխումները:
Ի տարբերություն ԱՄՆ-ի, Հայաստանում իշխանությունները երբեք չեն մտածում հարկային բեռը թեթեւացնելու մասին, քանի որ նրանք ընտրողներին հաճոյանալու խնդիր չունեն: Իսկ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքում երբեք իշխանություն չի փոխվել: Ավելին` ամեն մի ընտրությունից հետո հարկերն ավելի են բարձրանում: Մասնավորապես Հայաստանում եկող` 2018 թվականի սկզբից սպասվում է հարկերի հերթական բարձրացում:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԱԾ

«Ժողովուրդ» օրաթերթը ընթացիկ տարվա ապրիլի 21-ի համարում անդրադարձել է Հայաստանում գործող հանքային արդյունաբերությանը (https://armlur.am/682705/):

Մասնավորապես փորձել էինք հասկանալ` ինչ գործունեություն են ծավալում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած մի քանի ընկերություններ, եւ թե պետական լիազոր մարմինները որքանով են հետեւողական այդ ամենին:ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության կայքից պատահականության սկզբունքով ընտրել էինք մի քանի ընկերություններ, որոնք ստացել են վերը նշված հանքային իրավունքը, ապա սկսեցինք իրականացնել լրագրողական հետաքննություն:
Արդյունքում պարզվեց, որ ընտրված ընկերությունները ստանձնած պարտավորությունները չեն իրականացնում, ավելի ստույգ` անգործության են մատնված:
Այսպես` առաջին ընկերության` «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ ՍՊ ընկերության ժամկետի ավարտով պայմանավորված` հարցում կատարեցինք ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը:
Պատասխան նամակով տեղեկացանք, որ ընկերությանը տրամադրված հանքային իրավունքի ժամկետները չեն երկարաձգվել, եւ ավելին` ընդերքաբանական փորձաքննության չեն ենթարկել ընկերության կողմից ներկայացրած 2012-2017թթ. իբրեւ կատարված աշխատանքների հաշվետվությունը:
Եվ ահա, ամիսներ անց կրկին փորձեցինք նախարարությունից տեղեկանալ` «Պոլիմետ կորպորացիա-հայ-կանադական» ՀՁ ընկերությունը ներկայումս ունի՞, արդյոք, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք, քանի որ, ըստ նախարարության տեղեկատվության, թույլտվության ժամկետն ավարտվել է 11.06.2017թ:
Ինչպես նաեւ խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն, թե արդյո՞ք ընկերությունը սահմանված կարգով դիմել է պայմանագրի ժամկետի երկարացման խնդրով, թե՞ ոչ եւ եթե դիմել է, ապա լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով ի՞նչ գործողություններ պետք է իրականացնի:
Եվ պարզվեց, որ ընկերությունը մեր հարցումներից հետո եւս չի գործել, ավելին` նախկինում բազմաթիվ վնասներ է տվել տեղի բնակիչներին` աշխատեցնելով եւ չվճարելով աշխատակիցների աշխատավարձերը, որի մասին մենք արդեն հրապարակել ենք:
Այսպիսով` ընկերությունը ոչ միայն չի աշխատել, այլեւ խախտել է աշխատանքների ծավալները եւ ժամկետները:
Եվ այստեղ հարց է առաջանում` ինչո՞ւ է կառավարությունը թույլտվություն տրամադրում ծանոթ-բարեկամ սկզբունքով` չտիրապետելով` այս ընկերություններն արդյո՞ք ունեն նման պոտենցիալ` իրականացնելու պատշաճ գործունեություն, թե՞ ոչ: Գուցե այս ընկերությունների նպատակն այն է, որ ստանան հանքային իրավունք եւ այն վաճառեն մեկ այլ ընկերության ու մեծ շահույթներ ստանան:
Պետությունից ստանում են հանքային իրավունքի փաստաթղթերը, չեն իրականացնում ստանձնած աշխատանքները, չեն պատժվում այդ արարքի համար, ներդրող մեկ այլ ընկերությանը խոչընդոտում են` ներդրում կատարելու համար, քանի որ այդ հանքավայրերի տեղամասերը պատկանում են ոչ բարեխիղճ ընկերություններին, ինչպիսիք են սրանք:
Այս ամենից պարզ է դառնում, որ մեր պետության քաղաքականությունը իր կարեւորագույն եւ բարդ ոլորտի նկատմամբ անտարբեր է, եւ այդ դաշտը բարձիթողի վիճակում է:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ՄԵԿԸ ՍՆԱՆԿԱՆՈՒՄ Է, ՄՅՈՒՍԸ՝ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունն ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանի կաթնամթերքի շուկայի ամենախոշոր խաղացողներից էր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկից տեղեկացավ, որ, օրինակ, անցած տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով «Աշտարակ կաթ»-ը պետական բյուջե վճարել 372 մլն 832 հազար դրամի հարկեր եւ տուրքեր: Իսկ այս տարի այդ ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակից բացակայում է: Ինչպես հայտնի է` երբեմնի խոշոր հարկատու «Աշտարակ կաթ»-ը անցած տարվա դեկտեմբերի 19-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Իսկ այժմ խանութներում վաճառվող «Աշտարակ կաթ» ապրանքանիշն արտադրվում է Արցախում հաշվառված ընկերության կողմից: Խոսքը «Ադրա Ռեմարա» ընկերության մասին է: Նշենք, որ այժմ «Պարգեւ» ՍՊԸ-ի միջոցով «Անդրա Ռեմարա» ընկերությունը իրականացնում է «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագիրը: Ի դեպ, «Պարգեւ» ընկերությունը «Աշտարակ կաթ»-ի խոշոր պարտատերերից մեկն է:
Մյուս կողմից «Աշտարակ կաթ» ընկերության` այս տարվա ընթացքում ունեցած ֆինանսական դժվարությունները նպաստեցին, որպեսզի կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող հայաստանյան մյուս ընկերությունները ոչ միայն հայտնվեն հազար խոշոր հարկատուների ցանկում, այլեւ ավելացնեն հարկային վճարումները: Դրանցից, օրինակ, «Դուստր Մարիաննա» ընկերությունը, որն այժմ համարվում է կաթնամթերքի շուկայի առաջատարը, այս տարվա երրորդ եռամսյակում պետական բյուջե վճարել է 938 մլն 869 հազար դրամ հարկեր ու տուրքեր: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն ընկերությունը վճարել էր 523 մլն 983 հազար դրամի հարկեր: Այսինքն` մեկ տարվա ընթացքում այս ընկերության վճարած հարկերն ավելացել են 414 մլն 886 հազար դրամով: Կաթնամթերքի, պանրի արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունը՝ «Իգիթ»-ը, անցած տարվա երրորդ եռամսյակում հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ չէր գտել, իսկ այս տարի արդեն ցանկում է եւ վճարել է 111 մլն 452 հազար դրամ հարկեր: Իսկ ինչ վերաբերում է կաթնամթերք արտադրող մեկ այլ ընկերության՝ «Չանախ»-ին, վերջինս այս տարի 1 մլն 211 հազար դրամով ավելի քիչ հարկ է վճարել, քան անցած տարի: «Չանախ»-ն այս տարի պետբյուջե է վճարել 122 մլն 912 հազար դրամ հարկեր եւ տուրքեր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս