ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրված ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ՄԱՍ VI
ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ԱՌԵՎՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ԳԼՈՒԽ 1
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ
ՀՈԴՎԱԾ 113
Ազգերի առավել բարենպաստության ռեժիմ
1. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի ապրանքների համար պետք է տրամադրի ազգերի առավել բարենպաստության ռեժիմ՝ 1994 թվականի ապրիլի 15-ին կնքված «Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագրի (ԱՀԿ համաձայնագիր) 1Ա հավելվածում ընդգրկված՝ 1994 թվականի Սակագների եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի (ՍԱԳՀ 1994) I հոդվածին, այդ թվում՝ դրա բացատրական ծանոթագրություններին համապատասխան, որոնք ներառվել են սույն Համաձայնագրում եւ mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով) կազմում են դրա անբաժանելի մասը։
2. Սույն հոդվածի 1-ին պարբերությունը չի կիրառվում Կողմերից որեւէ մեկի կողմից մեկ այլ երկրի ապրանքների համար տրամադրվող արտոնյալ ռեժիմի նկատմամբ՝ ՍԱԳՀ-ին (1994 թվական) համապատասխան։
ՀՈԴՎԱԾ 114
Ազգային ռեժիմը
Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի ապրանքների համար տրամադրում է ազգային ռեժիմ՝ ՍԱԳՀ-ի (1994 թվական) III հոդվածին, այդ թվում՝ դրա բացատրական ծանոթագրություններին համապատասխան, որոնք ներառվել են սույն Համաձայնագրում եւ կազմում են դրա անբաժանելի մասը։
ՀՈԴՎԱԾ 115
Ներմուծման տուրքերը եւ վճարները
Յուրաքանչյուր Կողմ կիրառում է ներմուծման տուրքեր եւ վճարներ՝ ԱՀԿ համաձայնագրով սահմանված՝ իր կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան։
ՀՈԴՎԱԾ 116
Արտահանման տուրքերը, հարկերը եւ մյուս վճարները
Որեւէ Կողմ չի կարող սահմանել կամ շարունակել կիրառել տուրքեր, հարկեր կամ մյուս Կողմի տարածք ապրանքների արտահանման համար սահմանված կամ դրա հետ կապված որեւէ այլ վճար, որը գերազանցում է ներքին շուկայի համար նախատեսված նույնանման ապրանքների համար սահմանված չափը։
ՀՈԴՎԱԾ 117
Ներմուծման եւ արտահանման սահմանափակումները
1. Կողմերից որեւէ մեկը, ՍԱԳՀ-ի (1994 թվական) XI հոդվածին եւ դրա բացատրական ծանոթագրություններին համապատասխան, մյուս Կողմի որեւէ ապրանքի ներմուծման կամ մյուս Կողմի տարածք որեւէ ապրանքի արտահանման կամ արտահանման նպատակով վաճառքի համար, տուրքերից, հարկերից կամ այլ վճարներից բացի, չի կարող սահմանել կամ կիրառել որեւէ արգելք կամ սահմանափակում՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք դրանք ներդրվել են քվոտաների, ներմուծման կամ արտահանման լիցենզիաների կամ այլ միջոցների կիրառման արդյունքում։ Այս նպատակով, ՍԱԳՀ-ի (1994 թվական) XI հոդվածը, այդ թվում՝ դրա բացատրական ծանոթագրությունները ներառվել են սույն Համաձայնագրում եւ կազմում են դրա անբաժանելի մասը։
2. Կողմերը պետք է փոխանակեն երկակի նշանակության ապրանքների արտահանման նկատմամբ հսկողությանը վերաբերող տեղեկությունները եւ լավագույն փորձը՝ նպատակ ունենալով Եվրոպական միությունում եւ Հայաստանի Հանրապետությունում ապահովել արտահանման նկատմամբ հսկողության միանման մոտեցում։
ՀՈԴՎԱԾ 118
Վերամշակման ենթարկված ապրանքներ
1. Կողմերը համաձայնում են վերամշակման ենթարկված ապրանքների համար տրամադրել այն նույն ռեժիմը, որը տրամադրվում է նոր արտադրված նույնանման ապրանքների համար։ Կողմը կարող է պահանջել վերամշակման ենթարկված ապրանքների հատուկ պիտակավորում՝ սպառողներին շփոթության մեջ գցելուց խուսափելու նպատակով։
2. Որպես հստակեցում, 117-րդ հոդվածի 1-ին պարբերությունը վերաբերում է վերամշակման ենթարկված ապրանքների նկատմամբ կիրառվող արգելքներին եւ սահմանափակումներին։
3. Սույն Համաձայնագրի եւ ԱՀԿ համաձայնագրերի շրջանակներում իր կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ Կողմը կարող է պահանջել, որպեսզի վերամշակման ենթարկված ապրանքները՝
ա) իր տարածքում բաշխման կամ վաճառքի նպատակներով ճանաչվեն այդպիսին, եւ
բ) համապատասխանեն բոլոր կիրառելի տեխնիկական պահանջներին, որոնք կիրառվում են նոր արտադրված համարժեք ապրանքների նկատմամբ։
4. Եթե Կողմը սահմանում կամ շարունակում է կիրառել արգելքներ կամ սահմանափակումներ օգտագործված ապրանքների նկատմամբ, ապա այն չպետք է կիրառի այդ միջոցները վերամշակված ապրանքների նկատմամբ։
5. Սույն հոդվածի նպատակներով, վերամշակված ապրանք նշանակում է այն ապրանքը, որը՝
ա) ամբողջությամբ կամ մասամբ բաղկացած է նախկինում օգտագործված ապրանքների մասերից, եւ
բ) նոր արտադրված բնօրինակի համեմատությամբ ունի օգտագործման եւ շահագործման նույնանման պայմաններ, եւ դրա համար տրվում է նույնպիսի երաշխիք, ինչ նոր ապրանքի համար։
ՀՈԴՎԱԾ 119
Ապրանքների ժամանակավոր ներմուծումը
Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմին ազատում է ժամանակավոր ներմուծված ապրանքների համար ներմուծման վճարներից եւ տուրքերից՝ դրա համար պարտադիր ուժ ունեցող՝ ապրանքների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ միջազգային համաձայնագրերով նախատեսված դեպքերում եւ այդ համաձայնագրերի ընթացակարգերին համապատասխան։ Վճարներից ազատելու այս ընթացակարգը կիրառվում է յուրաքանչյուր Կողմի օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան։

Շարունակելի…

 

 

 

ՀԱՅԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԲՈՂՋ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
Հարեւան Վրաստանում Ամանորը նշելը մեր հայրենակիցների համար շարունակում է մնալ նախընտրելի, որովհետեւ այն համեմատաբար ավելի մատչելի է: Գաղտնիք չէ, որ Վրաստանում հյուրանոցային ծառայություններն ավելի մատչելի են, քան մեր հանրապետությունում: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանում գործող տուրիստական գործակալություններն այս օրերին հայաստանցիներին Վրաստանում ամանորյա տոներն անցկացնելու բազմատեսակ փաթեթներ են առաջարկում, որոնք բավական մեծ պահանջարկ ունեն: Ավելին` պարզվում է, որ Հայաստանի առանձին տուրիստական գործակալություններ Թբիլիսում երբեմն ամբողջական հյուրանոցներ են ամրագրել՝ Ամանորի տոներին փաթեթներով առաջարկելու համար: Արդյունքում այս օրերին Վրաստանի մայրաքաղաքի հյուրանոցներում մեծ դժվարությամբ կարելի է ազատ համար գտնել: Բայց միեւնույն է` նման պայմաններում անգամ վրաստանյան հյուրանոցներում համարները այդքան թանկ չեն, որքան Հայաստանում, հատկապես Ծաղկաձորում:
Օրինակ` Թբիլիսիի կենտրոնական հատվածներում գտնվող հյուրանոցներում երկտեղանոց համարի չորս գիշերվա արժեքը սկսում է 500 դոլարից: Չորս աստղանի «Coral Boutique Hotel»-ում դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 4-ը երկտեղանոց համարը առաջարկվում է 626 դոլարով, իսկ «The Terrace Boutique Hotel»-ում նույն պայմաններով համարը արժի 519 դոլար: Նշենք, որ Թբիլիսիի կենտրոնից փոքր-ինչ հեռու գտնվող հյուրանոցները ավելի մատչելի են: Օրինակ` «Cruise» հյուրանոցը, որը Թբիլիսիի կենտրոնից 8 կմ հեռավորության վրա է գտնվում, երկու անձի համար երկտեղանոց ստանդարտ համարը դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը առաջարկում է 540 դոլարով: Ի դեպ, Թբիլիսիի հյուրանոցների` վերը բերված գներն իրենց մեջ ներառում են գիշերավարձը, ամանորյա գիշերվա գալա ընթրիքը եւ ամենօրյա նախաճաշը:
Սրան զուգահեռ, նկատենք, որ Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում երկու անձը Նոր տարին կարող են դիմավորել եւ անցկացնել 900 հազար դրամով (1 հազար 850 դոլար): Ծաղկաձորում գտնվող «Մարիոթ» հյուրանոցի առաջարկած գները կրկին բարձր են եւ գերազանցում են մեկ մլն դրամը, կամ նույնն է, թե երկու հազար դոլարից ավել են: Իսկ «Արթուրս Աղվերան Ռիզորթ»-ը դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 3-ը ամանորյա փաթեթը երկու անձի համար առաջարկում է 500 հազար դրամ (1 հազար դոլարից մի փոքր ավել): Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի «Արմենիա» հյուրանոցում 2 անձի համար դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը ամանորյա փաթեթը առաջարկում են 800 հազար դրամով (1 հազար 650 դոլար), իսկ 4 հոգու համար` 1 մլն 600 հազար դրամով: Նման պայմաններում բնական է, որ մարդիկ նախընտրում են իրենց ամանորյա հանգիստն անցկացնել հարեւան Վրաստանում եւ ոչ թե Հայաստանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՄՆԱ ՓԱԿՎԱԾ

Վանաձոր-Ալավերդի մայրուղին շուրջ մեկուկես տարի է, ինչ երթեւեկության համար փակված է: Լոռու մարզի Ձորագետ համայնքի տարածքում, մայրուղու եզրին փակցված ցուցանակը անցորդներին ավետում է, թե իբր 2018թ. փետրվարի 20-ին վերանորոգման աշխատանքները կավարտվեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները վկայում են, որ մինչեւ վերը նշված ժամկետի ավարտը ճանապարհի վերանորոգման աշխատանքներն ավարտված չեն լինի:

Վանաձոր-Ալավերդի մայրուղու մոտ 35 կմ հատվածի նորոգման աշխատանքները մեկնարկեցին 2016թ. սեպտեմբերի 14-ից: Այդ օրվանից Վանաձոր-Ալավերդի մայրուղով երթեւեկությունը դադարեցված է: Շինարարական աշխատանքներն իրականացվում են Եվրոպական ներդրումային բանկից ստացված վարկային միջոցներով: Ներկայումս ճանապարհին շինարարական աշխատանքներ գրեթե չեն իրականացվում, չնայած եղանակային պայմանները բարենպաստ են առնվազն հողային աշխատանքներ կատարելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ներկայումս ասֆալտապատված եւ շահագործման գրեթե պատրաստ է միայն Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մեկ երրորդ մասը միայն: Մայրուղու նորոգման աշխատանքներում ընդգրկված են երեք կազմակերպություններ` «Կապավոր», «Ճանապարհ» եւ «Արարատյանշին» ՍՊԸ-ները: Առաջին երկու կազմակերպությունները ճանապարհաշինության ոլորտում հայտնի ընկերություններ են, իսկ «Արարատյանշին» ՍՊԸ-ի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ:
Վերը նշված մայրուղու փակված լինելու պատճառով արդեն մեկ եւ կես տարի է` Նոյեմբերյան-Վանաձոր երթուղու միկրոավտոբուսները եւ ավտոբուսները երթեւեկում են շրջանցիկ` Ստեփանավանի տարածաշրջանով ձգվող ավտոճանապարհով: Այս շրջանցման արդյունքում ճանապարհը երկարում է մոտ 35 կիլոմետրով: Այս փաստի արդյունքում Նոյեմբերյան-Վանաձոր երթուղու տոմսերը դեռեւս անցած տարի թանկացան: Եթե նախկինում այդ երթուղու ավտոբուսի մեկ տոմսն արժեր 900 դրամ, իսկ միկրոավտոբուսինը` 1 հազար 200 դրամ, ապա այժմ ուղեւորները ստիպված են վճարել համապատասխանաբար 1 հազար 200 դրամ եւ 1 հազար 500 դրամ: Այդ ճանապարհով երթեւեկելիս մարդիկ բնականաբար սովորականից ավել ժամանակ են ծախսում՝ 40 րոպեից մինչեւ մեկ ժամ:
Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհը միջպետական է: Մասնավորապես Թբիլիսի գնալու ամենակարճ ճանապարհը հենց այդպես է անցնում: Բայց մեկուկես տարի է` մարդիկ ստիպված են այդ հատվածը շրջանցել, եւ դեռ հայտնի չէ, թե երբ այդ ճանապարհը կբացվի երթեւեկության համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս