ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրված ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

զ) Անհրաժեշտ եւ նպատակահարմար լինելու դեպքում` Կողմերի մաքսային մարմինների կողմից իրականացվող համակարգված մաքսային գործողություններին մասնակցելու նպատակով,
է) անհրաժեշտ եւ նպատակահարմար լինելու դեպքում՝ լիազորված տնտեսական օպերատորների վերաբերյալ ծրագրերի եւ մաքսային հսկողության, այդ թվում՝ առեւտրի դյուրացմանն ուղղված համարժեք միջոցառումների փոխադարձ ճանաչումն ապահովելու նպատակով.
ը) անհրաժեշտ եւ նպատակահարմար լինելու դեպքում՝ համապատասխան մաքսային տարանցման համակարգերի փոխկապակցվածությունն ապահովելու հնարավորությունների ստեղծման նպատակով, եւ
թ) Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ երկկողմ առեւտրային հարաբերություններում մաքսային ոլորտին առնչվող պարտավորությունների կատարումը խթանելու, այդ թվում՝ ապրանքների ծագման երկիրը որոշելու հետ կապված համագործակցության նպատակով։
ՀՈԴՎԱԾ 124
Փոխադարձ վարչական աջակցությունը
Չհակասելով սույն Համաձայնագրով, մասնավորապես դրա 123-րդ հոդվածով նախատեսված համագործակցության մյուս ձեւերին` Կողմերը պարտավորվում են մաքսային հարցերի շուրջ միմյանց տրամադրել փոխադարձ վարչական աջակցություն՝ սույն Համաձայնագրի «Մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցության վերաբերյալ» արձանագրության դրույթներին համապատասխան։
ՀՈԴՎԱԾ 125
Մաքսային արժեքը
1. Կողմերը «ՍԱԳՀ-ի (1994 թվական) VII հոդվածի իրականացման մասին» համաձայնագրի դրույթները, այդ թվում՝ հետագայում դրանցում կատարված ցանկացած փոփոխություն, կիրառում են Կողմերի միջեւ առեւտրում մաքսային նպատակներով ապրանքների մաքսային արժեքի որոշման նկատմամբ։ Այդ դրույթները ներառվում են սույն Համաձայնագրում եւ mutatis mutandis կազմում են դրա անբաժանելի մասը։
2. Կողմերը համագործակցում են՝ մաքսային արժեքի որոշման հետ կապված հարցերի շուրջ միասնական մոտեցում ունենալու նպատակով։
ՀՈԴՎԱԾ 126
Մաքսային հարցերով ենթակոմիտեն
1. Սույնով ստեղծվում է Մաքսային հարցերով ենթակոմիտեն։ 2. Մաքսային հարցերով ենթակոմիտեն պարբերաբար անցկացնում է հանդիպումներ եւ վերահսկում է սույն գլխի կիրարկումը՝ ներառյալ առեւտուրը հեշտացնող մաքսային համագործակցության, միջսահմանային մաքսային համագործակցության եւ կառավարման, մաքսային ոլորտին առնչվող տեխնիկական աջակցության հարցերը, ապրանքների ծագման երկիրը որոշելու մասին կանոնները, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը մաքսային ընթացակարգերի կիրառման միջոցով, ինչպես նաեւ մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցությունը։
3. Մաքսային հարցերով ենթակոմիտեն, մասնավորապես՝
ա) ապահովում է սույն գլխի եւ սույն Համաձայնագրի՝ Մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցության վերաբերյալ արձանագրության պատշաճ գործելը,
բ) սույն գլուխը եւ սույն Համաձայնագրի՝ Մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցության վերաբերյալ արձանագրությունը կիրարկելու նպատակով կատարում է գործնական կարգավորումներ ու ձեռնարկում միջոցառումներ, այդ թվում՝ տեղեկությունների եւ տվյալների փոխանակման, մաքսային հսկողության եւ առեւտրային գործընկերության ծրագրերի փոխադարձ ճանաչման եւ փոխհամաձայնեցված օգուտների վերաբերյալ,
գ) փոխանակում է կարծիքներ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող որեւէ կետի, այդ թվում՝ դրա կիրարկման եւ կիրառման համար անհրաժեշտ հետագա միջոցների եւ ռեսուրսների շուրջ, եւ
դ) անհրաժեշտության դեպքում Գործընկերության կոմիտեին տալիս է հանձնարարականներ։
ԳԼՈՒԽ 3
ԱՌԵՎՏՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 127
Նպատակը
Սույն գլխով նպատակ է հետապնդվում Կողմերի միջեւ հեշտացնել ապրանքների առեւտուրը՝ ԱՀԿ Համաձայնագրի 1Ա հավելվածում ընդգրկված՝ «Առեւտրի տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրի (ԱՏԽ համաձայնագիր) շրջանակներում ստեղծելով առեւտրի ավելորդ խոչընդոտները կանխելու, բացահայտելու եւ վերացնելու համակարգ։
ՀՈԴՎԱԾ 128
Գործողության ոլորտը եւ սահմանումները
1. Սույն գլուխը կիրառվում է ԱՏԽ համաձայնագրով սահմանված այն ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի՝ Կողմերի կողմից նախապատրաստման, ընդունման եւ կիրառման նկատմամբ, որոնք ազդում են կամ կարող են ազդել Կողմերի միջեւ իրականացվող ապրանքների առեւտրի վրա։
2. Չնայած 1-ին պարբերությանը՝ սույն գլուխը չի կիրառվում ԱՀԿ Համաձայնագրի 1Ա հավելվածում ներկայացված՝ «Սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» համաձայնագրում (ՍԲՍ համաձայնագիր) սահմանված սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումների նկատմամբ, ինչպես նաեւ պետական մարմինների կողմից սեփական արտադրության կամ իրենց սպառման պահանջների համար պատրաստված գնման մասնագրերի նկատմամբ։
3. Սույն գլխի նպատակներով կիրառվում են ԱՏԽ համաձայնագրի 1-ին հավելվածով սահմանված սահմանումները։
ՀՈԴՎԱԾ 129
ԱՏԽ համաձայնագիր
Կողմերը հաստատում են ԱՏԽ համաձայնագրին համապատասխան միմյանց նկատմամբ ունեցած իրավունքներն ու պարտավորությունները, որը ներառված է սույն Համաձայնագրում եւ կազմում է դրա անբաժանելի մասը։
Շարունակելի…

 

 

 

ՁՎԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԴԵՖԻՑԻՏԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է

Հայաստանում ձվի շուկայում ամանորյա նախաշեմին դեֆիցիտը կրկնվում է: Արդեն մի քանի օր է, ինչ փոքր խանութները քիչ խմբաքանակով են հավկիթ ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ ձվի մատակարարները խանութների տնօրեններին զգուշացնում են, որ մոտ օրերս քիչ քանակությամբ են ձու ստանալու մինչեւ ներկրելը: Ավելին` անգամ սպառողներ կան, որոնք մտավախությունից նախատեսվածից ավել ձու են գնում: Բնականաբար, ձվի քիչ լինելը իր բացասական ազդեցությունն է թողել նաեւ գնի վրա: Իսկ, ըստ որոշ տեղեկությունների, պատճառը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ձու ներկրելու թույլտվության ուշ տրամադրելն է: Ինչի արդյունքում որոշ տնտեսվարողներ չեն կարողանում ժամանակի մեջ տեղավորվել, ձու ներկրել` շուկայի պահանջարկը բավարարելու համար:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ ՀՀ-ում խանութներ կան, որոնք ոչ բոլոր ընկերությունների արտադրած ձուն են վաճառում: Երեւանյան խանութների մի մասում վաճառվում է միայն Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի արտադրած հավկիթը, մի մասում` «Արաքս», մյուսում` «Աշտարակի ձու» ընկերությունների արտադրանքը: Բայց խանութներ կան, որոնք տեւական ժամանակ է, ինչ չեն ստանում Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի արտադրած հավկիթը:
Տեղեկանալու համար, թե ինչն է պատճառը, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ընկերության տնօրեն Մանաս Եփրեմյանի հետ: «Մեզ թույլատրվել է հինգ մեքենա ձու ներկրել, որից մի ավտոմեքենան արդեն շաբաթ օրը կգա: Բայց խանութների տվյալներ գիտեմ, որոնք միշտ աշխատում են մեր ընկերության հետ, եւ մշտապես իրենց պահանջարկը մեր կողմից բավարարվել է: Կան խանութներ, որոնք ընդհանրապես չեն ստացել մեր հավկիթը: Այսինքն` խանութը պարտավոր չէ բոլոր արտադրողներից ապրանք ձեռք բերել: Սա է խնդիրը: Մեծ խանութներում մեր հավկիթը կա ու վաճառվում է: Բայց սուպերմարկետներում` ոչ: Քանի որ իրենց մասով թվերը պայմանական են»,- նկատեց թռչնաֆաբրիկայի տնօրենը: Ապա վստահեցրեց, որ իրենց ընկերության մասով ձվի շուկայում ձվի դեֆիցիտ չի առաջանա, քանի որ իրենք ներկրումը կազմակերպել են նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա ծավալների կտրվածքով:
Մեզ մնում է ցավով նկատել, որ Հայաստանը երբեմնի ձու արտահանողից վերածվել է ներկրողի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ
Դեկտեմբերի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ նշանակված է Միհրան Ոսկանյանի դատավարությունը: Նա մեղադրվում է նրանում, որ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության` Բերդի տարածաշրջանում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարի տեղակալը` 2016թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում, բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, շարքային Միքայել Արսենի Տեր-Մինասյանի նկատմամբ, ձեռքով հարվածել է նրա պարանոցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո դիտավորությամբ բռունցքով հարվածել է նրա ձախ գոտկային շրջանին` պատճառելով փայծաղի սուբկապսուլյար հեմատոմայի պատռվածք, ներքին արյունահոսության ձեւով առողջության ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս: Դրանից հետո` 2016թ. դեկտեմբերի 17-ին, Մ. Տեր-Մինասյանը շտապ կերպով վիրահատվել է, նրա փայծաղը հեռացվել է:
Մ. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ 358.1 հոդվածի 1-ին մասով (Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

 

ԿՆՈՋԸ ԾԵԾԵԼ Է
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացել է Իջեւան քաղաքի բնակիչ Արթուր Մալաքյանի դատավարությունը: Նրա մեղքն այն է, որ 2017թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 17-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում ծեծել է նրան` պատճառելով ֆիզիկական ցավ: Ա. Մալաքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (Ծեծը): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 100 հազար դրամի չափով տուգանք կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք: Ա. Մալաքյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դատական նիստում տուժող կինը հայտարարել է, որ հաշտվել է Ա. Մալաքյանի հետ, նրանից որեւէ բողոք, պարտք ու պահանջ չունի, խնդրել է կարճել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը:
Դեկտեմբերի 12-ին դատավոր Սամվել Մարդանյանը որոշել է Ա. Մալաքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով քրեական գործի վարույթը կարճել եւ դադարեցնել քրեական հետապնդումը` տուժողի` ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով: Ասել է, թե ամուսին ու կին հաշտվել են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս