Սերժ Սարգսյանը չի ընդունում էներգետիկայի նախարարի հրաժարականը. իշխանությունները փորձում են համոզե՞լ նրան. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրաժարականի թեման շատ արագ մոռացության տրվեց: Հինգշաբթի օրը՝ հունվարի 18-ին, պաշտոնապես հաստատվեցին լուրերը, որ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ վերջ: Անցել է արդեն հինգ օր, սակայն Սերժ Սարգսյանը չի ստորագրել նրան աշխատանքից ազատելու հրամանագիրը, եւ ոչ էլ մերժել է նախարարի դիմումը: Ըստ ամենայնի, այս հարցին իշխանությունները պատրաստվում են անդրադառնալ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա այցից հետո: Թե ինչն է հապաղելու պատճառը, որեւէ մեկը չի մեկնաբանում: Մինչդեռ այս հարցում մեկնաբանություններն անհրաժեշտ են, որովհետեւ դժվար է հիշել մի դեպք, երբ նախարարը հրաժարական տա, բայց նրա դիմումի վերաբերյալ երկրի ղեկավարը տեւական ժամանակ որեւէ իրավական ակտ չկայացնի` թողնելով ամեն ինչ օդից կախված: Այս ընթացքում Մանուկյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չհնչեցրեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, կարծես արտառոց ոչինչ չի եղել: Մինչդեռ որպես կառավարության ղեկավար` Կարապետյանը պարտավոր էր մեկ նախադասությամբ անդրադառնալ կատարվածին, հատկապես, երբ Մանուկյանն իր մերձավոր շրջապատի անդամներից էր համարվում:

Հազիվ թե Սերժ Սարգսյանը կամ վարչապետ Կարեն Կարապետյանն այս օրերին փորձում են համոզել Աշոտ Մանուկյանին մինչեւ ապրիլ շարունակելու պաշտոնավարումը: Եթե կարողանային կամ ցանկանային նախարարին համոզել, արած կլինեին մինչեւ դիմում ներկայացնելն ու այդ փաստը հրապարակայնացնելը: Մանավանդ, երբ ըստ շրջանառվող լուրերի, նախարարը հրաժարականի դիմումը գրել էր ամանորյա տոներից առաջ` այդ մասին տեղեկացնելով նաեւ կոլեկտիվին: Այնպես որ, ըստ էության, ոչինչ չէր խանգարում Սերժ Սարգսյանին որոշում կայացնելու հարցում մինչեւ Փարիզ մեկնելը: Հատկապես, երբ խոսքը երկրի համար ռազմավարական առանցքային նշանակություն ունեցող նախարարության մասին է, որի դերը դժվար է չգիտակցել: Այս ոլորտում սկսել են լրջագույն ծրագրեր իրագործվել՝ այլընտանքային արեւային էներգիա, ՀԷԿ-երի կառուցում, բացի այդ` այս նախարարությանն է վերապահված երկրի ընդերքի հարցում որոշումներ կայացնելու իրավունքը եւ այսպես շարունակ: Բայց այս անտարբերությունը վկայում է պետության հանդեպ իշխանությունների վերաբերմունքի մասին, եւ որ այս նախարարությունը եւս երկրորդ պլան է մղվել, ընդ որում՝ երկրորդ պլան են մղվել ոչ միայն անձերը, այլեւ հենց կառույցը:




Լրահոս