ԱՆԻՄԱՍՏ ՀՐՃՎԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություններն արդեն մի քանի օր է՝ էյֆորիայի մեջ են. այս տարվա 11 ամիսների սոցիալ-տնտեսական լավ ցուցանիշներ են արձանագրել: Երեկ էլ Սերժ Սարգսյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ գործարարների համար կազմակերպված ընդունելության ժամանակ անդրադարձել է ԱՎԾ թվերին` առանձնացնելով հատկապես արտահանման ոլորտում գրանցված աճը: «Տնտեսական ակտիվության գործակիցը բավականաչափ մեծ է. արդեն 11 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է: Մենք երբեք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել: Մեր առեւտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը՝ արտաքին առեւտրաշրջանառության մասին է խոսքը»,- հայտարարել է նա: Հիասքանչ է ասված: Բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք. չնայած հրճվանք պատճառող աճին` արտահանման ծավալները, միեւնույն է, շարունակում են զիջել ներկրմանը՝ ավելի քան 1.7 անգամ: Ասել է, թե Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության հաշվեկշիռը շարունակում է բացասական հունով ընթանալ. «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս տարի արտահանվել է 2 մլրդ 13 մլն դոլարի եւ ներկրվել 3 մլրդ 770 մլն դոլարի ապրանք: Այնպես որ, հրճվելու, աջ ու ձախ այդ ցուցանիշները թմբկահարելու շատ բան չկա: Հատկապես, երբ իշխանությունները խոստացել էին Հայաստանի տնտեսությունը դարձնել արտահանելի:

 

 

 

Հայաստանի՝ աղքատ երկիր լինելը երեւում է ամեն քայլափոխի, երբ ստիպված է սպառել այլ երկրների անորակ արտադրանքը: Պարզվում է` ՀՀ եւ ՌԴ կառավարությունները քննարկում են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը: Եւ ռուսական կողմը պայման է դրել, որ ազգային նոր ավիափոխադրողը պարտավորված է լինելու շահագործել բացառապես ռուսական արտադրության Sukhoi Superjet 100 ինքնաթիռներ: Այդ մասին դեռ ամիսներ առաջ ՀՀ այցի ժամանակ հայտարարել էր Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռները տեխնիկական լուրջ խնդիրներ ունեն, եւ նրանց որակի մասին բազմիցս խոսվել է ե՛ւ պաշտոնյաների մակարդակով, ե՛ւ ռուսական մամուլում: Շատ ավիաընկերություններ այս ինքնաթիռներն օգտագործելուց որոշ ժամանակ անց հանել են շահագործումից պարբերական դարձած տեխնիկական խնդիրների պատճառով: Ու հիմա Հայաստանը ստիպված է գնելու դրանք:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է: «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է անդրադառնալու Առաքելյանի ընտանիքին պատկանող 15 հեկտար այգիներին: Ու քանի որ հսկայական հողակտորների եւ այգիների տեր են նաեւ ներկա ու նախկին պաշտոնյաները, «Ժողովուրդ» օրաթերթն Իգնատի Առաքելյանին հարցրեց՝ արդյո՞ք պետական քաղաքականություն չէ գյուղատնտեսությունը գյուղացու ձեռքից վերցնելը: «Ես չգիտեմ, ով ինչ ունի: Բայց այն, ինչ որ մեր ընտանիքում կա, դա մենք ստեղծել ենք մինչեւ իմ նախարար նշանակվելը: Խոսքը ընդամենը 15 հա այգիների մասին է: Դա համատեղ կոոպերացված գործունեություն է, որտեղ կա ամեն ինչ: Ես դա սկսել էի այն ժամանակ, երբ աշխատում էի Երեւանի կոնյակի գործարանում»,- պատասխանել է նա՝ հավելելով, թե ժամանակին դա իր համար եղել է հոբբի` հասկանալու, թե գյուղատնտեսությունը որքանով կարող է արդյունավետ լինել Հայաստանում:

 

 

 

Կաշառք տալու փորձի համար փաստաբան Վաղինակ Աթոյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Հիշեցնենք, լինելով քաղաքացուն վրաերթի ենթարկելու համար երեք տարվա ազատազրկման դատապարտված Մանուկ Մանուկյանի շահերի պաշտպանը` Աթոյանը 470 հազար դրամ է վերցրել՝ վերաքննիչ դատարանի դատավորին փոխանցելու համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Մ. Մանուկյանի գործը վերաքննիչում քննել են մինչեւ 2008-2016թթ. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ աշխատած Տիգրան Սահակյանն ու դատավորներ Ալեքսանդր Ազարյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը: Միայն թե նրանց անունները քրեական գործում այդպես էլ չի շոշափվում: «Չէ՛, ոչ մի առաջարկ չի եղել եւ չէր էլ կարող լինել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես արձագանքեց դատավորներից Ազարյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ իրեն այս գործի շրջանակներում ՀՔԾ հարցաքննության չեն կանչել. «Չէ՛, ընդհանրապես»,- ասաց նա:

 

 

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ԱՐԵԼ
Արդեն տեւական ժամանակ է` իշխանությունները փորձում են ցույց տալ, թե քափ ու քրտինք մտած անհաշտ պայքար են մղում կոռուպցիայի դեմ, այն էլ՝ պայքարում ամենախիստ մեթոդներով: Բայց ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ GRECO-ն, իր զեկույցում միանգամայն այլ գնահատականներ է հնչեցրել:
Ըստ այդ զեկույցի` Հայաստանը բավարար չափով իրականացրել է տասնութ հանձնարարականներից միայն հինգը: Առաջարկներից տասներկուսն իրականացվել են մասնակի, իսկ մեկն ընդհանրապես չի իրականացվել: Հիմնական խնդիրն, ըստ GRECO-ի, այն է, որ առաջընթաց չի գրանցվել խորհրդարանում իրավական գործընթացի թափանցիկության եւ անհամապատասխանությունների վերաբերյալ ստանդարտների մասով: GRECO զեկույցում նաեւ նշված է, թե հարկավոր է ավելի շատ ջանքեր գործադրել` սահմանելու վարքագծի կանոններ խորհրդարանի անդամների համար եւ ամրապնդելու պատգամավորների էթիկական նորմերին եւ չափանիշներին վերաբերող ստանդարտները: Ու բացի այդ, ըստ GRECO-ի, անհրաժեշտ է հետագայում նշանակալից առաջընթացի հասնել՝ գալիք 18 ամիսներին հանձնարարականների համապատասխանությունն ընդունելի մակարդակի հասցնելու համար:
Խոստովանենք` նման գնահատականները միանգամայն սպասելի էին: Ի սկզբանե պարզ է եղել՝ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի իշխանությունների քայլերը ձեւական բնույթ են կրում: Նրանք ավելի շատ խոսում են արատավոր այդ երեւույթի դեմ պայքարի մասին, քան իրական քայլեր ձեռնարկում: Իսկ արդարացումները, թե կաշառք վերցնելու պահին մի քանի պաշտոնյա են ձերբակալել, այնքան էլ հիմնավոր չէ: Ի վերջո, ձերբակալվածներն ամենակոռումպացված անձինք չեն: Բացի այդ` կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ: Այնպես որ, կոռուպցիոն մեխանիզմները Հայաստանում շարունակում են գործել:
Մյուս կողմից, սակայն, անհասկանալի է, թե ինչո՞վ են զբաղված եղել իշխանություններն այս տարիներին, երբ կոռուպցիայի դեմ պայքարի համար օտարերկրյա պետություններից ու միջազգային կառույցներից ահռելի միջոցներ են ստացել, բայց պարզվում է՝ GRECO-ի տասնութ առաջարկներից միայն հինգն են լիարժեք իրականացվել: Մյուս տասներկու առաջարկներն ինչո՞ւ են թղթի վրա մնացել, պարզ չէ, որեւէ մեկն այդպես էլ չի պատասխանել այս հարցին: Ամեն դեպքում ցանկալի կլիներ լսել իշխանությունների արդարացումները: Հատկապես հիմա, երբ կոռուպցիայի դեմ պայքարի համար միջազգային կառույցներից հսկայական դրամաշնորհների հույսեր ունեն:




Լրահոս