ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյան
Ավարտվում է Ձեր` աքաղաղի տարին, որը թեեւ ռիսկերով լի էր, բայց կարողացաք իշխանությանը սպառնացող վտանգների մեծ մասը չեզոքացնել: 2018-ի շան տարում ուշադիր եղեք կոնֆլիկտային իրավիճակների նկատմամբ: Հնարավոր է` ինչ-որ մեկը կամ ինչ-որ խումբ փորձի շահարկել Ձեզ` հոյակապ գիտակցելով, որ Դուք տանել չեք կարողանում վեճերը եւ ամեն ինչի պատրաստ եք` դրանցից խուսափելու համար: Ձեր դիվանագիտական բնավորությունը թույլ կտա ելք գտնել ցանկացած խճճված իրավիճակից, սակայն փորձեք չզոհաբերել Ձեզ, որպեսզի արժանանաք կոլեգաների եւ ղեկավարության գնահատականին: Աստղերը հուշում են ահաբեկիչներին փնտրել ոչ թե համացանցում, այլ երկրի սահմաններին` հատկապես ազատ գոտիներում, եւ հիշեք` ահաբեկիչ չեն ծնվում, այլ դառնում են` իրավիճակի թելադրանքով: Ուրեմն երբեմն պետք է նաեւ իրավիճակների մեջ ահաբեկչություն փնտրել:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան
Աղմկարար աքաղաղի տարին հանգիստ չէր աղեղնավոր ձիու համաստեղության տակ ծնվածների համար: Համակարգի ներսում եւ համակարգից դուրս պայքարը անվերջ էր թվում: 2018-ին` հավատարիմ շան տարում, փորձեք չգերագնահատել սեփական ուժերը: Ձեզ կհետապնդեն քաղաքական դատավարությունների պատասխանատվությունն ու կոռուպցիայի դեմ տարվող անվերջանալի պայքարի իմիտացիան: Աշխատանքում պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել դետալներին: Աստղերը խորհուրդ են տալիս գործընկեր կառույցների հետ հարաբերություններում դրսեւորել սկզբունքայնություն եւ խիզախություն: Չէր խանգարի խիզախել նաեւ վերնախավի հետ փոխհարաբերությունների ժամանակ: Անձնական կյանքում առկա կայունությունը գուցե չիշխի նաեւ գործնական դաշտում ողջ տարվա ընթացքում: Ինչպես հայտնի է` շունը դավաճաններին չի ներում:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյան
Անհանգիստ աքաղաղի տարին կայուն զարգացում ապահովեց օձի տարում ծնված այծեղջյուրների համար: 2018-ի շան տարում եւս Ձեր փորձառությունը կօգնի ծանր իրավիճակներից սահուն ելք փնտրել: Աշխատեք գործընկերներ-մրցակիցների հետ պահպանել շփման այն հեռավորությունը, ինչը մինչ օրս զգուշավորության լրացուցիչ ազդակ է եղել դիմացինի մոտ: Աստղերը հուշում են գործնական կյանքում ուշադիր լինել հատկապես եղանակի փոփոխությանը: Ջերմաստիճանի բարձրացումը կարող է նաեւ կարիերայում բարձրացնել կորուստների ռիսկը: Ընտանեկան ներդաշնակությունը կօգնի հաղթահարել ծանր կացությունները. գլխավոր հարցն այն է, թե ով կլինի շան տարվա խաչքավորը:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան
Անցավ «խաբարբզիկ» աքաղաղի տարին, եւ շունը մտնում է իր իշխանության տիրույթ: Տարին Ձերն է, հետեւաբար պետք է առավել խորաթափանց ու բարի լինել: Հավատարիմ շան տարում թիկունքում գործելու մեթոդները արագ կբացահայտվեն. շունն ու դավաճանությունն անհամատեղելի են: Աստղերը դարձյալ խորհուրդ են տալիս զգուշանալ Ձեզ շրջապատող մարդկանցից, որոնք ամեն պահի փորձանք կարող են դառնալ Ձեր գլխին: Հիշեք` անգամ կրծողներին է հայտնի, որ արդարությունը հիվանդանում է, բայց երբեք չի մահանում:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան
Անցնող աքաղաղի տարին ձիու համաստեղության տակ ծնված Տարոն Մարգարյանի համար չափից ավելի հաջողակ տարի էր. դիրքերի ամրապնդում, երկարատեւ ծրագրերի պլանավորում եւ բիզնես նախագծերի իրականացում: Շան տարում խոյին միավորում է հավատարմությունն ու իդեալիզմը: Եթե շարունակեք հավատարիմ, հնազանդ մնալ Ձեր կերպարին, պաշտոնական երկարակեցությունը ապահովված կարելի է համարել: Աստղերը հուշում են զգուշանալ ֆինանսական հարցերում նախաձեռնողական Ձեր քայլերից. դրանք մի օր կարող են փորձանք դառնալ Ձեր գլխին: Չէր խանգարի շատ շրջագայել ու այլոց փորձը տեղայնացնել, մեկուսացումը լավ բան չէ: Աշխատեք արգելել «պարոն Տարոն» դիմելաձեւը, սիրուն չէ: Հակառակ սեռի ներկայացուցիչների նկատմամբ ունեցած ընդգծված ուշադիր վերաբերմունքը, ինչպես փողի նկատմամբ սերը, ճաշակի հարց է, բայց հիշեք՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան
Աքաղաղի տարին քաղաքականությունից երես թեքած Ծառուկյանին ստիպեց վերադառնալ եւ շարունակել կիսատ թողած գործը: Իհարկե, հիասթափություններ շատ եղան, բայց մեծ հաշվով ասել, որ ձախողված տարի էր, այդպես չէ: Իսկ ինչ է սպասվում 2018-ի շան տարում: Արդարամիտ, իր իդեալների կրող աղեղնավորը եւ հավատարիմ շունը միասին ունակ են փրկել աշխարհը: Գալիք տարում փորձեք չգերագնահատել սեփական ուժերը: Խոստումներ շատ կլսեք, այդ թվում եւ ամենաբարձր էշելոններից, բայց ոչ բոլորին է պետք լուրջ վերաբերվել: Սովորեք մեղմ նայել փոխզիջումներին. Ձեզ կհաջողվի շատ հիասթափություններից խուսափել, եթե կարողանաք կտրուկ չլինել:

ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյան
Կույսի համաստեղության տակ ծնված պաշտոնաթող գեներալի համար աքլորի տարին վատ չէր: Առողջական որոշ հարցեր եւ քաշի հետ կապված խնդիրները բավականին կարգավորվեցին: Այծի տարում ծնված գեներալի համար իմիջային խնդիրները կարծես թե վերջնականապես հաղթահարված են: 2018թ. շարունակեք անկեղծորեն կիսվել Ձեր հույզերով: Իհարկե, ստիպված կլինեք այծի պես պոզահարել հասարակության որոշ խավի ներկայացուցիչների, բայց աստղերը հուշում են չմոռանալ, որ գլխավորը եկեղեցիների պաշտպանությունն է, այլ ոչ եկեղեցաշինությունը: Եւ որպեսզի բալանսի բերեք աշխատանքն ու անձնականը, ստիպված կլինեք վերակառուցել Ձեր սահմանագիծը, հաղթահարել նախախնամությունները, գնալ բարդ հարցերի վերաբերյալ բաց քննարկումների, ցուցաբերել ինքնավստահություն: Զգուշացեք գործընկեր գեներալների խանդից. այն կարող է վնասակար լինել: Դրա համար աստղերը հուշում են շան տարում առավել շատ օգտագործել ոչ թե գինի, այլ օղի` արյան ճնշման եւ այլ առողջական խնդիրներ չհարուցելու համար: Մեջքով քնելու սովորույթը իսպառ վերանայեք:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան
Աքաղաղի տարին անհաջող էր, կորուստներով լի: Պաշտոնի, ազդեցության, բիզնեսի եւ ֆինանսական միջոցների կորուստը ստիպեց երբեմնի վարար գետակներին ցամաքել, բարակել: Բայց ամեն ինչ դեռ կորած չէ: Շան տարին առջեւում է: Եթե գոնե այս տարի շան արդարամտությունն ու հավատարմությունը ոչ մի վայրկյան չդավաճանեն Ձեզ, հնարավոր է` գարնանը շոշափելի հաջողություններ ունենաք: Ապավինեք ինքներդ Ձեզ: Քավորությունը իրավիճակի լուծում չէ: Գալիք տարում պետք է գործեք չկանխամտածված իրավիճակներում, արագ հարմարվեք փոփոխվող իրավիճակներին: Հնարավոր է` ստիպած լինեք լուծելու որեւէ բյուրոկրատական խնդիր: Այդ իրավիճակում Ձեզ կօգնի անսպասելիությունների հանդեպ փիլիսոփայական վերաբերմունքը, ինֆորմացիայի հանդեպ պրոֆեսիոնալ մոտեցումը եւ հումորը: Գլխավորը. ջրհոսին սպասվում է մտերիմ մարդու հետ հարաբերությունների նոր որակ: Դուք կայունության կարիք ունեք. ժամանակն է քայլ անել եւ պաշտոնապես հաստատել Ձեր զգացմունքները:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան
Աքաղաղի տարին նապաստակի համաստեղության տակ ծնվածների համար այնքան էլ վատ չէր. երկար ժամանակ փայփայած երազանքը կամաց-կամաց իրականություն է դառնում: 2018-ի շան տարում երկվորյակներն իրենց կենդանի բնավորությամբ դժվարությունների կհանդիպեն: Այս տարին էլ փոփոխական է լինելու. փուլեր` լի էներգիայով, եւ փուլեր, երբ պարզապես կցանկանաք նստել լռության մեջ ու տխրել: Ամեն ինչում միակը լինելու ձգտումը շարունակական կլինի նաեւ հավատարմության խորհրդանիշ շան տարում: Բայց աստղերը հուշում են, որ այդ ճանապարհով գնալը հաղթանակի հանգրվանի չի բերելու: Աստղերը հուշում են գործել թիմային տրամաբանությամբ ու սկզբունքներով:

ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյան
Աքաղաղի տարին վերջնականապես կործանեց Ձեր իմիջը: Ձեզ ստիպեցին պապանձվել, որպեսզի առավել մեծ սխալներ չգործեք: Բայց Դուք չեք խաղաղվում, քանի որ 2018-ը Ձեր` շան տարին է, ու հետաքրքիր մտքային փայլատակումներն առջեւում են: Սովորեք հանդուրժել ու ընկալել աղքատ մարդկանց. նրանք էլ են երբեմն միս ու կարագ ուտելու ցանկություն ունենում: Աստղերը խորհուրդ են տալիս բառեր արտաբերելուց առաջ մի քանի վայրկյան մտածել. այդպես ավելի դյուրին կլինի ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր շրջապատի համար: Իսկ եթե չունեք այդ կարողությունը, ավելի լավ է մեկ եւ վերջին անգամ հայտարարել Ձեր այդ անկարողության մասին:
ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյան
Աքաղաղի տարին, համեմատած մյուս տարիների, առավել անփորձանք էր Ձեզ համար: Հրապարակային անհասկացվածության դեպքերը գնալով նվազում են, ինչն արդեն լավ միտում է: Կույսերը շան տարում պետք է պահպանեն իրենց սկզբունքները, որը երբեմն այծի համաստեղության հետ անհամատեղելի է դառնում: Ժամանակն է կողմնորոշվել մեկ պրոֆեսիոնալ հարցում` բե՞մն է Ձերը, թե՞ Ազգային ժողովի ամբիոնը: Հասկանալի է, որ խոսափողի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է. գուցե պատճառը բառի վերջին վա՞նկն է: Ամեն դեպքում աստղերը հուշում են այլոց կողմից արված նվիրատվությունները որպես սեփական աշխատանք ու ձեռքբերում չներկայացնել ՀՀ սահմաններից դուրս: Հնարավոր է` գա մի օր, որ պարզապես դադարեն այդ հոսքերը անգամ հանուն եղբայրական հանրապետության: Շարունակեք պահպանել ընտանեկան ներդաշնակությունը, բայց հայրենասիրություն քարոզեք ոչ միայն Մոնակոյում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյան
Ցլի տարում ծնված խեցգետնի համար տարին այնքան էլ բարենպաստ չէր. ֆինանսական եւ իմիջային կորստի անհարմար դրսեւորումներ, քննչական մարմիններում անվերջ բացատրություններ եւ գաղտնալսումներ: ՍԱՍ-ը դեռ չի նշանակում օգնություն բոլոր հարցերում: Բայց շան տարին խոստանում է առավել բարի գտնվել, եթե, իհարկե, հավատարմությունն ու արդարությունը դառնան Ձեր կյանքի անբաժանելի մասնիկները: Նոր տարին լի կլինի նոր մարդկանց հետ շփումներով. Դուք համբերատար, ուշադիր կլինեք եւ Ձեզ կհաջողվի հասկանալ շրջապատին, սակայն երբեմն ստիպված կլինեք թաքցնել զգացմունքները: Աստղերը հուշում են ուշադրություն դարձնել քաշին, առողջությանը եւ չմտածել կորցրածը հետ բերելու մասին, քանի որ անդառնալի բաներ էլ են լինում կյանքում` հատկապես ընտրական փուլում: Վերանայեք Ձեր դիրքորոշումը լրագրողների ու լրատվամիջոցների հետ շփումներում, քանի որ խորհրդարանի պատգամավորն ու կոշկակարը բավականին տարբեր զբաղմունքներ են: Մի դեպքում լռելը ծիծաղելի է, մյուս դեպքում` խրախուսելի, բայց մի շփոթեք դրանք:

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյան` Շմայս
Աքաղաղը ձիու տարում ծնվածների համար այնքան էլ հաջողակ չէր: Ասֆալտապատման հսկայական ծախսերը անօգուտ եղան: Ունեցած երբեմնի դիրքը այսօր անհասանելի բարձունք է թվում: Բայց պետք չէ հուսահատվել: Բարի առյուծներին շունը պատրաստ է օգնական դառնալ: Տարին խոստանում է հաջողակ լինել, հանգիստ եւ բեղմնավոր ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական բնագավառում, եթե չափավորեք լեքսիկոնը: Արտագաղթելու մասին հաճախ մի մտածեք. այն ապագա չէ: Աստղերը խորհուրդ են տալիս սերտացնել հարաբերությունները «Կույս կանանց միավորման» հետ. գեներալների մարզում դա է արդիական հրամայականը:

Քաղաքական ու պաշտոնական գործիչների ապագան «գուշակեց»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ




Լրահոս