ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դատական համակարգն առաջիկա ամիսներին լրջագույն կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվելու: Առաջիկա փոփոխությունները համեմատելի են միայն Հայաստանի անկախացումից հետո դատական համակարգում իրականացված գործընթացների հետ:

Դատական համակարգի կառուցվածքի փոփոխությունների առիթը նոր խմբագրությամբ Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերվող 7-րդ գլխով նախատեսված կարգավորումներն են: Չնայած այդ գլուխը ուժի մեջ է մտնելու եկող տարվա ապրիլի 9-ից, սակայն մի շարք գործընթացներ իրականացվելու են առաջիկա երկու ամիսներին:
Բարձրագույն դատական
խորհուրդ
Բարձրագույն դատական խորհուրդը փաստացի փոխարինելու է ներկայիս արդարադատության խորհուրդին: Սակայն, ի տարբերություն արդարադատության խորհրդի, բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն ավելի ընդլայնված կլինեն: Այն գործնականում լինելու է դատական համակարգի կառավարման բարձրագույն օղակը, որի վրա դատական համակարգի ղեկավար կազմը, մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, որեւէ ազդեցություն չեն ունենալու եւ այդ կառույցի անդամ լինելու իրավունք էլ չունեն:
Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է լինելու տասն անդամներից, որոնցից հինգին նշանակելու է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ մյուս հինգին՝ խորհրդարանը: Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմը, ըստ Սահմանադրության 214-րդ հոդվածի, պետք է ընտրվի ոչ ուշ, քան հանրապետության նոր նախագահի լիազորությունները ստանձնելուց մեկ ամիս առաջ: Ներկայումս խորհրդարանը քննարկում է դատական նոր օրենսգրքի նախագիծը, որով բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի ընտրության համար որպես վերջնաժամկետ սահմանված է եկող տարվա մարտի 1-ը: Այսինքն` դատական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ԱԺ նախագահությունը պետք է սահմանի բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության ժամանակացույցը: Այդ խորհրդի անդամներին առաջադրելու իրավունքը տրված է խմբակցություններին: Խորհրդարանի խմբակցություններից ամեն մեկը կարող է բարձրագույն դատական խորհրդի ամեն մի տեղի համար մեկական թեկնածու առաջադրել: Այլ կերպ ասած` խմբակցությունները կարող են առավելագույնը հինգական թեկնածուներ առաջադրել: Ի դեպ, բարձրագույն դատական խորհրդի անդամները նշանակվելու են հինգ տարի ժամկետով: Սակայն առաջին կազմի ոչ բոլոր անդամներին է բախտ վիճակված հինգ տարի պաշտոնավարել: Բանն այն է, որ բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի վեց (ԱԺ եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից նշանակվածներից երեքական) անդամներն են նշանակվելու հինգ տարի ժամկետով, իսկ չորսը (ԱԺ եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից նշանակված անդամներից երկուականները) պաշտոնավարելու են երեք տարի:
Դատարանների նախագահներ
Նոր խմբագրությամբ Սահմանադրության դատական իշխանության վերաբերող գլխի` ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի բոլոր դատարանների դատավորները շարունակելու են պաշտոնավարել որպես դատավորներ: Սակայն նույնը չի կարելի ասել դատարանների նախագահների եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ քաղաքացիական ու վարչական պալատների նախագահների մասին: Ըստ Սահմանադրության` բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո, բայց ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում, պետք է նշանակվեն դատարանների նոր նախագահներ: Այլ կերպ ասած` դատարանների նոր նախագահների նշանակման համար վերջնաժամկետը եկող տարվա սեպտեմբերի սկիզբն է: Ի դեպ, վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է խորհրդարանը վեց տարի ժամկետով, վճռաբեկ դատարանի կազմից: Հարկ է նշել, որ միեւնույն անձը միայն մեկ անգամ կարող է լինել վճռաբեկ դատարանի նախագահ: Իսկ ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանի պալատների, վերաքննիչ եւ ընդհանուր իրավասության դատարանների նախագահներին, նրանց նշանակում է հանրապետության նախագահը՝ բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ՝ երեք տարի ժամկետով: Այլ կերպ ասած` նշանակողը բարձրագույն դատական խորհուրդն է, իսկ հանրապետության նախագահը պետք է պարզապես հաստատի: Ի տարբերություն վճռաբեկ դատարանի նախագահի` մնացած դատարանների նախագահները անընդմեջ չեն կարող երկու ժամկետ պաշտոնավարել: Ստացվում է, որ նշված դատարանների նախագահները կարող են մեկ ու մեջ պաշտոնավարել:
Ի դեպ, վճռաբեկ դատարանի դատավոր կարող են նշանակվել քառասուն տարեկանից բարձր, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող եւ առնվազն տասը տարվա աշխատանքային փորձ ունեցող, բարձրագույն կրթությամբ իրավաբանները: Այս չափանիշի շնորհիվ երիտասարդ դատավորներից շատերը, որոնք իրենց կապերի շնորհիվ կարող էին հավակնել վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին, իրականում մրցավազքից դուրս են մնում: Իսկ ինչ մնում է ՀՀ վճռաբեկ դատարանի գործող նախագահ Արման Մկրտումյանին, նրա վերանշանակումն իր պաշտոնում իրատեսական չէ: Մինչեւ սահմանադրական փոփոխությունները, Մկրտումյանի շուրջ բուռն իրադարձություններ էին զարգանում. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկը մյուսի ետեւից մեղադրանք էր առաջադրում դատական դեպարտամենտի աշխատակիցներին: Դատական համակարգի աշխատակիցները չէին թաքցնում, որ այդ ամենի նպատակը Մկրտումյանի հրաժարականին հասնելն է: Սակայն նա հրաժարական չէր տալիս, իսկ ԱԱԾ-ն դատական դեպարտամենտի աշխատակիցների կյանքը դարձրել էր դժոխք: Այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե իբր Մկրտումյանը հանրապետության ղեկավարությանն ասել էր, որ ինքը հրաժարական կտա միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանն իրեն այդ մասին անձամբ ասի: Սակայն նա նման բան չէր կարող ասել, որովհետեւ նման քայլը կլիներ քրեորեն պատժելի արարք կատարել, որի համար կարող են նույնիսկ պաշտոնանկությունից հետո՝ տարիներ անց էլ պատասխանատվության ենթարկել:
Ինչեւէ, սահմանադրական փոփոխությունների ընդունվելուց հետո, երբ այլեւս ակնհայտ էր, որ 2018 թվականի ապրիլից հետո վճռաբեկ դատարանի նոր նախագահ պետք է նշանակվի, Արման Մկրտումյանի շուրջ ծավալված գործընթացները դադարեցին, եւ արդեն երկու տարի է` դատական դեպարտամենտից ոչ մեկին ԱԱԾ-ն չի ձերբակալել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Համո Սահյանի անվան թիվ 70 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Հերմինե Շափաղաթյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը: Այդ արարքի համար սպառնում է պատիժ՝ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկում:
Իսկ ինչ պաշտոնեական լիազորությունների մասին է խոսքը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2011թ. նոյեմբերի 25-ից «Համո Սահյանի անվան թիվ 70 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակված Հերմինե Շափաղաթյանը այնպիսի արարքներ է թույլ տվել, որ դպրոցի աշխատակիցների աշխատավարձերի հաշվեհամարների վրա ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության կողմից արգելանք է դրվել: Եւ աշխատակիցները տեւական ժամանակ իրենց աշխատավարձերը ուշացումներով են ստացել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դպրոցի դրամական միջոցների վրա արգելանք դնելու պատճառը եղել է այն, որ Հերմինե Շափաղաթյանը դպրոցի տնօրեն նշանակվելուց հետո սկսել է սեփական միջոցներով դպրոցը նորոգել. պատուհանները եւ դռներն է փոխել, եւ այսպես շարունակ: Իսկ օրերից մի օր էլ նա համարելով, որ ինքը դպրոցի համար շատ բան է արել եւ իրավունք ունի «օգուտ» քաղելու, «Համո Սահյանի անվան թիվ 70 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի փաստաթղթերն օգտագործելով` ապառիկ հիմունքներով 10 հատ համակարգիչ է գնել, այնուհետեւ դրանք կես գնով վաճառել է, իսկ գումարը վերցրել է իրեն:
Հերմինե Շափաղաթյանը հետագայում չի կարողացել ապառիկի գումարները վճարել, ինչի արդյուքում բանկը դիմել է դատարան եւ դպրոցի դրամական միջոցների վրա արգելանք է դրվել:
Նշենք նաեւ, որ երբ տեղի ունեցածը բացահայտվել է, դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են, քրեական գործ է հարուցվել, եւ նրան մեղադրանք է առաջադրվել: Նախկին տնօրենն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, նախաքննության ընթացքում էլ փոխհատուցել է դպրոցին պատճառած վնասները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը` ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի միջազգային անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաեւ նախաքննության ոլորտում համագործակցության, տեղեկատվության փոխանակման եւ այլ հարցեր:

 

 

ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ
ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը իր սնանկության մասին մամուլի հրապարակումները «բացարձակապես հիմարություն» է որակում: Նա հայտարարել է, թե իր` ՃՈ տուգանքները չվճարելու մասին լուրերը եւս չեն համապատասխանում իրականությանը: «Մամուլում գրված, ինչ վերաբերում է այդ թեմանեին, բոլորը ստեր են»,-ասել է Նաղդալյանը` միաժամանակ հաստատելով, որ իր վարորդը խնդիրներ ունի եւ այս պահին չի վարում մեքենան: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջին երեք տարիներին Նաղդալյանի մեքենայի տուգանքներն իրենց տույժերով հանդերձ հասել են մի քանի միլիոն դրամի: Բայց ո՛չ վարորդը, ո՛չ էլ Նաղդալյանը չեն վճարել գումարները: «Ես դրանք ձեզանից եմ լսում, եւ դա միայն մեկ որակում ունի` հիմարություն»,- ԱԺ-ում հայտարարել է Նաղդալյանն ու դուռը շրխկացրել լրագրողների վրա:

 

 

ՉԳԻՏԻ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չգիտի` 2018 թվականից հետո ինքը կշարունակի՞ մնալ ԱԺ նախագահի պաշտոնում, թե՞ ոչ: 2018թ. հետո իր պաշտոնավարման հարցին պատասխանելով` Բաբլոյանը նշել է. «Ինչպես ժողովուրդը որոշի»: Իհարկե, Բաբլոյանն այնքան անտեղյակ է, որ չի պատկերացնում՝ ինքը՝ որպես ԱԺ նախագահ, ընտրվել է 5 տարով, եւ ժողովուրդն այլեւս որոշելու ոչինչ չունի: Որոշողը կլինի Սերժ Սարգսյանը, որը պետք է կա՛մ զոհաբերի Բաբլոյանին, կա՛մ ոչ: Բայց դատելով քաղաքական գործչի իմիջից կիլոմետրով հեռու Բաբլոյանի լղոզված պահվածքից` ինքը եւս չգիտի՝ կմնա՞ ԱԺ նախագահ մյուս տարի, թե՞ անկախ իր կամքից հրաժարականի դիմում կներկայացնի:

 

 

ՁԻՈՒ ՄԻՍ՝ ՏԱՎԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Խորենացի փողոցի վրա կանխվել է ձիու մսեղիքի վաճառք: Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Արման եւ Գեղամ Եսայանների մեքենայի թափքում հայտնաբերվել է ձիու միս: Ուղեկցող փաստաթղթերը եղել են առանց մալենիզացիայի արդյունքի, որի բացակայության դեպքում միսը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման: Մսից կատարվել է նմուշառում եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության:




Լրահոս