ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՆԱԵՎ ԻՆՔՆ ԻՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեվերջյան իր հարցազրույցում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, խոսելով բազմաթիվ թեմաներից, անդրադարձ կատարեց նաեւ ապրիլի 9-ից հետո կատարվող գործընթացներին: Նա մի ուշագրավ միտք հայտնեց այն առումով, որ վարչապետի թեկնածուի հարցում անորոշությունը չի կարող բացասաբար չազդել բիզնեսի եւ տնտեսության վրա:

«Ցավոք սրտի, այդպես է: Պետք է ընդունենք, որ այդպես է, եւ քայլ առ քայլ ձեւավորելով իշխանություն` պետք է բերենք նրան, որ այդ գործոնների հիման վրա շատ սպասումներ չլինեն: Իսկ մոտեցումը՝ «եկեք, սպասենք երկուշաբթիին, որ տեսնենք՝ ինչ է լինում», իհարկե, տնտեսության վրա որոշ ազդեցություն ունենում է», – նշեց նա:
Ստացվում է, որ իշխող կուսակցության փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը բիզնեսի եւ տնտեսության վրա բացասաբար ազդելու համար մեղադրում է հենց իշխանություններին: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:
-Պարո՛ն Բաղդասարյան, տարեվերջյան իր հարցազրույցում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, թե վարչապետի հարցում անորոշությունը բացասաբար է ազդում բիզնեսի եւ տնտեսության վրա: Համակարծի՞ք եք:
-Ես չեմ տեսնում անորոշություն, որովհետեւ կա հստակ ժամանակահատված, որտեղ պետք է լինի քննարկում, եւ մենք այդ քննարկումների ժամանակը չենք խախտի: Կքննարկենք եւ կներկայացնենք թեկնածությունը: Բնականաբար, անորոշությունները միշտ ունենում են ազդեցություն, բայց մենք այսօր ունենք գործող վարչապետ, որի աշխատանքից գոհ ենք, տնտեսական բլոկում նա բավական արդյունավետ աշխատանքներ է տանում, եւ ինձ թվում է, որ դա որեւէ խոչընդոտ չի կարող հանդիսանալ: Իսկ ի՞նչ է նշանակում` բիզնեսի վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ: Ծրագիրը նույնն է, թիմը նույնն է, մենք առաջ ենք շարժվելու այս ծրագրով, որեւէ գլոբալ փոփոխություն չի լինելու:
Եթե կա անորոշություն, դա կարճ ժամանակ է, բնականաբար, եթե դուք ուզում եք, որ մեկ տարի հետո ասենք՝ ով պետք է լինի վարչապետ կամ նախագահ, ապա դուք չգիտեք, թե ինչ կլինի մեկ տարվա, մեկ ամսվա կամ մեկ շաբաթվա ընթացքում: Կարող են` ֆորս-մաժորային իրավիճակներ լինեն, եւ այդ պատճառով մենք գործում ենք ճիշտ ժամանակին:
-Բայց վարչապետի խոսքով` «եկեք, սպասենք երկուշաբթիին, որ տեսնենք՝ ինչ է լինում» մոտեցումն, այնուամենայնիվ, ազդում է բիզնեսի եւ տնտեսության վրա:
-Ես չեմ կարծում, որ անձի հետ կապված մենք պետք է մեր տնտեսությունը վարենք կամ ներդրումների ցանցն ուժեղացնենք: Ես դեմ եմ ընդհանրապես եղել անհատի դերակատարության բարձրացմանը: Մենք իրավունք չունենք, Սահմանադրությունն է ենթադրում, որ պետք է ընտրենք հանրապետության նախագահ, այնուհետեւ կարճ ժամանակում ներկայացնենք վարչապետի թեկնածություն: Եթե ժամանակի խախտում կատարենք, սկսենք երկարաձգել, սահմանված ժամկետում ինչ-որ մահանաներ գտնենք, երկարացնենք մեկ շաբաթով, երկու շաբաթով, ապա այդտեղ կարող է այդ անհանգստությունը լինել: Բայց որեւէ ժամկետի խախտում չենք կատարում, շարժվում ենք ըստ կանոնակարգի եւ Սահմանադրության:
-Այդ դեպքում, ինչո՞ւ Կարեն Կարապետյանն իր հարցազրույցում այդպիսի միտք արտահայտեց, առանց հիմնավորմա՞ն է:
-Ես իր այդ հայտարարությունն, անկեղծ ասած, չեմ նայել: Բնականաբար կարող է` ինչ-որ մասսաների մոտ ինչ-որ սպասումներ լինեն: Այսինքն՝ սպասումները կարող են ինչ-որ խանգարող հանգամանք դառնալ: Բայց չեմ կարծում… Ներդրողի համար ավելի կարեւոր է օրենսդրական դաշտը, դրված հիմքերը եւ ապագայի նկատմամբ տեսլականը:
-Վարչապետի խոսքերն արդյո՞ք քննադատություն չէ հենց իշխանություններին: Ստացվում է, որ բիզնեսին եւ տնտեսությանը վնաս հասցնելու հարցում նա մեղադրում է հենց իշխանություններին, ովքեր անորոշ են պահում ապագա վարչապետի թեկնածուի հարցը:
-Ես ծանոթ չեմ իր խոսքերին, կծանոթանամ, կտեսնեմ: Բայց Կարեն Կարապետյանը որեւէ մի անգամ, ինքը եթե մեղադրում է, ապա նա ինքը եւս այս իշխանության մեջ է եւ մեղադրում է նաեւ իրեն: Ես նրա կողմից որեւէ մեղադրանք չեմ լսել:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՊԵՏՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԿՎԱՃԱՌՎԵՆ
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահն էր, ՀՀ պետական պահուստի ոսկիները վաճառեց: ՀՀ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ որոշել է առաջիկա չորս տարիների ընթացքում կամաց-կամաց թանկարժեք մետաղների եւ քարերի պետական գանձարանի պահուստները վաճառել, ինչի արդյունքում պետական բյուջե կմտնի ավելի քան 1,5 միլիարդ դրամ:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հիմնավորման` տարիների ընթացքում այդ արժեքները կորցնում են իրենց արդիականությունը, ապրանքային տեսքը եւ արժեքը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ նախատեսվում է վաճառքի հանել 761 գրամ քաշով ալմաստի քարերը եւ հումքը, որոնց շուկայական արժեքը կազմում է մոտ 210 հազար 500 դրամ, 256 կարատ զմրուխտինը` 3 մլն 443 հազար 700 դրամ: Իսկ ահա 3575 կարատ ադամանդը, ադամանդի հումքը կօտարվի 594 մլն 359 հազար 354 դրամով: Բացի այս, վաճառքի կհանվեն 28 հազար 271 գրամ քաշով արծաթյա 7800 հատ իրեր, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 14 մլն 971 հազար դրամ: Թանկարժեք մետաղների եւ քարերի պետական գանձարանի պահուստներից աճուրդի կհանվեն նաեւ 76 հազար 643 գրամ քաշով 18 հազար 255 հատ ոսկյա իրեր, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 918 մլն 895 հազար դրամը: Պահուստներից կվաճառվեն 4712 հատ արհեստական քարեր, 1177 գրամ արհեստական քարերից շարաններ, որոնց շուկայական արժեքը 48 հազար դրամ է: Աճուրդի հանվելիք պահուստների նվազագույն արժեքը շուկայական գներով կազմում է 1 մլրդ 533 մլն 829 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ պահուստների վաճառքը կմեկնարկի այս տարվա առաջին եռամսյակում:
Թե ինչպես կհաջողվի ֆինանսների նախարարությանը չորս տարիների ընթացքում իրացնել պետական պահուստները, ժամանակը ցույց կտա: Բայց հիշեցնենք, որ նախորդ տարվա ընթացքում այս գերատեսչությանը չհաջողվեց վաճառել աճեցված մարգարիտները: Մարգարիտների օտարման նպատակով կազմակերպված աճուրդները ձախողվեցին, իսկ մարգարիտներն այդպես էլ գնորդներ չգտան: Դարձյալ պատճառաբանվեց, թե պետական պահուստում առկա ավելի քան 102 կիլոգրամ մարգարիտների տեսքի եւ արժեքի կորստի պատճառով դրանք չվաճառվեցին:
Հիշեցնենք, որ դեռեւս 2004 թվականին, երբ ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց պետական պահուստների ոսկու պաշարը, մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ ոսկու գները շատ բարձր են, իսկ ինքը հաջող գործարք է կատարել: Սակայն Հայաստանի ոսկու պահուստների վաճառքից հետո միջազգային շուկայում ոսկու գինը շեշտակի բարձրացավ, իսկ մեր պետությունն արդեն ոսկի չուներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆ ԷԼ Է ՄԵՂԱՎՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՉԸՆՏՐԵԻՔ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ, որն անդրադարձել է տիրող թանկացումներին:

-Տիկի՛ն Կյուրեղյան, հունվարի 1-ից համատարած թանկացումներ են գրանցվել, որը հնարավոր է հանգեցնի սոցիալական բունտի: Դուք նման հիմքեր տեսնո՞ւմ եք:
-Հանրային լսումների, քննարկումների արդյունքում հանրությունը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները միգուցե կբերեն հիմնավորումները` արդարացնելու թանկացումներն ու լուծումները դրանք մեղմացնելու: Էդ ընթացքում, իհարկե, սոցիալական բունտը ո՛չ ցանկալի, ո՛չ էլ կարելի տարբերակ է, բայց ամեն դեպքում, եթե խնդիրներ առաջացել են, պետք է անպայմանորեն փնտրել լուծումներ, իսկ դրանց համար պետք է իրապես հանրային լսումներով բոլոր շահագրգիռ կողմերի մոտեցումները քննարկել եւ բերել հստակ լուծումների:
-Ընդդիմադիր «Ելք» դաշինքը ընտրել է բողոքի ակցիայի տարբարկը ու կոչ է անում բոլորին միանալ իրենց:
-Ամեն դեպքում դա հարցի լուծման չի կարող բերել: Լուծում ստանալու համար պետք է բազմակողմանիորեն քննարկում կազմակերպվի, եւ տարբեր մոտեցումների արդյունքում հստակ մեխանիզմներ մշակվեն: Միգուցե երթ կազմակերպելը մեխանիզմներից մեկն է, բայց վերջնական լուծում, համոզված եմ, որ չի ստացվի: Իսկ վերջնական լուծումը թղթի վրա, փաստացիորեն մեխանիզմների ձեւակերպումներ ստանալն է, որը քննարկումների արդյուքը կարող է լինել:
-Բայց ի՞նչ եք կարծում, ժողովուրդը կկանգնի՞ «Ելք»-ի կողքին եւ փողոց դուրս կգա՞:
-Դա թողնենք այդ օրվան, ժողովուրդը կասի: Կգա այդ օրը, եւ կտեսնենք` ժողովուրդը կկանգի՞, թե՞ ոչ:
-Ամեն դեպքում, Դուք` որպես քաղաքացի, որպես պատգամավոր, այդ թանկացումները Ձեզ վրա զգո՞ւմ եք, ինչպե՞ս պետք է այդ հարցը լուծվի:
-Իհարկե: Որեւէ քաղաքացի չի կարող չզգալ: Մեկը` մի քիչ շատ, մեկը` մի քիչ քիչ, իրապես դա զգացնել տվող եւ անցանկալի երեւույթ է: Պետք է հնարավորինս բոլոր տարբերակները քննարկել` իրավիճակը շտկելու, բարդությունները հնարավորինս մեղմացնելու համար:
-Որպես կոալիցիոն գործընկեր` Ձեր պատասխանատվութունը զգո՞ւմ եք ստեղծված իրավիճակի համար:
-Յուրաքանչյուր քաղաքացի ինքը պատասխանատվություն պետք է զգա այս իրավիճակի համար: Որովհետեւ այս իրավիճակը յուրաքանչյուր քաղաքացու ընտրության արդյունքում է ձեւավորվել: Ասել, որ քաղաքացին պատասխանատու չէ այս իրավիճակի համար, այնքան էլ կողմ չեմ: Շատ փոքր մասով` ամեն մեկը իր ընտրական ձայնով, արդեն պատասխանատվություն է կրում այս իրավիճակի համար:
-Ընտրական ձայն ասելով ի՞նչ նկատի ունեք: Այսինքն` չպե՞տք է ընտրեին Հանրապետական կուսակցությանը:
-Ոչ թե չպետք է ընտրեին, այլ պետք է ընտրեին այն կուսակցությանը, որի գործունեությանը նրանք կողմնակից էին, եւ ընտրելուց ուղիղ 1-2 օր հետո սկսել քննադատել այդ կուսակցության քաղաքական գործունեությունը… Քաղաքացին ինքը, ի վերջո, զգա, որ ինքը իր ձայնը, ընտրությունը կատարելուց առաջ մտածելու գործ ունի: Մտածել եւ իր ընտրության դեմ չբողոքել:

Զրուցեց ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ




Լրահոս