ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՉԵՄ ԽՈՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է 2017 թվականը ամփոփել ըստ գերատեսչությունների: Այս անգամ անցնող տարին «Ժողովուրդ»-ը ամփոփեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:

-Պարո՛ն Ալթունյան, անցնող 2017 թվականը ինչպե՞ս եք գնահատում Ձեզ համար: Դատելով իրավիճակից` մենք կարող ենք ասել, որ ամենածանր տարին նախարարներից Ձեզ համար էր…
-Չեմ կարող նման համեմատական տանել, բայց որ ամենահետաքրքիր տարիներից էր ինձ համար, դա միանշանակ է: Ամենահետաքրքիր, որովհետեւ իմ կյանքը կտրուկ փոխվեց, երբ ես ազատ ձեռնարկատերից դարձա պետական ծառայող, ով հանրության ուշադրության կենտրոնում է: Իհարկե, խաղի կանոնները թելադրում են վարքի բանաձեւեր, որոնք, իհարկե, իմ վարքագծերում ոչ միանգամից են ձեւավորվում: Սակայն պետք է ասեմ, որ, այո՛, տարին ծանր ու հետաքրքրիր լինելով` բերեց նրան, որ ես իմ արտահայտություններով, իմ նախագծերով փոխում եմ նախարարությունը: Եւ հույս ունեմ, որ կփոխեմ նաեւ համակարգը:
-Այս տարվա ընթացքում Ձեր կողմից եղան մի քանի աղմկահարույց հայտարարություններ, որոնք թյուրընկալում ունեցան, եւ Դուք ստիպված եղաք Ձեր հայտարարությունը նորից մեկնաբանել` երբեմն երեք անգամ: Ի՞նչն է խնդիրը: Դուք խոսելու ժամանակ չե՞ք մտածում, որ նման հետեւանք կունենա, թե՞ չափից շատ անկեղծ եք, եւ չի ընդունվում Ձեր այդ անկեղծությունը:
-Իհարկե, ինձ հոգեհարազատ է ԱՄՆ-ի դատարաններում հնչող երդումը` «Ճշմարտություն, միայն ճշմարտություն, ոչ մի բան, բացի ճշմարտությունից»: Իհարկե, ինչպես ասացիք` թյուրընկալումներ կան երկու կողմից. միգուցե ոչ միշտ եմ ես ճիշտ սահմանումները օգտագործում, ինչ-որ տեղ իմ ազատամիտ սահմանումներին սովոր չէ ունկնդիրը:
-Դուք թերեւս միակ նախարարն եք, ումից դժգոհություն ունեն ոչ միայն հասարակական լայն զանգվածները, այլեւ ոլորտի պատասխանատուները եւ ներկայացուցիչները` սկսած հիվանդանոցների տնօրեններից, վերջացրած առողջապահության բնագավառին առնչվող ցանկացած գործչով… Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Պետք է հասկանալ, թե գլխավորներից ով է դժգոհում: Եթե պետպատվերի բաշխումից կան օբյեկտիվ դժգոհներ, միգուցե նրանք կշարունակեն դժգոհ լինել, մինչեւ իրենց դժգոհությունը ինձ հասնի, եւ ես հասկանամ` ինչու են իրենք դժգոհ, որ ես իրենց սովորեցնեմ կամ ուղղորդեմ դեպի աշխատանքի օբյեկտիվ հիմունքներ: Եթե դժգոհ են այն պատճառով, որ մենք փորձում ենք բարելավել բուժծառայությունների որակը, դա իր հերթին անխուսափելի է, եւ ավելի արդյունավետ է այն թրենդով շարժվել, որը պահանջվում է: Այսինքն` անել ամեն ինչ, որպեսզի տրամադրվեն ժամանակակից եւ որակյալ ծառայություններ: Մենք սկսել ենք վերահսկել բուժաշխատողներին աշխատավարձը ժամանակին եւ լիարժեք վճարելու հարցը: Եթե դժգոհ են դրանից… բուժաշխատողների կողմից աշխատավարձերի եւ բոնուսների տեսքով պետք է հասնի իրենց: Այլ դժգոհությունների պատճառները` համենայնդեպս, խելամիտ, ես չեմ տեսնում: Ինչ վերաբերում է պացիենտներին, բուժծառայություններից օգտվողներին, պետք է փաստեմ, որ, այո՛, մեկ տարին բավական շրջան չէ, որպեսզի հաճախորդը զգա կտրուկ փոփոխություններ: Մեկ տարին բավական չէ, որպեսզի մենք ամբուլատորիաների բուժաշխատողներին սովորեցնենք կամ իրենց բնավորության մի մաս դարձնենք հաճախորդին ժպտալը, անունով հիշելը, հետ զանգելը եւ առողջությունով հետաքրքրվելը:
-Ձեր առաջ խնդիր էր դրված մինչեւ տարեվերջ էլեկտրոնային առողջապահական կառավարումը դարձնել իրականություն: Մինչդեռ հիմա փաստը ցույց է տալիս, որ նույնիսկ հիվանդանոցներ կան, որոնք անգամ համակարգիչ չունեն, ու էլեկտրոնային առողջապահական կառավարման մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: Արդյո՞ք բուժհաստատությունները կհասցնեն այս մի քանի օրերի ընթացքում համակարգիչ ձեռք բերել:
-Համաձայն չեմ Ձեզ հետ: Այսօր պետպատվերը 100 տոկոսով բաշխվում է էլեկտրոնային առողջապահության համակարգով: Դա նշանակում է, որ էլեկտրոնային առողջապահական համակարգը ներդրված է բուժհաստատություններում, որոնք պետպատվերի ծառայություններ են մատուցում: Այսօր բժիշկներն իրենց կատարած գործառույթները ամեն օրվա հաշվարկով ուղարկում են իրենց բուժհաստատությունների օպերատորներին, վերջիններս էլ մուտքագրում են, եւ մենք 5 օրվա ընթացքում ունենում ենք այդ փոստարարության ամբողջ աշխատանքը:
-Պարո՛ն Ալթունյան, մարզային բուժհաստատություններ կան, որոնք չունեն համակարգիչ…
-Բացառապես բոլոր բուժհաստատությունները գոնե մեկական համակարգիչ ունեն, որի վրա աշխատում են…
-Արդյո՞ք մեկ համակարգիչը բավարար է…
-Հակառակ դեպքում իրենք ուղղակի ֆինանսավորում չեն ստանա: Իսկ ֆինանսավորումը ձեւավորվում է այն հաշիվների հիման վրա, որոնք մենք ստանում ենք էլեկտրոնային առողջապահական համակարգով:
Երկրորդ փուլը շատ ավելի ծանր է: Եթե մենք առաջին փուլով լուծեցինք 400-ից ավելի բուժհիմնարկների հարց, ապա երկրորդ փուլով մենք պետք է լուծենք շուրջ 30 հազար օգտատերերի հարց, որից 16000-ը բուժաշխատողներն են, իսկ մյուս մասը` դեղատներն են, ապահովագրական ընկերություններն են եւ հարակից ծառայություններ մատուցողների աշխատակիցներն են: Նրանցից 25-30 տոկոսը 45-50 անց անձինք են, որոնց համար դժվար կլինի համակարգչի վրա աշխատել: Այս նպատակով ստեղծվել են աշխատանքային տասից ավելի հատուկ շրջիկ խմբեր, որոնք կպտտվեն եւ թրեյնինգներ կմատուցեն:
-Սոցփաթեթի շահառուների բուժսպասարկումը մտավ ապահովագրական դաշտ, որպեսզի դժգոհություն չառաջանա մարդկանց մոտ: Բայց իրականում ապահովագրական ընկերությունները շարունակում են կամայական վերաբերմունք դրսեւորել հիվանդների նկատմամբ, խաբում են քաղաքացիներին, ու ըստ էության պետության գումարները կորչում են, մարդիկ չեն բուժվում, իսկ ապահովագրական ընկերությունները հարստանում են: Այս իրավիճակը Ձեզ չի՞ մտահոգում:
-Եկեք թվերով խոսենք. այսօրվա հաշվարկով սոցշահառուները ՀՀ տարածքում հանդիսանում են մինչեւ 100 հազար անձ: Ծրագրի գործողության առաջին երկու ամսվա ընթացքում 31 հազար առողջապահական դեպք սպասարկված է ապահովագրական ընկերությունների կողմից: Նախարարությունում երկու ամիս է` գործում է շուրջօրյա թեժ գիծ` զանգերը գրանցող համակարգով: 31 հազար սպասարկված դեպքից մենք ունենք մոտ 2300 հեռախոսազանգ, որից սպասարկման որակի վերաբերյալ բողոքները 11-ն են, ապահովագրականներին կցագրելու հարցով բողոքները` զանգերը, մինչեւ 40-ն են: Այսինքն` մարդկանց պարտադրում են, որ մեկ ապահովագրականի կցագրվեն: Մյուս բոլոր զանգերը իրազեկման են: 31 հազար դեպք սպասարկելուց դեռ ոչ մի դեպք չի եղել, երբ ասվել է` գումարները վերջացել է, ձեզ հերթագրենք մեկ այլ ամսին:
-Պարո՛ն Ալթունյան, Դուք նաեւ խոսել եք պարտադիր բժշկական ապահովագրության մասին, բայց հստակ ժամկետներ չկան նշված, թե երբ պետք է այդ գործընթացը սկսվի: Կարո՞ղ եք նշել, թե երբ եք պլանավորում այդ ծրագիրը կյանքի կոչել: Կնշե՞ք հստակ ժամկետներ:
-Ապահովագրության նման ծրագրում չեն կարող հստակ ժամկետներ նշված լինել: Մենք մեր բնակչությանը ինչ-որ պարտադրանքի մասին կխոսենք միայն այն ժամանակ, երբ 100 տոկոսով համոզված լինենք, որ ծրագիրը կենսունակ է, աշխատում է, ունի քաղաքացիների գոհունակությունը: Մենք դրան կհասնենք փուլային տարբերակներով. առաջին փուլով ապահովագրել ենք 100 հազար սոցշահառու եւ մշտադիտարկելու ենք այդ ծրագիրը մինչեւ ապրիլ ամիս: Ապրիլին կառաջարկենք ապահովագրել 612 հազար սոցիալապես անապահով խավերի, դարձյալ պետության հաշվին: Մեկ տարի այս ծրագիրը գործելուց հետո արդեն մնացած մեկուկես, երկու միլիոն բնակչությանը կառաջարկվի ամսական ինչ-որ վճարումներ կատարելով` արդեն իրենց հաշվին ապահովագրել իրենց: Մի մասը ապահովագրություն կունենա պետական բյուջեի հաշվին, մյուս մասը` իրենց հաշվին:
-Համակարգում օպտիմալացման արդյունքում մարդիկ դառնում են գործազուրկ: Արդյո՞ք Ձեզ չի մտահոգում նրանց սոցիալական վիճակը:
-Ինձ չի կարող չմտահոգել նրանց սոցիալական վիճակը: Գործազուրկ դարձել են միայն նրանք, ովքեր մերժել են նախարարության առաջարկը վերապատրաստվել եւ փոխել մասնագիտությունը կամ նույն մասնագիտությունով աշխատել մեկ այլ տեղ:
-Պարո՛ն նախարար, արդյո՞ք քիթ-կոկորդ-ականջի բժիշկը կամ վիրաբույժը կարող է 3-6 ամսյա դասընթացից հետո աշխատել որպես հոգեբույժ: Օպտիմալացված «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատողների մեծ մասին այդ առաջարկն է արվել:
-Ես կարծում եմ, որ եթե ուսումնական ծրագրերը նախատեսում են դա, իհարկե կարելի է: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում վեց ամիսը մեկ մարդիկ նահանգ են փոխում, որովհետեւ այնտեղ աշխատանքի առաջարկ են ստացել: Դա բոլոր զարգացող եւ զարգացած երկրներին բնորոշ վարքագիծ է` հնարավորություն ունենալ վերակազմավորել աշխատուժ, զարգացնել մարզերը, այդ թվում քաղաքի հաշվին:
-Ձեր կարծիքով Դուք կշարունակե՞ք պաշտոնավարել: Թեպետ մի քանի անգամ այս հարցին պատասխանել եք, այնուամենայնիվ, որքան մոտենում է ապրիլը, այնքան կասկածներն ավելի են խորանում, որ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմն այլեւս չի լինելու: Հանրապետության վարչապետը կամ նախագահը Ձեր ապագայի մասին Ձեզ ի՞նչ են ասել:
-Ճիշտն ասած` իմ ապագայի մասին այդ առումով ո՛չ նախագահի եւ ո՛չ էլ վարչապետի հետ չենք խոսել: Ուղղակի ես երիտասարդ տարիներից օգտվում եմ մի խելացի մարդու խորհրդից` «Սովորի՛ր այնպես, ինչպես ապրելու ես հավերժ, իսկ ապրիր այնպես, ինչպես ապրում ես քո վերջին օրը»: Ես իմ աշխատանքային նախագծերը կազմում եմ այնպես, ինչպես ես ղեկավարելու եմ հավերժ (ժպտում է-Ս.Հ.):
-Դուք` որպես նախարար, շարունակո՞ւմ եք աշխատանքի գալ մինչեւ կեսօր, թե՞ ամբողջ օրն եք, այնուամենայնիվ, աշխատում:
-Ուզում էիք ասել կեսգիշե՞ր… այդ չէիք ուզում ասել (ժպտում է-Ս.Հ.)… չէ, մինչեւ կեսգիշեր արդեն չեմ մնում, բայց մինչեւ երեկոյան 20.00, երբեմն 21.00 նորմալ ստանդարտ օրերին մնում եմ եւ վաղ առավոտից` ժամը 09.00-ից, որովհետեւ 07.30 ես գնում եմ լողավազան:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս