ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ եւ ՌԴ կառավարությունները քննարկում են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը. այս մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Եղել է նախնական քննարկում, որից հետո որեւէ առարկայական քայլ չի արվել», – նշել է նա` միաժամանակ հավելելով, որ քննարկվել է նաեւ ռուսական ինքնաթիռներ ձեռք բերելու հարցը: «Որեւէ քայլ դեռ արված չէ, մենք աշխատանքային շատ նախնական քննարկումների փուլ ենք մի թեթեւ ունեցել եւ վերջ», – ասել է նա:

Նկատենք, որ ազգային նոր ավիափոխադրողը պարտավորված է լինելու շահագործել բացառապես ռուսական արտադրության Sukhoi Superjet 100 ինքնաթիռներ. այդ մասին դեռ ամիսներ առաջ ՀՀ այցի ժամանակ հայտարարել էր Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը` հավելելով, թե արդեն մեկ տարուց ավելի է` քննարկումներ են անցկացվում այդ թեմայով: Ու հիմա քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ինքն էլ չի հերքում ռուս պաշտոնյանի հնչեցրած խոսքերը:
Բայց արի ու տես, որ ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռները, որ ռուսական կողմը պարտադրում է հայկական նոր ավիափոխադրողին, տեխնիկական լուրջ խնդիրներ ունեն, եւ նրանց որակի մասին բազմիցս խոսվել է անգամ ռուսական լրատվամիջոցներում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վեց տարվա ընթացքում Sukhoi Superjet ինքնաթիռները մի քանի անգամ աղետի են ենթարկվել: Առաջին վթարը 2012 թվականի մայիսին էր, երբ ցուցադրական թռիչքի ժամանակ ինքնաթիռն Ինդոնեզիայում բախվել էր լեռանը, արդյունքում եղել էր 45 զոհ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` վթարի պատճառը եղել է մարդկային գործոնը: 2013թ. հուլիսին ռուսական արտադրության այս ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Իսլանդիայում` տալով 5 զոհ, սա անսարքության, տեխնիկական խնդիրների հետեւանքով: Վերջին դեպքը եղել էր 2015թ. Մեխիկոյում, բարեբախտաբար, այս անգամ առանց զոհերի եւ կրկին տեխնիկական խնդիրների պատճառով: Ռուսական «Գազետա» պարբերականի փոխանցմամբ` 2016թ. ընթացքում Sukhoi Superjet ինքնաթիռներն աղետի են ենթարկվել յոթ անգամ, որից երեքի պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել:
Այս ամենից բացի` Sukhoi Superjet 100 ինքնաթիռների որակական թերությունները եղել են լրատվամիջոցների քննարկումների թեման: Ռուս պաշտոնյաներն իրենք էլ չեն հերքել ինքնաթիռների անսարքությունների մասին հրապարակումները, այլ փորձել են մեկնաբանել ու արդարացումներ ներկայացնել, թե ինքնաթիռների խնդիրները կոնստրուկտորական բնույթի չեն եղել, սիստեմատիկ բնույթ չեն կրում եւ առաջանալու դեպքում մի քանի օրում վերացվում են: Բայց փաստը, որ ինքնաթիռները տեխնիկական խնդիրներ ունեն, ինքնին խոսուն է:
Sukhoi Superjet ընկերության արտադրած առաջին ինքնաթիռը գնել էր Հայաստանը` «Արմավիա» ընկերությունը դեռ 2011 թվականին: Բայց կարճ ժամանակ անց «Արմավիան» ստիպված էր եղել այդ ինքնաթիռը հանել շահագործումից տեխնիկական խնդիրների պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016թ. տարեվերջին՝ դեկտեմբերին, «Ռոսավիացիա»-ն հանձնարարել էր ստուգել այդ օդանավերի ստաբիլիզատորներն այն բանից հետո, երբ «Աերոֆլոտ»-ը մի քանի չվերթ էր չեղարկել օդանավերի խնդիրների հետեւանքով։ Այս ինքնաթիռներից իր հերթին դժգոհել էր «Յակուտիա» ընկերությունը, երբ 2017թ. հունվարին իր չորս Sukhoi Superjet-ից երկուսի մոտ խնդիրներ էր հայտնաբերել: Եւ, ընդհանրապես, «Վեդոմոստի» պարբերականի պնդմամբ` ռուսական արտադրության այդ ինքնաթիռների հինգից մեկն անսարք է:
Եւ հիմա ստացվում է, որ Հայաստանը պարտադրված է լինելու նոր ազգային ավիափոխադրողի համար գնել որակապես ցածր ինքնաթիռներ, որովհետեւ այդպես է թելադրում երկրորդ կողմը: Այսինքն` Հայաստանը ստիպված է լինելու «յոլա գնալ» ռուսական կողմի «կրճոններով», որոնք ամեն րոպե կարող են պատուհաս դառնալ` խլելով հարյուրավոր մարդկանց կյանքեր: Սա, համաձայնեք, նորմալ չէ, նույնիսկ ամոթ է: Բայց այսպես է լինում Հայաստանի նման երկրների հետ, եթե անգամ ոչ քաղական, ապա զուտ տնտեսական պատճառներով. ի վերջո, ռուսական ինքնաթիռներն անհամեմատ էժան են:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում վերջին մի քանի աղմկահարույց հանցագործությունների մեջ մեղադրվողները հայտնաբերվեցին Վրաստանում: Պարզվում է՝ հարեւան Վրաստանում հանցագործություն կատարելու համար հետախուզվողներն էլ փախչում են Հայաստան: Վերջին դեպքը, սակայն, կարելի է նույնիսկ ուշագրավ որակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ 2016թ.-ից Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Լեւան Մեքարանաշվիլին Հայաստանում ձեռք է բերել իր նկարով, սակայն ուրիշի կենսորոշիչ տվյալներով կեղծ անձնագիր եւ 2017 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ-ից մեկնել: Բայց Ուկրաինայի ԱԱԾ-ին հաջողվում է հայտնաբերել նրան, որից հետո նա վերադարձվում է Հայաստանի Հանրապետություն: Արդյունքում Լեւան Մեքարանաշվիլիին մեղադրանք է առաջադրված փաստաթղթեր կեղծելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու համար, վերջինս կալանավորված է:

 

 

ԱՆՓՈՒՅԹ ԱՇԽԱՏԱՆՔ
«Արամ եւ Արաքսյա Դավթյաններ» ընկերությունը դեռ շարունակում է պայքարել «Պանդա» տեսակի կոնֆետ վաճառելու իրավունքի համար: Բանն այն է, որ նշված ընկերությունը, հանդիսանալով ռուսական «Շոկոլենդ»-ի պաշտոնական ներկայացուցիչը, պանդաների պատկերով կոնֆետներ հոկտեմբերին ՀՀ է ներկրել: Բայց «Գրանդ Քենդի» ընկերությունը «Պանդա» ապրանքային նշանը դեռեւս 2016 թվականին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալությունում է գրանցել: Եւ սա այն դեպքում, երբ այլ երկրներում տվյալ պատկերով կոնֆետն արտադրվում է 2010 թվականից, այսինքն՝ շատ ավելի վաղ: Հիմա էլ «Գրանդ Քենդին» դիմել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով եւ պահանջում է «Արամ եւ Արաքսյա Դավթյաններ» ընկերությանը դիտարկել որպես անբարեխիղճ տնտեսվարող ու արգելել այդ կոնֆետների վաճառքը: Թե ինչ ճակատագիր կունենա ընկերությունը, պարզ կդառնա վաղը` ՏՄՊՊՀ նիստում: Բայց «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՏՄՊՊՀ-ն հնարավոր է` որոշում կայացնի հօգուտ «Գրանդ Քենդիի», մանավանդ որ այս ընկերությունն ամեն կերպ փորձում է քաղցրավենիքի շուկայում իր գերիշխող դիրքը հաստատել ՀՀ-ում` դուրս մղելով անգամ ներկրողներին: Պարզվում է` Հայաստանում մտավոր սեփականության գործակալությունում ապրանքային նշան գրանցելուց հետո այլ երկրներից տվյալ տեսքով ներկրված ապրանքների վաճառքը արգելվում է:
Այս դեպքում նկատենք, որ մտավոր սեփականության գործակալությունը անփույթ է աշխատել եւ ապրանքային նշան գրանցելուց առաջ աշխարհի շուկաներում ուսումնասիրություն չի անցկացրել: Ու հիմա այս ամենի արդյունքում տուժում են գործարարները: Հուսանք` այս երեւույթը չի վրիպի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի աչքից: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռուսական «Շոկոլենդ»-ը եւս իր հերթին բողոքով դիմել է ՏՄՊՊՀ-ին՝ ընդդեմ «Գրանդ քենդիի»:

 

 

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՍՏՈՒՄ Է
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքով` Հայ-թուրքական արձանագրությունները որոշակի նախապայմաններով ստորագրված լինելու մասին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունը բացարձակ սուտ է: «Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է: Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող ենք հայտարարել, թե արձանագրությունների բանակցման ընթացքում Թուրքիան խոստացել է, որ ճանաչելու է Արցախի անկախությունը: Կրկին հիշեցնենք, որ բանակցությունները 2008թ. մեկնարկեցին թուրքական կողմի հետ հենց այն փոխադարձ համաձայնությամբ, որ այդ գործընթացը չի կարող ունենալ որեւիցե նախապայման: Այս համաձայնության հիման վրա ընթացան բանակցությունները, եւ ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրությունները»,- նշել է Տ. Բալայանը:

 

 

ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի փոխանցմամբ` Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում պետք է այնպես խոսի, որպեսզի պոլսահայերին չվնասի: Նա նշել է, որ պոլսահայերը հայ պատգամավորի պահվածքից անհանգիստ են, կարծում են, որ խորհրդարանում նրա բարձրացրած հարցերը կվնասեն հայ համայնքին: «Հայ համայնքն անհանգիստ է պառլամենտի մեջ իր խոսելու, գոռալու, կանչելու համար, որովհետեւ մենք կկորցնենք մեր իրավունքները: Նա խորհրդարանում այնպես պետք է խոսի, որպեսզի մեր համայնքին վնաս չտա, եթե համայնքը անհանգիստ է, ուրեմն մի բան կա մեջտեղում»,-ասել է նա: Աթեշյանի խոսքով` Կ. Փայլանը Թուրքիայի իշխանություններին մի կողմից «զարկում» է, մյուս կողմից` «շոյում»:
 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարը անդրադարձ է կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին, հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Վերջինս մասնակիցներին ծանոթացրել է միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Նա նաեւ անդրադարձել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի արդյունքներին, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը:




Լրահոս