ՊՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԸ ՀԵՏ ԵՆ ՀԱՎԱՔԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ համարանիշներով մեքենա վարելը Հայաստանում տարիներ շարունակ եղել է արտոնություն, որից օգտվել են անգամ նախարարության հետ առնչություն չունեցող անձինք: Նախ՝ այդ մեքենաներին ճանապարհային ոստիկանության տեսուչները չեն կանգնեցրել եւ տուգանել, բացի այդ` ՊՆ պետհամարանիշով մեքենաների վարորդները չեն տուգանվել նաեւ տեսախցիկների արձանագրած խախտումների համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ապրիլյան պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՊՆ-ի հետ կապ չունեցող մարդկանցից, այդ թվում պաշտոնաթող բարձրաստիճան սպաներից ետ են վերցրել ՊՆ համարանիշները: Դրանցից ունեցել են գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, եւ այլք:
Հիմա էլ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարար Վիգեն Սարգսյանը հրահանգել է, որ նախարարության համարներով կարող են ազատ երթեւեկել միայն գործող վարչության պետերը, նրանց տեղակալները եւ առանձին բաժնի պետերը: Բացի այդ` նա հրահանգել է արձանագրված խախտումների համար տուգանքների ծանուցագրերն անպայման ուղարկել հասցեատերերին: Փաստորեն, Հայաստանի իշխանություններին մեկ ապրիլյան պատերազմ էր պետք, որպեսզի ուշքի գան եւ գոնե բանակի առումով վերջ դնեն ապօրինություններին, արտոնյալ կարգավիճակին եւ այսպես շարունակ:

 

 

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության առաջին հարկում նախարար Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները սրճարան են աշխատեցնում: Մասնավորապես, ըստ լուրերի` այն պատկանում է նախարար Հարությունյանի որդուն, միայն թե փաստաթղթերով արված է այնպես, որ կապը չերեւա. ձեւակերպված է այլ անձի անունով: Իսկ աշխատակիցը նրա հարսն է: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ շրջանառվող լուրն ապատեղեկատվություն է: «Արդարադատության նախարարության շենքում աշխատակիցների ընդմիջումները կազմակեպելու համար կա համապատասխան տարածք, որը ներկայում չի գործում: Նշված տարածքը շահագործելու նպատակով դիմել են տարբեր կազմակերպություններ. ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպություններից որեւէ մեկի վերաբերյալ դեռեւս որեւէ դրական որոշում չի կայացրել»:

 

 

 

2017թ. պետական բյուջեն թերակատարվել է. իշխանություններին այդպես էլ չհաջողվեց ապահովել նախատեսված ցուցանիշները: Ըստ ՊԵԿ-ի` 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 1 տրիլիոն 156.4 հազար դրամ, ինչը 7.2 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Սակայն նախատեսված էր, որ 2017թ. բյուջեի հարկային եկամուտներն ու պետական տուրքերը ճշգրտված պլանի համաձայն` պետք է կազմեին 1 տրիլիոն 200.7 մլրդ դրամ: Համենայն դեպս, Կ. Կարապետյանի կառավարությունն իր պաշտոնավարման սկզբում էյֆորիայի մեջ էր, եւ 2016թ. դեկտեմբերին որոշել էր ճշգրտումներ մտցնել ու բարձրացնել նշաձողերը` այդպես հարկային եկամուտները 1 տրիլիոն 135 մլրդ դրամից դարձնելով 1 տրիլիոն 200.7 մլրդ: Ու, փաստորեն, նախորդ տարի կառավարությունը չկարողացավ ապահովել իր իսկ սահմանած ցուցանիշը:

 

 

 

Անցած տարվա ամռանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություն իրականացնող անձանց եւ, ընդհանրապես, անհատ տաքսու վարորդներին լիցենզիա տրամադրելուց հետո էլ վերահսկողության տակ պահելու մասին, այդպես էլ մնացել է անկատար: Հիշեցնենք` Կարեն Կարապետյանը ոլորտն այսպես էր նկարագրել. «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն»: Թեեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից պնդում են՝ տրանսպորտային պետական տեսչության աշխատակիցների կողմից ամենօրյա վերահսկողություն իրականացվում է, անգամ մի քանիսը վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ օրենքով սահմանված պահանջներին չբավարարելու համար, սակայն իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Տրանսպորտային պետական տեսչության պետի տեղակալ Դ. Մելքոնյանն էլ «Ժողովուրդ»-ին ասել է, թե տաքսիների վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում:

 

 

 

ՀԱՄՈԶՈՒՄ ԵՆ
Իշխանություններն այս տարիներին այդպես էլ չսովորեցին հասարակության նկատմամբ ազնիվ գտնվել: Ընդհակառակը, նրանք ամեն քայլափոխի փորձում են խաբել մարդկանց ու դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ցանկալին իրականության տեղ ներկայացնել` սքողելով իրենց ձախողումներն ու բացթողումները:
Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը փորձում էր համոզել, թե Հայաստանում «սարսափելի գնաճ» չկա: Նա նույնիսկ մեջբերեց վիճակագրական ցուցանիշներ` հայտարարելով, թե գնաճը կազմել է 2.6 տոկոսով: Գաբրիելյանը նաեւ պարզաբանեց, թե արձանագրված 2,6% գնաճը վերաբերում է սպառողական զամբյուղին, որն ընդգրկում է լայն սպառման առարկաներ եւ արտացոլում է հասարակության սպառումը: «Անգամ այս պայմաններում, երբ ունենք առանձին ապրանքների գնաճ, որը ոչ ցանկալի արդյունք է, միաժամանակ ունենք մի շարք ապրանքների մասով նվազում, որի արդյունքում էլ գրանցվել է 2,6%: Քաղաքականությունը տարվում է ընդհանուր մակրոտնտեսական տրամաբանությամբ»,-հայտարարել է Վաչե Գաբրիելյանը` թվարկելով որոշ ապրանքներ, որոնց գները նվազել են՝ թարմ հավի միս, ձեթ, ալյուր, ոսպ, հնդկաձավար:
Ու, ընդհանրապես, այս օրերին իշխանություններն ամեն քայլափոխի փորձում են մարդկանց համոզել, թե կյանքը գնալով ավելի է լավացել, տնտեսությունն ավելի է աճել ու զարգացել: Բնականաբար, կառավարության անդամները չեն մոռանում իրենց խոսքերին կշիռ տալու համար մեջբերել զանազան վիճակագրական ցուցանիշներ ու տարբեր միջազգային կառույցների կանխատեսումներ: Բայց արի ու տես, որ անկախ նրանց հայտարարություններից, իրականությունը չի փոխվում, եւ քաղաքացին իր առօրյա կյանքում ուրիշ պատկերի է ականատես լինում:
Եւ հետո, դեռ գնաճի ալիքը վերջնականապես չի կարելի համարել ավարտված. դիզվառելիքի եւ սեղմված գազի շուկայում սակագների բարձրացումը, որ հետեւանք էր հարկային նոր օրենսգրքի, դոմինոյի էֆեկտով իր հետեւից հանգեցնելու է գնաճի ծառայությունների ոլորտում: Հիմա, իհարկե, վարչական մեխանիզմներով իշխանությունները զսպում են ծայրահեղ դրսեւորումները, հատկապես տրանսպորտի ոլորտում: Բայց երթուղայինների վարորդներն արդեն բողոքի ցույցեր են անում` պահանջելով կա՛մ բարձրացնել ուղեվարձը, կա՛մ նվազեցնել գծատերերի «պլանը»: Իսկ տաքսի ծառայությունները թվում է՝ ակնհայտ չեն բարձրացրել սակագները, բայց մարդկանց սկսել են խաբել հաշվիչների միջոցով, աննկատ: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է: Եւ հետո հիմնական հարվածը մարդիկ կզգան ապրիլից հետո, երբ արդեն ավարտված լինի նոր Սահմանադրության պարագայում իշխանության ձեւավորումը:




Լրահոս