ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ` ԻՐԵՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` դատական նոր օրենսգրքի նախագծի համաձայն` այսօր Երեւանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանների փոխարեն կկազմավորվի մեկը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, որն իր կազմում կունենա մեկ դատարանի նախագահ եւ 65 դատավոր:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց դատարանների նախագահներից պարզել, թե ինչպես կազդի իրնց վրա դատարանի նախագահի պաշտոնից դուրս գալը շարքային դատավոր աշխատելը:
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյան
-Պարո՛ն Դանիելյան, դատական նոր օրենսգրքի նախագծի համաձայն` այսօր Երեւանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանների փոխարեն կկազմավորվի մեկը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, պատրաստվո՞ւմ եք շարքային դատավորի կարգավիճակում աշխատել:
-Շարքայի դատավորը ո՞րն է, դատարանի նախագահը դատավոր չէ՞:
-Էլի դատավոր է, բայց տարբեր են գործառույթները, լիազորություները, հիմա պատրա՞ստ եք դատարանի նախագահի այդ լիազուրությունները թողնել ու շարքային դատավորի կարգավիճակում լինել:
-Ես շարքային բառը չեմ ընդունում, ես պատրաստ եմ դատավորի պաշտոնում աշխատել, առանց շարքային բառի, քանի որ ես հիմա էլ եմ դատավոր, պարզապես ունեմ այլ լիազորություններ` դատարանի նախագահի հետ կապված, թե չէ ես էլի նույն դատավորն եմ:
-Ձեզ հայտնի՞ Է` Ձեր աշխատավարձի վերանայում լինելո՞ւ է:
-Դատարանի նախագահը հավելավճար է ստացել, իսկ վերանայում կլինի, թե ոչ, տեղյակ չեմ:
-Դատարանի նախագահից շարքային դատավորի անցման պրոցեսում ինչո՞վ վստահ լինենք, որ քաղաքացի չի տուժի, ասել է, թե Ձեր պաշտոնի իջեցումը չի նպաստի, որ մատների արանքով նայեք քննվող գործերին:
-Ես հիմա էլ եմ նիստեր անում, ավելի ծանրաբեռնված էի դատարանի նախագահ լինելով, իսկ որ դարձանք դատավոր, միայն դատավորի լիազորություններ ենք իրականացնելու, կրկնում եմ` մինչեւ նախագահ լինելն էլ եմ եղել նույն դատարանում դատավոր: Որեւէ խնդիր չի լինի:
-Ըստ Ձեզ` այս փոփոխությունը կազդի՞ արդարադատության որակի վրա:
-Ինձ թվում է, որ ոչ: Կազդի այնքանով, որ ընդամենը Երեւան քաղաքում ավելի հավասարաչափ կբաշխվեն գործերը, քանի որ մեր դատարանը Երեւան քաղաքի ամենածանր աշխատող դատարանն է, եւ այդ առումով մեր դատարանի աշխատանքը կթեթեւանա: Մենք միջդատավարական վարույթի շատ քանակի գործեր ենք քննում: Սա դրական կլինի այդ առումով:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյան
-Պարո՛ն Վարդազարյան, դատական նոր օրենսգրքի նախագծի համաձայն` այսօր Երեւանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանների փոխարեն կկազմավորվի մեկը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, պատրաստվո՞ւմ եք շարքային դատավորի կարգավիճակում աշխատել:
-Նման խնդիր չեմ տեսնում:
-Այսինքն` պատրա՞ստ եք շարքային դատավորի կարգավիճակ ստանձնել:
-Իհարկե:
-Ձեզ հայտնի՞ է` Ձեր աշխատավարձի վերանայում լինելո՞ւ է:
-10-15 տոկոս հավելավճար կա հիմա, իհարկե, կվերանայվի:
-Ձեր պաշտոնը իջեցրել են, ինչո՞վ վստահ լինենք, որ չի ազդի այն Ձեր գործունեության արդյունավետության վրա:
-Միանշանակ քաղաքացին կշահի: Ասեմ ինչու, քանի որ դատարանի նախագահը որոշակի առումով վարչարարաություն է իրականացնում եւ այդ առումով առավել ծանրաբեռնվում է, իսկ այն դատավորը, որն այսուհետ դատարանի նախագահ չի լինելու, այլ զուտ զբաղվելու է իր գործով՝ դատավորի հիմնական առաքելությամբ, գործ քննելով, շատ ավելի ժամանակ կունենա, շատ ավելի ուշադիր կլինի: Եվ քաղաքացին, իհարկե, չի տուժի այլ հակառակը` կշահի:
-Իսկ այս փոփոխությունները կազդե՞ն դատարանների անկախության բարձրացման վրա, ի վերջո, այսօր թերեւս առաջնային խնդիրը անկախ դատարան ունենալն է:
-Ես համաձայն չեմ այդ մոտեցման հետ, որ դատարանները անկախ չեն:
-Ձեզ կանչե՞լ են որեւէ ատյան` այս հարցի շուրջ խոսելու:
-Պաշտոնական նկատի ունե՞ք:
-Ե՛ւ պաշտոնական, ե՛ւ ներքին քննարկումների:
-Ներքին քննարկումներ ե՛ւ մեր դատարանում են եղել, ե՛ւ կոլեգաների հետ տարբեր առիթներով ուրիշ դատարանների հետ զրույցներ են եղել, կարծիքները բախվում են իրար, մեկը համաձայն է, մեկը համաձայն չէ:
-Ո՞վ դատարանների նախագահներից համաձայն չէ:
-Այո՛, բայց Դուք այս մասին միայն դատարանների՞ց եք հարցնում, մի հատ փորձեք քննիչներից հարցնել, ոստիկանությունից հարցնել, նախաքննություն եւ հետաքննություն իրականացնող մարմիններից:
-Ի՞նչ են մտածում նրանք, դժգո՞հ են:
-Դեռ շատ անհայտ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Եթե օրենքը Դուք տեսել եք, անցումային դրույթներում դատական դեպարտամենտը, վճռաբեկ դատարանի նախագահը, դատարանների նախագահների խորհուրդը, դրանից հետո բարձրագույն դատական խորհուրդը, որը շուտով ձեւավորվելու է, լրջագույն գործառույթներ ունեն իրականացնելու, կարգավորելու, շատ հարցեր, որոնք այսօր բոլորին անհանգստացնում են ե՛ւ դատավորներին, ե՛ւ քնիչներին, ե՛ւ մյուս բոլոր իրավապահ մարմիններին: Որակի առումով վստահ եմ` որեւէ բացասական ազդեցություն չի ունենա, բայց աշխատանքի կազմակերպման հարցով ո՞նց այդ ամենը կազմակերպել: Մենք մի քանի ամիս լրջագույն խնդիրներ ենք ունենալու իրավապահ համակարգում:
-Օրինակ` ինչպիսի՞ խնդիր:
-Քաղաքացիական գործերի բաշխման առումով սա լուրջ առաջընթաց է, բոլորը հավասար կստանան: Տեսեք` Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը եւ Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը անիծյալ դատարաններ էին դարձել ծանրաբեռնվածության առումով: Մենք երկու անգամ ավելի ծանրաբեռնված էինք, քան Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանը, Շենգավիթը, Մալաթիան եւ այլն:
Հիմա տեսեք` այս համակարգով բոլորը հավասար են ստանում գործերը, համակարգն է մակագրելու, լրջագույն առաջընթաց է, Կենտրոն եւ Արաբկիրի դատավորները շատ գոհ են այս ամենից: Բայց մի մեծ բայց կա, միջդատական վարույթի հետ կապված բազմաթիվ խնդիրներ են լինելու` խուզարկություն, կալանք եւ այլն: Այսինքն` դառնում է մի դատարան, եւ պատկերացրեք` գիշերը` ժամը երկուսին, խուզարկություն է, ու այդ մի դատարանն է: Քննիչը պետք է մտնի կայք, այնտեղ նայի` ո՞ր դատարանում է հերթապահ դատավորը, խնդիր չէ, դա կկարգավորվի, բայց առաջին մի քանի ամիսը դժվար է լինելու, ոչ թե անլուծելի է, այլ դժվար:
Իհարկե, լավ եղավ քրեական, քաղաքացիական գործերի համար, բայց մինչդատական վարույթի համար նայած դատարանի նախագահը այդ հարցերը ո՞նց կկազմակերպի, դրանից է կախված նախաքննության եւ հետաքննության մարմինները` ո՞նց կկարողանան համագործակցել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հերթական դատական հայցը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի եւ էթիկայի կարգապահական հարցերի հանձնաժողովի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ս. թ. դեկտեմբերի 21-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին ստիպի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցի: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ դատի են տալիս հանձնաժողովին, որպեսզի պարտավորեցնեն նրան դատավորներից որեւէ մեկին կարգապահական պատասխանատվության կանչել: Մասնավորապես փաստաբան Գեւորգ Գյոզալյանը դատի էր տվել հանձնաժողովին, քանի որ հանձնաժողովը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Ավագյանին պատասխանատվության չի ենթարկել:

 

 

 

ՎԹԱՐՆ ՈՒ  ՄԱՀԱՑԱԾ ՈՐԴԻՆ
Ավտովթարի հետեւանքով հարազատ երեխային կորցրած զինվորականը հայտնվել է մեղադրյալի աթոռին: 2017թ. հուլիսի 2-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ծառայող 26-ամյա Մկրտիչ Ղահրամանյանը իր վարած «Volkswagen Golf» մակնիշի 35 DA 817 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը եւ մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտում: Արդյունքում նրա որդին տեղում մահացել էր, իսկ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մահացած երեխայի հորը մեղադրանք է առաջադրվել ավտովթարի առիթով, ու գործը ուղարկվել է դատարան: Բայց քանի որ վթարի արդյունքում մահացած փոքրիկի հայրը զինվորական է, գործը քննվում է դռնփակ:

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՇԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Երեկ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետից ծայրահեղ ծանր վիճակում` դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մի քաղաքացի: Նա վնասվածք է ստացել պարանոցի մասում եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրգործ: Մահացածը 60-ամյա Լեւոն Ասատրյանն էր: Pastinfo-ի տեղեկություններով` նա «Երեւան Սիթի»-ի տարածքում գործող շուկայում զբաղվում էր պտուղ-բանջարեղենի վաճառքով, իսկ վիճաբանությունը ծագել է ապրանքի քաշի պատճառով:

 

 

ԱՆԻՐԱԿԱՆԱՆԱԼԻ ՆԱԽԱԳԻԾ
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամ, համակարգող Արթուր Խաչատուրյանը ասել է, որ որպես արգելքի հիմնավորում` սկզբում բերվում էր աջ ղեկով մեքենաների վտանգավորությունը, որը, ըստ նրա, ապացուցված չէ: Ըստ նրա` այս որոշումը պարզապես երթեւեկությունը թեթեւացնելու հեշտ ճանապարհ է. «Փորձում են ընդամենը արգելելով թեթեւացնել մեքենաների քանակը ու դրանով ասել, որ տեսեք` գործ արեցինք, երթեւեկությունը համեմատաբար թեթեւացավ: Բայց դա էլ արդյունք չի տալու, որովհետեւ դրա փոխարեն ներկրվելու են ուրիշ մեքենաներ»: Մյուս պատճառը, ըստ նրա, կարող է տնտեսական լինել, քանի որ եթե կա ավելի մատչելի ու որակյալ մեքենա գնելու հնարավորություն, մարդիկ չեն ցանկանում ավտոսրահներից թանկ մեքենաներ գնել: Նա առաջարկել է օրինագիծն ընդհանրապես հանել քննարկումից: «Մենք ուսումնասիրել ենք, ղեկային մեխանիզմը սահմանափակ է, խնդիրներ է առաջացնում: Մեքենաներ կան, որոնք հենց գործարանային արտադրությամբ չեն կարող ձախ ղեկ ունենալ: Սա անիրականանալի նախագիծ է: Այսինքն` օրենքով պարտադրում են անօրինական միջոցներով տեղափոխություն անել: Ղեկն ավելի լավ է` մեքենայի հետեւում լինի, քան աջից ձախ տեղափոխվի»,-նշել է նա:




Լրահոս