Քաղաքացիները հասանելիք նպաստը չեն ստանում. մնաց հաջորդ ամիս

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի քաղաքացուց ահազանգ է ստացել այն մասին, որ իրենք դեռ չեն ստացել իրենց նպաստները: Խոսքը «Ընտանեկան», «Փարոս» համակարգի խնամքի համար նախատեսված նպաստների մասին է: Մեզ զանգահարած քաղաքացիներից Էմմա Խնկոյանը հայտնեց, որ իրեն փոստային բաժանմունքից փոխանցել են, թե իր հասանելիք նպաստը չեն կարող տալ:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից հետաքրքրվեց տվյալ քաղաքացու նպաստը ուշացնելու պատճառների մասին: Ի պատասխան` ՍԱՊԾ մամուլի պատասխանատու Տաթեւ Խաչատրյանը փոխանցեց, որ վճարում իրականացնող կազմակերպությունները մինչեւ ամսի 20-ը իրավունք ունեն կատարել վճարումը, որից ռեեստրները փակվում են:

«Գումարը, որը մնացել է վճարում իրականացնող կազմակերպությունում, ինքըստինքյան հետ է վերադառնում, ապա հաջորդ ամսվա հետ միասին ՀՀ քաղաքացին կարող է ստանալ: Խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր նպաստ ստանալու օրերին չեն գնում փոստային բաժանմունք, այլ օրեր հետո են այցելում»,- ասել է նա: