Գագիկ Խաչատրյանը պարտք է կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը առաջիկայում պատրաստվում է որոշման նախագիծ ներկայացնել կառավարությանը, որով առաջարկում է երկարաձգել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի պարտքերի մարման ժամկետը:

Բանն այն է, որ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն գյուղացիներին ազոտական եւ կալիումական պարարտանյութեր տրամադրելու նպատակով դեռեւս 2016 թվականին պետական բյուեջից վերցրել էր 3 մլրդ 840 մլն դրամի բյուջետային վարկ: Ընկերությունն այն պետք է մարեր դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 20-ին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը չի կարողացել ամբողջությամբ վճարել պարտքը: Այլ 3 մլրդ 840 մլն դրամից մարել է միայն 3 մլրդ 443 մլն 317 հազար դրամը, այն էլ 8 օր ուշացումով: Իսկ պարտք մնացել է` մոտ 397 մլն դրամ գումար: Եւ գյուղատնտեսության նախարարությունը ընկերության պարտքի վերջնական մարման նպատակով առաջիկայում դիմելու է կառավարություն եւ խնդրելու է այն հետաձգել մինչեւ այս տարվա ապրիլի 10-ը:
Հիշեցնենք, որ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ամեն տարի գյուղացիներին շուկայականից մատչելի գներով ազոտական պարարտանյութեր են հատկացվում, որի արժեքի մի մասը պետությունը սուբսիդավորում է: Իսկ գյուղացիներին պարարտանյութ մատակարարելու «գործը» ամեն տարի իրականացնում է «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն: Ի դեպ, գյուղացիներին պարարտանյութ մատակարարելու լիցենզիան այս ընկերությանը տրվել է առանց մրցույթի:

Հավելենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ընկերությունը կապվում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անվան հետ: Ու ստացվում է, որ նախկին նախարարի ընտանիքին պատկանող բիզնեսը պարտք է ՀՀ կառավարությանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս