«ՍԻՍՏԵՄԸ ՓԱԿ Է ԵՎ ՈՉ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բանակում» հեռուստասերիալից, «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմից հայտնի դերասանուհի Շողեր Գրիգորյանը, ով երկար տարիներ հանդես էր գալիս Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, տեւական ժամանակ է` բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է` ինչով է զբաղվում դերասանուհին, արդյո՞ք հայրենիք վերադառնալու մտադրություն ունի եւ ինչպես է պատրաստվում նշել Ամանորը:

-Շողեր, Ռուսաստանում Ձեր մասնագիտությամբ աշխատո՞ւմ եք: Թատրոնում հանդես գալու ծրագրեր ունե՞ք:
-Հիմա ես մի ռուս դերասանուհու հետ աշխատում եմ իմ ռուսերեն բեմական խոսքի, ակցենտիս վրա: Այս հարցում հաջողություն գրանցելն ինձ համար առաջնային է: Ի դեպ, ասեմ, որ Ֆրանսիայում ապրելու տարիներին եւս ունեցել եմ նման փորձառություն, այնտեղ էլ մի դերասանուհու հետ աշխատում էի իմ խոսքի վրա, սակայն այդքան ջանքեր ներդնելուց հետո վերադարձա Հայաստան: Հիմա մտածում եմ` գուցե նույնը այս պարագայում լինի (ծիծաղում է): Ամեն դեպքում, կարծում եմ, որ դերասանի խոսքը պետք է մաքուր լինի:
-Այսինքն` Դուք Ձեզ նորից պատկերացնում եք թատրոնո՞ւմ:
-Իհարկե, թող անհամեստ չհնչի, բայց ես ինձ թատրոնի մարդ եմ համարում: Թատրոնն ունի հստակ դիսցիպլինա, որին արդեն սովորել էի` տարիներ շարունակ աշխատելով Մայր թատրոնում: Այն, ինչ կախված է ինձնից, ես կանեմ, մնում է` թատրոնն էլ անի իրենը, որպեսզի մեր ճանապարհները կրկին խաչվեն: Ամեն դեպքում, չեմ ուզում ժամանակ կորցնել` տանը նստելով:
-Բայց կարծես տրվել եք ընտանեկան ջերմ մթնոլորտին եւ չեք ուզում այնտեղից դուրս գալ:
-Ընտանեկան անդորրն ու ջեմությունն իսկապես շատ գայթակղիչ են, երբեմն մտածում ես` մի քանի երեխա ունենաս, քեզ նվիրես իրենց: Իսկապես, այդ ամենը շատ հաճելի է: Այսքան խաղաղ ու ուրախ երեւի երբեք չեմ եղել: Գուցե ինքս ինձ ռեալիզացնելու պակաս եմ զգում, դա բնական է: Ամեն մարդ, առավել եւս` արտիստ, այդ զգացումն ունենում է: Բայց կարծում եմ` ամեն հարց լուծելի է, ես ինքս չգիտեմ, թե ինչ է սպասվում ապագայում:
-Իսկ Հայաստան վերադառնալու ցանկություն ունե՞ք:
-Այդ ցանկությունը միշտ կա, եւ, փառք Աստծո, չի մարում, որքան էլ հարմարվում եմ ռուսաստանյան ապրելակերպին: Ամեն դեպքում, կոնկրետ պլաններ դեռ չունենք: Դեռ մխիթարվում եմ այն մի քանի ամսով, որ անցկացնում եմ ամռանը` Հայաստանում: Ի դեպ, երբ ամռանը Երեւանում էի, սերիալում նկարահանվելու առաջարկ ստացա, բայց մերժեցի, քանի որ Մոսկվայից երկար ժամանակով բացակայել չեմ կարող. ամուսինս այնտեղ է աշխատում: Այնպես որ, ինձ սերիալում չեք տեսնի, երեւի ավելի լավ է, որ այդպես է: Հուսով եմ` ֆիլմերում ինձ տեսնելու առիթներ դեռ կլինեն: Եթե նման հրավեր լինի, սիրով նույնիսկ մի քանի ամսով կգամ Հայաստան եւ կնկարահանվեմ: Ես պատրաստ եմ դրան:
-Իսկ այդտեղ` Ռուսաստանում, ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ չունե՞ք: Քասթինգների մասնակցելու փորձեր արե՞լ եք:
-Այստեղ դա բավական դժվար է, ինչքան էլ փորձում եմ իրազեկվել դաշտի նորություններից, սիստեմը փակ է, ոչ ժողովրդավարական: Ու թեեւ Հայաստանում էլ ամեն բան այնքան էլ բաց չէր, բայց ինձ արդեն ճանաչում էին, ու դա հեշտացնում էր իմ աշխատանքը:
-Շողեր, իսկ Ամանորը որտե՞ղ եք պատրաստվում նշել եւ ո՞ւմ հետ:
-Մեր քրիստոնյա ընկերների հետ գնալու ենք քաղաքից դուրս: Շատ ուրախ եմ, որ այդ միջավայրում եմ նշելու տոնը, քանի որ ավելի շատ կնշանավորենք Սուրբ ծնունդը, քան Ամանորը: Մեր ընտանիքն անհամբերությամբ սպասում է հենց Սուրբ ծննդին: Հուսով եմ` լավ, գեղեցիկ ժամանակ կանցկացնենք:
-Իսկ ի՞նչ եք խնդրում Ձմեռ պապիկից:
-Որդուս ծնունդից հետո սկսել եմ ավելի շատ մտածել անօթեւան երեխաների մասին: Նրանց համար ինքս էլ պատասխանատվություն եմ զգում: Կարծում եմ` մենք բոլորս պետք է մեր լուման ներդնենք, որպեսզի նրանց աղճատված մանկությունը գունավորենք: Ես ինձ համար յուրահատուկ բանաձեւ եմ մշակել. եթե ուզում ենք, որ իսկապես ուրախ, հոգեւոր բավարարվածությամբ դիմավորենք Նոր տարին, ինքներս պետք է ուրիշների կյանքում սուրբծննդյան հրաշքներ գործենք, օրինակ` հոգանք անապահով երեխաների նյութական կարիքները: Նույնիսկ եթե ինչ-որ բան պետք է անեք Ձեր երեխայի հաշվին, հաստատ արժե, քանի որ վերջինս էլ կսովորի զոհաբերություններ անել: Ինչպես Աստվածաշունչն է ասում. «Ավելի երանելի է տալը, քան առնելը»: Ուղղակի փորձենք հոգատարություն, սեր փոխանցել մարդկանց եւ ամեն բան լավ կլինի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՄՀԵՐԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ Է «ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ»
Վերջերս երգիչ Մհերն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ մասնակցելու է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական նախագծին, այսինքն` իր ուժերն է փորձելու` «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում հայտնվելու համար: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Մհերի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանի հետ:
Նրա խոսքով` Մհերն արդեն տասը տարուց ավել է` երազում է մասնակցել «Եվրատեսիլին» եւ այս տարի վերջապես զգաց, որ արդեն պատրաստ է դրան. «Մհերի հիմնական նպատակը մեծ բեմում հայտնվելն է, նա համոզված է, որ ինքն է ներկայացնելու Հայաստանը մրցույթում»,-ասաց պրոդյուսերը:
Հարցին, թե ինչ բնույթի երգ է պատրաստվում ներկայացնել Մհերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երգը լինելու է մի երազանքի մասին, որը պահում է ողջ մարդկությունը: Մի ամբողջ խումբ է աշխատում դրա շուրջ: Ասեմ, որ այն լինելու է լիրիկական ստեղծագործություն»:
Ինչ վերաբերում է շոուին, շեշտը, ամեն դեպքում, դրվելու է կատարման վրա. «Այս մրցույթում, ճիշտ է, շոուն շատ կարեւոր է, բայց այն սովորաբար իրականացվում է էկրանների միջոցով, իսկ Հայաստանը նման շոուի պատրաստվելու հնարավորություն չունի»,-բացատրեց Գեորգի Հարությունյանը:
Ու թեեւ Հայաստանում շատերը լուրջ չեն վերաբերվում «Եվրատեսիլին», այնուամենայնիվ, Մհերը ձգտում է հայտնվել այնտեղ. «Նա իր էությամբ մրցույթներ, մրցակցություն սիրող երգիչ է, եւ հայտնի է, որ բազմիցս փորձել է իր ուժերը տարբեր հարթակներում»,-շեշտեց պրոդյուսերը:
Նրա համոզմամբ` որպեսզի Հայաստանը հաջողություն գրանցի մրցույթում, հարկավոր է, որ ներկայացնի միջազգային ստանդարտներին համապատասխան գործ. «Ամենեւին պարտադիր չէ հայկական մոտիվներով երգ մատուցել հանդիսատեսին, փոխարենը նախընտրելի են ոչ ստանդարտ մոտեցումները»,-ասաց նա:
Պրոդյուսերը նաեւ հայտնեց, որ հայտնի են «Դեպի Եվրատեսիլին» մասնակցող այլ երգիչների անուններ եւս. այսպիսով` իրենց ուժերը մրցույթում կփորձեն նաեւ Արսեն Գրիգորյանը (Կամիլ բլոգը) եւ Սեւակ Խանաղյանը:
«Կարծում եմ` Հայաստանը պետք է ներկայացնի մեկը, ով ապրում է մեր երկրում: Փորձը ցույց է տվել, որ ով եկել է դրսից, զգալի հաջողություններ չի գրանցել մրցույթում»,-եզրափակեց պրոդյուսերը:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս