Շոուն հենց մենք ենք լինելու, մենք էլ պակաս տարօրինակ չենք. «Նեմրա» խմբի վոկալիստը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակիցների պոտենցիալի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարին Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը։ Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին` ձայների 50/50 հարաբերակցությամբ: Մրցույթի մասնակիցների թվում են Մհերը, Սեւակ Խանաղյանը, Կամիլը, Թամար Կապրելյանը, Հայկ Կասպարովը, Angel-ը, Տյոմը, «Նեմրա» խումբը եւ այլք։ «Ժողովուրդ»-ը եվրատեսիլյան թեմաների շուրջ զրուցել է «Դեպի Եվրատեսիլին» «I’m a Liar» երգով ներկայացող «Նեմրա» խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանի հետ։

-Վա՛ն, «Եվրատեսիլին» մասնակցելու ցանկությունը կապված է ռոքը պրոպագանդելու, հայկական ռոքը ճանաչելի դարձնելո՞ւ հետ, թե՞ Ձեր հիմնական նպատակը մրցույթին հաջողություններ գրանցելը, Ձեզ համար ճանապարհ հարթելն է։

-Թե՛ մեկն ենք ուզում, թե՛ մյուսը: Բայց մենք կոնկրետ ժանր ներկայացնելու խնդիր այդքան էլ չունենք: Փոխարենը ձգտում ենք ներկայացնել ազնիվ, անկեղծ երաժշտություն, որը ստեղծված կլինի կենդանի նվագակցության արդյունքում եւ ոչ թե հավաքված կլինի բիթերով։ Ամենակարեւոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ երգը իմաստ արտահայտի, այսպես ասած, կյանքային լինի: Այլապես տեսնում ենք, որ «Եվրատեսիլին» մասնակցում են մարդիկ, որոնց համար ելույթի միակ տեղը հենց եվրատեսիլյան բեմն է: Նրանք գրել են մեկ-երկու երգ`հատուկ «Եվրատեսիլի» համար: Իսկ մենք արդեն վեց տարի է` ծավալում ենք մեր գործունեությունը եւ ունենք մեր ունկնդիրը:

-Տարիներ առաջ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրեց «Դորիանս» ռոք խումբը, բայց առանձնակի հաջողություն չունեցավ: Միեւնույն ժամանակ «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ գրանցվել է դեպք, երբ հաղթել է հենց ռոքը։ Այս առումով մրցույթն, իսկապես, անկանխատեսելի է…

-Եթե նույնիսկ «Եվրատեսիլում» չհաղթես, մրցույթը Եվրոպայում ճանաչվելու հնարավորություն է տալիս, որը քիչ չէ: Մեր խմբի առավելությունը համարում եմ այն, որ բեմում կարողացել է ազատություն նվաճել, պատշաճ կերպով ներկայանալ: «Եվրատեսիլում», կարծում եմ, գնահատվում է ուրիշ լինելը` համեմված լավ երաժշտությամբ: Նախորդ տարի, օրինակ, Պորտուգալիայի մասնակիցն ուրիշ էր, տարօրինակ ու լավ էլ երգ ներկայացրեց. դա էլ դարձավ նրա հաղթանակի գրավականը: Կարծում եմ` մենք էլ պակաս տարօրինակ չենք: Միջազգային այս մրցույթում կարեւոր է նաեւ, որ մասնակիցներն իրենց սեփական մտքերով ներկայանան: Դա կարող է հաջողություն բերել:

-Իսկ «Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակիցներից ո՞ւմ եք համակրում:

-Բոլորն էլ մրցույթում հայտնվելու պոտենցիալ ունեն. դա ես ասում եմ` մեր ժողովրդի մեծամասնության ճաշակն իմանալով։:Մասնակիցներից շատ եմ սիրում «Գաթա» խմբին, համակրում եմ նաեւ Թամար Կապրելյանին, թեեւ նրա ներկայացրած ոճը իմը չէ:

-«Նեմրան» միջազգային մրցույթների նախկինում մասնակցե՞լ է:

-Սա առաջին մրցույթն է, որին մասնակցում ենք, քանի որ ես տանել չեմ կարողանում մրցույթներ: Մեզ առաջին հերթին երկրպագուները համոզեցին ներկայանալ, նաեւ ինքներս հասկացանք, որ «Եվրատեսիլ»-ը հայ կատարողի համար դրսում ներկայանալու եզակի հարթակ է: Նախկինում` 2015-ին, մենք ներկայացրել ենք Հայաստանը ՌԴ-ում անցկացվող ամենամյա «Voice of Nomands» փառատոնին, բայց դա մրցութային ֆորմատ չէր:

-Վա՛ն, Հայաստանում ռոքի նկատմամբ հետաքրքրությունը տարիների ընթացքում մեծացե՞լ է:

-Այո, առաջընթաց կա: Կարող եմ ասել, որ կոնկրետ մեր խմբի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է:

-Իսկ պաշտոնյաները հետաքրքրվո՞ւմ են ռոքով:

-Ասում են` վարչապետը սիրում է ռոք, չգիտեմ, ես իրենց հետ առիթ չեմ ունեցել շփվելու, բայց հիմա` այս պահի դրությամբ, պետականորեն խրախուսվում եւ պրոպագանդվում է ռաբիսը, ինչը սարսափելի է: Դա ոչ թե ժանր է, ոչ թե երաժշտական չափ է, այլ մտածելակերպ:

-Եվ վերջում, եթե «Եվրատեսիլում» Դուք հաղթեք, շեշտը կդնեք կատարմա՞ն, թե՞ նաեւ շոուի վրա:

-Միանշանակ` կատարման. սա երգի մրցույթ է, իսկ շոուն հենց մենք ենք լինելու:

Աննա Բաբաջանյան




Լրահոս