ԱԱԾ-Ի ՀԱՆԴԵՊ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵՂՄ ԳՏՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ հանդիսավոր նիստում Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն ուշագրավ էր մի առումով: Ի տարբերություն իրավապահ մյուս կառույցներում՝ ոստիկանությունում, ՊՆ-ում, քննչական կոմիտեում եւ գլխավոր դատախազությունում ունեցած ելույթների, որտեղ Սերժ Սարգսյանն ամենախիստ քննադատական խոսքերն էր հնչեցրել՝ վերհանելով համակարգի բացերն ու թերությունները, ԱԱԾ-ում, ընդհակառակը, նրա տոնայնությունը մեղմ էր ու խոսում էր ձեռքբերումներից:

Նկատենք, որ համեմատաբար մեղմ էր Սերժ Սարգսյանի ելույթը ՀՔԾ-ում, որտեղ եւս կոշտ քննադատություն չհնչեց:
Երեկ ԱԱԾ-ում անդրադառնալով անգամ խնդրահարույց թեմաներին` Սերժ Սարգսյանն աշխատակիցներին չէր կշտամբում, այլ հակառակը: Պատճառն, իհարկե, պարզ է. պետական կառավարման համակարգում Սերժ Սարգսյանի հիմնական հենարանը եղել եւ մնում է ԱԱԾ-ն, մի կառույց, որն ավելի շատ «մասնագիտացել է» ընդդիմության դեմ պայքարում՝ սահմանադրական կարգի պահպանման շրջանակներում, իհարկե, նաեւ այս կառույցն իր դերակատարությունն ունի իշխանության ներսում՝ կոմպրոմատների հավաքագրման առումով: Ու պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն էլ իր ելույթում առանձնապես կարեւորել էր ԱԱԾ այդ գործառույթը. «ԱԱԾ գործունեության մեջ հատկապես կարեւոր է սահմանադրական կարգի ապահովման գործառույթը… Արկածախնդրություն փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման: Հայաստանում բռնությամբ եւ զենքով ոչ մի հարց չի լուծվելու… Կասկածից վեր է, որ ազգային անվտանգության ծառայությունը եւ մեր իրավապահ մյուս մարմիններն ունակ են կանխելու կամ չեզոքացնելու նման ցանկացած ոտնձգություն,- հայտարարել է Ս. Սարգսյանը, այնուհետեւ հիշել նախորդ տարվա ամռանը «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման դեպքը,- կարծում եմ՝ անցյալ տարի` հուլիսին, ձեր հետեւողական գործողություններն ու հավասարակշռված մոտեցումները խոսքերիս լավագույն ապացույցն են»:
Միայն թե, նկատենք, 2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումն իրավապահ համակարգի խարանն է: Այս ընթացքում շատ է խոսվել այն մասին, թե ինչպե՞ս կարողացան «Սասնա ծռերը» գնալ այդ քայլին, եթե մինչ այդ զինված հեղաշրջման, շենքեր-շինություններ զավթել նախապատրաստվելու մեղադրանքով ձերբակալվել էր Ժիրայր Սէֆիլյանը, իսկ նրա կողմնակիցներն էլ գտնվում էին իրավապահների տեսադաշտում: Ու չնայած այդ հանգամանքին` Սէֆիլյանի կողմնակիցներն, այնուամենայնիվ, կարողացան գնալ զինված հարձակման` ընդ որում, մինչ այդ չթաքցնելով իրենց պլանները, այլ ասուլիսների ժամանակ պարբերաբար նախազգուշացնելով «զենք վերցնելու» մասին: Իսկ Սերժ Սարգսյանն այս մասին խոսելիս, ընդհակառակը, փորձում է դրական երանգներ հաղորդել:
Սերժ Սարգսյանը երեկ նաեւ հայտարարել է, թե «ԱԱԾ առաջնահերթ խնդիրներից մեկը շարունակում է մնալ հետախուզական եւ հակահետախուզական գործունեության արդյունավետության բարձրացումը»: Նա նաեւ անդրադարձել է ՀՀ սահմանների պաշտպանության խնդրին՝ ասելով. «Վերջին մի քանի տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օտարերկրացիների կողմից պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերը կամ դրանց փորձերն ավելանում են… Ուստի այս բնագավառում պետք է ակտիվացնել համագործակցությունը պաշտպանության նախարարության եւ ոստիկանության հետ, վերացնել հնարավոր այն բացթողումները, որոնց առկայությունը կարող է նպաստել ապօրինի սահմանահատմանը»: Այլ կերպ ասած` նա թեեւ մատնանշել է սահմանն ապօրինի հատելու դեպքերի մասին, բայց եւ գերադասել է կատարվածի համար չքննադատել այս կառույցին: Չնայած նման դեպքերն անհարիր են եւ պետք է իսպառ բացառվեն:
Երեկվա ելույթում անդրադարձ կար նաեւ հետախուզվող անձանց հայտնաբերման խնդրին. «Ձեր ծառայության հետ իրավապահ մյուս մարմինների ակտիվ համագործակցության արդյունքում վերջին շրջանում բացահայտվել են տարաբնույթ հանցագործություններ, կանխվել զենքի եւ զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքեր եւ փորձեր, հայտնաբերվել են քրեական պատասխանատվությունից խուսափող, հետեւապես եւ հասարակության համար վտանգ ներկայացնող մի շարք անձինք»:
Միայն թե, հիշում եք, նույն այդ խնդրի մասին ոստիկանությունում խոսելիս Ս. Սարգսյանը «շան լափ էր լցրել»` շեշտելով, որ տարիներ շարունակ հետախուզվողները չեն հայտնաբերվում, դեռ ավելին՝ նոր հանցագործություններ են անում: Այնինչ` ԱԱԾ-ում հետախուզվողների հայտնաբերման մասին խոսելիս, ընդհակառակը, շեշտել է բացահայտումները` տպավորություն ստեղծելով, թե դրականն ԱԱԾ-ի շնորհիվ է, բացասականը՝ ոստիկանության թերացումների: Միգուցե եւ իրոք այդպես է. ամեն դեպքում՝ ԱԱԾ աշխատանքները հասկանալի պատճառներով ամբողջությամբ թափանցիկ չեն, լայնորեն չեն լուսաբանվում, այլ պահվում են գաղտնիության քողի տակ: Այդքանից հետո, թերեւս, հետաքրքիր է՝ արդյո՞ք ոստիկանությունում խանդով չեն վերաբերվում կատարվածին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՆԵՐՈ՞ՒՄ 3 ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություներով` ՀՀ մի շարք քրեակատարողական հիմնարկներում այս օրերին տեղեկություններ են տարածվել, որ Ամանորին ընդառաջ` Սերժ Սարգսյանը պատրաստվում է երեք ցմահ դատապարտյալների ներում շնորհել: Իսկ թե ովքեր կլինեն նրանք, դեռեւս գաղտնի է պահվում: Ըստ տարածված խոսակցությունների` քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունից այս օրերին համապատասխան փաստաթղթեր են պահանջել, որպեսզի հասկանան, թե որ ցմահ դատապարտյալի դեպքում հնարավոր կլինի ներում շնորհել` հաշվի առնելով նրա` ազատազրկման մեջ գտնվելու տարիների վարքագիծը եւ մի շարք այլ գործոններ:
Չի բացառվում, որ այդ թվում լինեն ՀՅԴ-ականներ Արսեն Արծրունին ու Արմենակ Մնջոյանը, որ 90-ականներին Սերժ Սարգսյանի` ԱԱԾ նախարար եղած ժամանակ ձերբակալվել էին «Դրո»-ի եւ «30+1» գործի շրջանակներում ու ցմահ դատապարտվել` բանդիտիզմի, երկու եւ ավելի հոգու սպանության, զինված պետական հեղաշրջում նախապատրաստելու համար: Արծրունին ու Մնջոյանն այս ընթացքում մի քանի անգամ արդեն դիմել են Սերժ Սարգսյանին: Չի բացառվում. այս հարցում ակտիվ են նաեւ իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ականները, որոնք ժամանակին այս գործերի շրջանակներում դատապարտվել էին, բայց 1998թ. իշխանափոխությունից հետո իրադրության փոփոխության պատճառով ազատ արձակվեցին:

 

 

ԽՈՍՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին կառավարության նիստում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հանձնարարեց հետեւել շուկային՝ կանխելու ամանորյա գնաճը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վարչապետի հայտարարությունից ժամեր անց ներքին շուկայում տավարի մսի գինը բարձրացել է 100 դրամով: Երեկ տավարի ոսկորոտ մսի մեկ կիլոգրամը երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվում էր 3000 դրամով, մինչդեռ օրեր առաջ այն արժեր 2700-2900 դրամ, իսկ փափուկ միսը նախկին` 3300-3500 դրամի փոխարեն վաճառվում էր 3700 դրամով:
Ամանորի սեղանին կարեւոր աքսեսուար համարվող խոզի բդի մեկ կիլոգրամը վաճառվում է 3300 դրամով: Սրան զուգահեռ` Ամանորի նախաշեմին թանկացել է նաեւ ընդեղենը. հնդկական ընկույզի մեկ կիլոգրամն արժի 8000 դրամ, տեղական ընկույզը՝ 8000-10000 դրամ, կաղինը` 3600-5000 դրամ, նուշը` 7500 դրամ, չամիչը` 1500 դրամ: Ի դեպ, մրգի շուկայում եւս թանկացումներ են գրանցվել:

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ
«Ծառուկյան» դաշինքը դեռ չի պատրաստվում քննարկել «Ելք» խմբակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանին պաշտպանելու կամ չպաշտպանելու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Որեւէ քննարկում այդ թեմայի շուրջ դեռ չի եղել»՝ խուսափելով հստակեցնել՝ սպասվո՞ւմ է նման քննարկում, թե՞ ոչ:

 

 

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԱՀԱԲԵԿՈ՞ՒՄ ԵՆ
Երեւանի ավագանու մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է. «Մանկապարտեզների հարգելի՛ ծնողներ, դաստիարակներ, դայակներ, տնօրեններ, ինձ տեղեկություններ են հասնում, որ թաղապետարանները, պատկան մարմինների այլ ներկայացուցիչներ ձեզ ահաբեկում են, թե Երեւանի «Ելք» խմբակցությունը ստեղծել է քննող հանձնաժողով, որը բոլորիդ «նստեցնելու է, դատելու է, ջրի երես է հանելու»: Տնօրեններին համատարած զգուշացնում են փաստաթղթերը կարգի բերել, չպատասխանել «Ելք»-ի ներկայացուցիչների հարցերին, դաստիարակներն ու դայակները զանգում են ծնողներին` զգուշացնում, որ չասեն, թե որքան գումար են տալիս դրամահավաքների ժամանակ, փոխանցում մանկապարտեզի եւ «Օգնիր մանկապարտեզիդ» հաշվեհամարներին: Սիրելի՛ ծնողներ, գիտակցե՛ք, որ ունեք հնարավորություն` բարելավելու պայմանները մանկապարտեզներում: Երբ ձեզ կոչ են անում չխոսել մեզ հետ, չբացահայտել փաստերը, դրանով վնասում են, առաջին հերթին, ձեր երեխային: Մի՛ վախեցեք, որ ձեր երեխային դրանով կարող են վնասել, նման բան չի կարող լինել»:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ, ՈՉ ԹԵ ԴԵՄ
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի փոխանցմամբ` Արցախյան հակամարտության լուծման գործում ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ կարեւորություն ունի: «Հատկապես Ռուսաստանի եւ Ֆրանսիայի` որպես մեծ երկրների դերն է կարեւորվում: Հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ունենա: Այդ համատեքստում պետք է սերտորեն գործակցենք Ադրբեջանի հետ, ինչը մեզ թույլ կտա խնդիրը ոչ թե արագ լուծել, այլ դանդաղ, բայց խելամտորեն»,-ասել է պատգամավորը: Նրա համոզմամբ` խնդրի խելամիտ լուծումը ենթադրում է երկուստեք փոխզիջումների ճանապարհ: «Պետք է որոշում կայացնել Ադրբեջանի հետ, ոչ թե Ադրբեջանի դեմ: Այդ հարցում Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախահագող երկրներից մեկը, կարող է լավ «մոդերատորի» դեր տանել, որպեսզի հարցը լավագույնս լուծվի: Այսինքն` երրորդ երկրի բարի կամքի դրսեւորումը նպաստավոր կլինի` ի դեմս երկու կողմից փոխզիջումների»,-նշել է նա:

 

 

ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի փոխանցմամբ` տարվա ամեն ամիսն իրեն բնորոշ հիվանդություն ունի: Նրա խոսքով` այս տարի ձմռան եղանակն ավելի մեղմ է, բայց մենք էլի ունենք այն սուր վիրուսային հիվանդությունները, որոնք միշտ են լինում. «Բայց եթե համեմատենք նախորդ տարվա հետ, իրոք, պատկերը մի 2-3 անգամ ավելի քիչ է: Խոսքս վերաբերում է սուր վիրուսային հիվանդություններին, գրիպին. նաեւ ջրծաղիկ ունենք ու բավական քանակով: Որեւէ մեկը եթե թվեր ներկայացնի էլ, դուք չհավատաք, որովհետեւ որեւէ մեկը չի կարող ձեզ հստակ թիվ ասել: Թվերն իրականությունից հեռու են միշտ լինում»,- նշել է նա: Ա. Ասոյանի խոսքով` Հայաստան գրիպը միշտ գալիս է Ռուսաստանից. «Հենց լսում եք, որ Ռուսաստանում գրիպի համաճարակ է գրանցվում, ընդամենը 2 կամ 3 շաբաթ հետո նույնը կրկնվում է Հայաստանում, որովհետեւ մեզ մոտ ամենամեծ շփումը Ռուսաստանի հետ է»,-նկատել է Ասոյանը: ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը նկատել է, որ նախորդ տարիներին գրիպից մահվան դեպքեր էին գրանցվում, բայց այս տարի չեն գրանցվել:




Լրահոս