Վանաձորի քաղաքապետարանը 40 մլն դրամի պարտք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր համայնքի` 2017 թվականի բյուջեի եկամուտները 2016 թվականի համեմատ նվազել են մոտ 113 մլն դրամով: Ըստ Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի` այդ նվազումը պայմանավորված է պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիայի նվազեցմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ անցած տարի Վանաձորի քաղաքապետարանի ստացած պաշտոնական դրամաշնորհները եւս 2016 թվականի համեմատ մոտ 192.5 մլն դրամի չափով քիչ են կազմել. նախատեսված 1 մլրդ 592 մլն 524 հազար դրամի դիմաց հատկացվել է 1 մլրդ 368 մլն 168 հազար դրամի դրամաշնորհ: Նվազել են նաեւ ծախսերը` 168 մլն 200 հազար դրամով: Վանաձոր համայնքի` 2017 թվականի բյուջեն ծախսերի գծով կատարվել է 90.3 տոկոսով. նախատեսված 2 մլրդ 433 մլն 353 հազար դրամի դիմաց կատարողականը կազմել է 2 մլրդ 198 մլն 135 հազ 6 հարյուր դրամ:

Բացի այս` «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վանաձորի քաղաքապետարանը ունի նաեւ աշխատավարձի կուտակած պարտք: Խոսքը մոտ 40 մլն դրամի մասին է: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խոսքերով` աշխատավարձերի խնդիրը լուծվելու է համայնքի սեփական միջոցների հաշվին: Քաղաքապետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հույս հայտնեց, որ նախատեսվում է երրորդ եռամսյակում պարտքերն ամբողջությամբ մարել եւ տարին փակել առանց պարտքերի: «Այդ պարտքերը նախորդ ժամանակաշրջանից են գալիս:

Մի մասը փակել ենք, մնացել է մի եռամսյակի պարտք: Առաջիկայում դա էլ կմարենք, կվերջացնենք: Քաղաքապետարանի եւ մեր ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերի պարտքերն են: Դա պարտք չէ, բյուջեի դիֆիցիտն է: Ուղղակի մենք 2016 թվականի բյուջեով ենք աշխատել, ծախսերը մենք կատարել ենք 2016 թվականի բյուջեով, մինչեւ բյուջե ընդունելը: Դա բյուջեի դեֆիցիտ է, մենք որպես այդպիսին պարտք չունենք»,- պարզաբանեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս