ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ Է ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, սահմանադրագետ համարվող Հրայր Թովմասյանի սխալի պատճառով երեկ խորհրդարանում լուրջ աղմուկ եղավ: «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քվեարկության դնելիս Բաբլոյանը հայտարարեց, թե դա «սահմանադրական օրենք» է, ինչը նշանակում է, որ այն պետք է ընդունվեր պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդով` այսինքն առնվազն 63 կողմ ձայնով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատական օրենսգրքի այս փոփոխությունները «սահմանադրական օրենք» որակելու մասը ԱԺ նախագահին հուշել էր պատգամավոր Հրայր Թովմասյանը: Մինչդեռ իրականում քվեարկության դրվեց ամենասովորական մի նախագիծ, որի ընդունման համար պետք էր պարզապես պատգամավորների մեծամասնության ձայնը, եւ բավարար էր քվեարկությանը մասնակից պատգամավորների կեսից ավելիի ձայնը: Ավելի ուշ խորհրդարանի ղեկավարության համար իրավաբանական դասախոսություն կարդաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ բացատրելով, թե որն է սահմանադրական օրենք, որը՝ ոչ:
Իսկ խորհրդարանական սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները բոյկոտեցին նախագծի քվեարկությունը, եւ միայն ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը սխալմամբ կողմ կոճակը սեղմեց, բայց հետո հայտարարեց, թե ինքը չի մասնակցել քվեարկությանը, մինչդեռ ԱԺ նախագահությունը հաշվեց նրա ձայնը:
Այսպիսով` պետք է արձանագրենք, որ խորհրդարանական երկրի խորհրդարանական մեծամասնությունը՝ մանկաբույժ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, անգամ օրենսդրական ակտերը ընդունում է «զոռբայությամբ»՝ վտանգելով խորհրդարանի` առանց այն էլ շրիշակի (տսՌվՑցր) մակարդակի հասած հեղինակությունը: Բայց, դե, Բաբլոյանից այլ բան չէր կարելի սպասել, չէ որ նա հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին էլ հայտարարել էր, թե կատարվածի մեջ քաղաքական խնդիր չկա:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն անդրադարձել է իր ու նախկին նախարար, իսկ այժմ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հարաբերություններին: Բանն այն է, որ Արամայիս Գրիգորյանն ու իր թիմը ագրեսիվ արձագանքեցին Մինասյանի նշանակմանը: Ու սա այն դեպքում, երբ Գրիգորյանը ժամանակին նախարար էր նշանակվել հենց ՀՅԴ քվոտայով: «Ես կարծում եմ, որ չկա այդպիսի խնդիր, համենայնդեպս իմ կողմից չկա: Ես բնապահպանության ոլորտում նախարարի պաշտոնը զբաղեցրած բոլորին, իսկապես ամենադրական մոտեցումներով եմ վերաբերվում: Եւ երբեք որեւէ մեկի հետ անձնական որեւէ խնդիր չունեմ, առավել եւս մարդկանց, ում հետ ես ճանապարհ եմ անցել խորհրդարանում, գործադիր իշխանությունում»,- ասել է նա: Միաժամանակ Մինասյանը նշել է, թե «շրջակա միջավայրի պահպանության քաղաքականությունը բոլորիս պարտականությունն է, առավել եւս այն մարդու, ով երբեւէ զբաղեցրել է կամ զբաղեցնում է բնապահպանության նախարարի պաշտոնը»:

 

 

 

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի որոշումը լուրջ դժգոհություններ է հարուցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստեղծվել է «Աջ ղեկ» նախաձեռնություն, որի անդամները նախատեսում են վաղը բողոքի ցույց-ավտոերթ անցկացնել իշխանությունների որոշման դեմ: «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գեւորգ Աճեմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է. «Մեր մտահոգություններն ենք ներկայացնելու այն մասին, որ չենք թողնի եւ կպայքարենք մինչեւ վերջ, որպեսզի վերահաշվառման օրենքը չգործի: Իսկ առաջարկը շատ պարզ է, պետք է ուղղակի բանակցություններ լինեն, եւ մենք մեր առաջարկը կանենք, կկարողանանք կառավարության հետ ընդհանուր հայտարարի գալ եւ դրույքաչափի շուրջ համաձայնության գալ: Դե, ինչպես հայտնի է՝ ով աջ ղեկով ավտոմեքենա ունի, ապրիլի 1-ից վերահաշվառումն արգելվելու է: Այսինքն` մարդը եթե աջ ղեկով մեքենա ունի, ապրիլի 1-ից հետո այն չի կարող վաճառել: Կամ, ասենք, չվաճառի, նվեր տա ինչ-որ մեկին, կապ չունի, վերանվանելու իրավունք չկա: Բայց չէ՞ որ դա մասնավոր սեփականություն է, եւ մարդ ինչպես ցանկանում է, այնպես էլ տնօրինում է»:

 

 

 

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն արդեն երկրորդ դիմումն է ներկայացնում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով կարեւորագույն հարցերի լուծման վրա: Դեռ դեկտեմբերի 12-ին նա դիմել էր քաղաքի փողոցների ձնամաքրման աշխատանքները պատշաճ կատարելու պահանջով` միաժամանակ քննության առնելով այդ գործում թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցը: Օրերս էլ նա դիմել էր բնակչության անվտանգությունն ապահովելու մասով՝ կապված գիշերային ակումբների աշխատանքային ժամերը կանոնակարգելու մասով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատախազը պնդել է, թե մինչեւ հիմա դեռ քաղաքապետը չի պատասխանել իր նամակներին: «Մենք կստանանք գրության պատասխանը, նոր հետագայում կորոշենք` ինչ գործողություններ կձեռնարկենք»,- ոլորտի պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու մասին ասել է դատախազը:

 

 

 

ՄԱՏՆԵՑԻ՞Ր, ՍՈՂՈ՛ՒՆ
Հայ-թուրքական արձանագրությունների թեման կրկին հայտնվել է օրակարգում: Սա այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստան այցի ժամանակ հիշեցրել էր Սերժ Սարգսյանի` ՄԱԿ գլխավոր ասամբլեայում սեպտեմբերին հնչեցրած խոսքերը, թե ՀՀ-ն 2018թ. գարունը կդիմավորի առանց այդ արձանագրությունների` առ ոչինչ հայտարարելով դրանք, եթե մինչ այդ որեւէ դրական տեղաշարժ չլինի:
Եթե Սերժ Սարգսյանի հայտարարությունները լայն արձագանք չգտան Թուրքիայում, ապա Նալբանդյանի հայտարարություններին պաշտոնական Անկարան պատասխանեց: Սկզբում հայտարարություն եղավ, թե առաջինը ՀՀ ՍԴ-ն իր որոշմամբ «արձանագրությունների տառին եւ ոգուն անհամապատասխան նախապայմաններ եւ սահմանափակող պայմաններ առաջ քաշեց», եւ որ ՀՀ-ն դրանք չի վավերացնում սփյուռքի ճնշմամբ: Իսկ երեկ էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն է խոսել այս թեմայով` միաժամանակ բավական ուշագրավ փաստ բացահայտելով: «Անկարան Երեւանի հետ ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով. Հայաստանը պետք է լքի օկուպացված տարածքները, ինչից հետո մենք կարգավորում ենք մեր կապերը. սա էր հիմնական պայմանը»,- ասել է նա:
Որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մշտապես որպես նախապայման առաջ է քաշել ԼՂ խնդիրը, հայտնի փաստ է: Թուրքիան 1993 փակեց Հայաստանի հետ ցամաքային սահմանն այն բանից հետո, երբ հայկական զինված ուժերը մտան Քելբաջար: Դրանից հետո նրանք մշտապես շեշտել են, որ առանց ԼՂ խնդրի լուծման (իսկ լուծման ուղղությամբ առաջին քայլերից մեկը յոթ շրջանների վերադարձն է Ադրբեջանին), իրենք չեն պատրաստվում բարելավել ՀՀ-ի հետ հարաբերությունները:
Բայց Չավուշօղլուի խոսքերը, թե իրենք ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել են նախապայմաններով, նորություն էր: Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ողջ ընթացքում հայկական կողմը մշտապես պնդել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության մասին: Բայց հիմա պարզվում է հակառակը. Թուրքիան Հայաստանի վերաբերյալ նախապայմաններ է դրել, որոնց էլ համաձայնել են: Միայն թե պարզ չէ` Թուրքիան ո՞ւմ առաջ է դրել այդ նախապայմանները` Սերժ Սարգսյանի՞, թե՞ միջնորդ երկրների: Ու քանի որ արձանագրությունները նախաստորագրվել են, ենթադրվում է` Սերժ Սարգսյանը կամ միջնորդ երկրները համաձայնել են նախապայմաններին: Հայաստանը մինչեւ հիմա չի մեկնաբանել Չավուշօղլուի հայտարարությունները: Մինչդեռ սա կարեւոր է իմանալ, թեկուզ հետին թվով: Իսկ եթե Թուրքիան նախապայմաններ ասելով նկատի է ունեցել ընդհանրապես ԼՂ խնդրի լուծումը, սա միանգամայն այլ խնդիր է:




Լրահոս