ՇԻՐԱԿԻ ԴԱՏԱԽԱԶԸ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը վերջին մեկ շաբաթում երկու գրություն է ուղարկել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ քաղաքում առկա խնդիրների հետ կապված: Առաջին գրությամբ, որը վերաբերում էր Գյումրիի փողոցների սառցապատ լինելուն եւ ձնամաքրման աշխատանքները ժամանակին չկատարելուն, նա քաղաքապետին հորդորել էր գործուն միջոցներ ձեռնարկել քաղաքի բնակչության անվտանգությունն ապահովելու մասով: Ավելին` Շիրակի դատախազը քաղաքապետին առաջարկել էր դիտարկել նաեւ աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցը:

Առաջին գրությունից երեք օր անց՝ դեկտեմբերի 15-ին, Շիրակի դատախազը հերթական գրությունն էր ուղարկել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Այս անգամ տեղեկացրել էր, որ Գյումրի քաղաքում գործող «Մարաքեշ» եւ նախկին «Աուռա», ներկայում` «Սթար», դիսկո ակումբները վերջին երկու տարիներին ժամը 24:00-ից հետո փաստացի ապօրինի գործունեություն են ծավալում, եւ քաղաքապետին առաջարկել էր օրենքով սահմանված կարգով այդ օբյեկտներին վարչական պատասխանատվության ենթարկել եւ միջոցներ ձեռնարկել սեղմ ժամկետում դրանց հետագա գործունեության նպատակահարմարության հարցը լուծելու ուղղությամբ:
Շիրակի դատախազը համայնքի ղեկավարին առաջարկել էր նաեւ կանոնակարգել ակումբների` հատկապես գիշերային ժամերի գործունեությունը եւ նմանատիպ ակումբների աշխատանքը դարձնել վերահսկելի:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հետ:
-Պարո՛ն Գաբիրելյան, Գյումրիի ակումբների գործունեությունը կանոնակարգելու պահանջով դիմել եք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ի՞նչն է եղել նման քայլի դիմելու պատճառը:
-Մենք համապատասխան վերլուծություն, ուսումնասիրություն էինք իրականացրել, որոնք ցույց էին տվել, որ կոնկրետ նշված գիշերային ակումբներում կատարվել են մի շարք հանցագործություններ: Վերջին ամենաթարմ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, երբ «Սթար» դիսկո ակումբում քաղաքացիներից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որպես զենք օգտագործվող առարկայով բռնություն էր գործադրել մեկ այլ քաղաքացու նկատմամբ` դիտավորությամբ պատճառելով գլխի վնասվածք եւ գանգի կոտրվածք: Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ հանցագործությունը կատարած անձը մի քանի այլ անձինք գործում ներգրավվել են որպես մեղադրյալ: Քանի որ նշված հաստատությունում շարունակվում են տարաբնույթ հանցագործություններ տեղի ունենալ, ես համապատասխան միջնորդությունը ներկայացրեցի, որ ակումբին վարչական պատասխանատվության ենթարկեն եւ քննարկեն հետագա աշխատանքը կասեցնելու հարցը: Առայժմ դեռ այսքանն է:
-Հաշվի առնելով, թե այսօր ովքեր կարող են իրենց թույլ տալ գիշերային ակումբներ ունենալ, որպես մարզի դատախազ` մտավախություն չունե՞ք, որ Դուք կարող եք խնդիրներ ունենալ:
-Ո՛չ, ո՛չ, մարզի դատախազը երբեւէ նման մտավախություն չունի: Ո՞նց կարող է մարզի դատախազը մտահոգություն ունենալ:
-Իսկ պազել ե՞ք` ում են պատկանում Ձեր գրությունում հիշատակված գիշերային ակումբները:
-Ես կոնկրետ տեղեկություն չունեմ, թե ում են պատկանում այդ ակումբները, բայց ում էլ պատկանեն, կաշկանդվածություն մարզի դատախազի մոտ առկա չէ: Դուք նկատած կլինեք, որ Շիրակի մարզի դատախազը երբեւէ նման կաշկանդվածություն չի ունեցել:
-Նախորդ գրությամբ էլ Սամվել Բալասանյանից պահանջել էիք միջոցներ ձեռնարկել ձնամաքրման աշխատանքները ժամանակին կատարելու ուղղությամբ, քաղաքապետարանից Ձեզ պատասխանե՞լ են:
-Դեռ պատասխան չենք ստացել:
-Ինչո՞ւ որոշեցիք երթեւեկության հարցով էլ քաղաքապետին դիմել:
-«Ցայգ» հեռուստաընկերության լրագրողի ֆեյսբուքյան էջում գցված էր տեսագրություն, ինչը վկայում էր այն մասին, որ կոնկրետ նշված օրը Վարդանանց այգում ձյան մաքրման աշխատանքները կա՛մ չէին կատարվել, կա՛մ թերի էին կատարվել եւ նշված տեսագրությունում ակնհայտ էր, որ ավտոմեքենաները սահում էին: Այդ ամենն ինձ մոտ մտահոգություն առաջացրեց, որ ստեղծված իրավիճակը կարող է հանցագործություններին նպաստող հանգամանք հանդիսանալ, մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածով նախատեսված արարքների, խոսքը ճանապարհատրանսպորտային պատահարի մասին է, որի արդյունքում անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառվում է վնասվածքներ կամ առաջացնում է մահ: Նման հետեւանքներից խուսափելու համար որոշեցի նման գրություն հասցեագրել քաղաքապետին:
-Դուք բարձրացրել էիք նաեւ թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարց, Դուք` որպես մարզի դատախազ, չե՞ք պատրաստվում անձամբ ստուգել, թե՞ ովքեր էին թերացել:
-Մենք կստանանք գրության պատասխանը, նոր հետագայում կորոշենք` ինչ գործողություններ կձեռնարկենք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԻՍՈՅԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
Շուրջ 3 տարի տեւած դատավարությունից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը վերջապես հրապարակեց քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավճիռը:
Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Ըստ մեղադրական եզրակացության` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է քրեական հեղինակություն Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում եւ դիակը տեղափոխել ու նետել Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Մովսես Ներսիսյանի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել:
Ասել է, թե քրեական հեղինակության եղբոր սպանությունից անցել է շուրջ երեք տարի, ու Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը չէր կարողանում ավարտին հասցնել դատավարությունը:
Այս գործով երեք տարի է` կալանքի տակ է գտնվում Իսրայել Սարգսյանը: 2017 թվականի հունիսի 22-ին պետք է հրապարակվեր դատավճիռը, սակայն դատավոր Բեկթաշյանը որոշեց վերսկսել դատաքննությունը: Դրանից հետո էլ եւս երկու անգամ հասնելով դատավճռի կայացման փուլին` նա չէր «համարձակվել» դա անել եւ կրկին վերսկսել էր դատաքննությունը: Իսկ սպանության մեղադրանքով շուրջ երեք տարի կալանքի տակ պահվող Իսրայել Սարգսյանն էլ շարունակում է պնդել, որ ինքը չի սպանել Թեւոս Սաֆարյանի եղբորը:
Այսքանից հետո երեկ դատավոր Բեկշաթյանը գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 25 տարվա ազատազրկման: Նշենք, որ մեղադրող դատախազը նույնպես նրա համար 25 տարվա ազատազրկում էր պահանջել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Իսրայել Սարգսյանի մայրը` Անժելա Սարգսյանը, հայտարարեց, որ տեղի ունեցածն իր որդու դեմ պատվեր է: Նա նաեւ հայտարարեց. «Աբսուրդ է` ոչ մի ապացույց չունենալով` մարդուն դատապարտեցին ազատազրկման 25 տարի, մենք չենք հանձնվելու, մենք կբողոքարկենք բոլոր ատյաններ` իմ որդու դեմ պատվեր կատարողներին պատժելու համար»:
Իսկ թե ով է պատվիրատուն, «Ժողովուրդ»-ի այս հարցի պատասխանը Տիկին Սարգսյանը չցանկացավ գաղտնազերծել. «Եթե պատվեր չլիներ, ոնց կարող են մարդուն առանց ապացույցի 25 տարի նստեցնեն, պայքարելու ենք, արդարացման հասնելու ենք, այլ կերպ չի կարող լինել»,- ասաց Անժելա Սարգսյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
ՀՀ ԱԺ-ն քվեարկել է ընտանեկան օրենսգրքում փոփոխությունները եւ կից փաստաթղթերի փաթեթը` առաջին ընթերցմամբ: Մասնավորապես փոփոխություն է կատարվել ծնողական իրավունքներից զրկելու եւ ծնողական իրավունքները սահմանափակելու կարգում: ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի խոսքով` այս փոփոխություններով ամրագրվում է, որ ընկեցիկ երեխային միայն 3 ամիս հետո կարող են որդեգրել` պայմանով, եթե ոստիկանությունը փնտրի եւ չգտնի ծնողներին: «Մենք քրեական պատիժ ենք նախատեսել այն դեպքերում, երբ կա դատարանի վճիռ երեխային տեսակցելու մասով, սակայն այդ տեսակցությունը խոչընդոտվում է»-ասել է նա:

 

 

ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՆՉԵԼ
Դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում գտնվող «Սասնա ծռեր»-ից 10-ի գործով նիստին ամբաստանյալներից Միայնակ գայլ մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել: Անցած դատական նիստին Խանդոյանը լքել էր նիստերի դահլիճը` հայտարարելով, որ չի ուզում լսել դատախազներին: «Ինձ սարքել եք հոգեկան արդեն, ես չեմ կարում ինձ տիրապետեմ»,-հայտարարել էր Խանդոյանը: Հիշեցնենք` «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավել եւ երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Նշենք նաեւ, որ «Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանն էլ 3 օր է` հացադուլ է հայտարարել: Նա տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց: Նրա հանրային պաշտպան Արմինե Ֆանյանի տեղեկացմամբ` Բիլյանը պահանջում է, որ իրեն բուժզննության ենթարկեն բանտից դուրս` քաղաքացիական բուժհաստատությունում: Ըստ պաշտպանի` Բիլյանը ողնաշարի խնդիրներ ունի, ինչպես նաեւ դժգոհում է խուցի պայմաններից:

 

 

ԿԱՆԽԵԼ ԵՆ
Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում: Araratnews.am-ի տեղեկություններով` մի կին փորձել է իրեն նետել Սերժ Սարգսյանի ավտոշարասյան տակ: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան, երբ Սերժ Սարգսյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ նախագահական առանձնատնից գնալիս է եղել Բաղրամյան 26: Սակայն տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել են դեպքը: Նշենք` Դեմիրճյան փողոցի այն հատվածում, որտեղից ելումուտ են անում պատգամավորները, ամեն օր կարելի է տեսնել սոցիալապես անապահով քաղաքացիների խմբերի, ովքեր սպասում են պատգամավորներին` նրանցից օգնություն խնդրելու համար:

 

 

ԿՐԱԿՈՑԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ից հայտնել են, որ «ծոծրակի բազմակի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, որը վնասվածքը ստացել է կրակոցի հետեւանքով: Նա Ծափաթաղ գյուղի բնակիչ, 16-ամյա Ստեփան Բոյախչյանն է: Պարզվել է, որ գյուղի վերջնամասում թռչնի որս կատարելու ժամանակ Մ. Կարապետյանը կրակել է թռչնի վրա, եւ փամփուշտի կոտորակները դիպել են այնտեղ գտնվող Ս. Բոբյախչյանի ծոծրակին: Մ. Կարապետյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Վիրավորը սովորում է գյուղի 11-րդ, Վ. Հակոբյանը` 8-րդ դասարանում:




Լրահոս